Արգելքները գնալով շատանում են.
Սև վարդը չվաճառվեց անգամ տոն օրերին
ու պահվեց մինչև հատիկ-հատիկ կպոկվեն թևերը,
ցողունը կկորցներ իր շնչառությունը,
ծաղկափոշին կչորանար,
ու քո բույրն անհասանելի կլիներ…
երևի չնդունվածների դրախտ ընկար.
ես քեզ այևս չունեմ…
Լուսինե Եղյան
Նրա գրականությունը թերևս տարբերվում է մնացածից հենց իր խտության ու մուգ գույների պատճառով: Որտե՞ղ են թաքնված նրա իրական հերոսները կամ որքանո՞վ են դրանք իրական, ո՞րն է իսկական ժամանակակից գրողը և նրա գրականությունը ահա այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցեցինք 18-ամյա երիտասարդ գրող՝ Լուսինե Եղյանի հետ:
Ինչպե՞ս սկսեցիր գրել, հիշո՞ւմ ես՝ ո՞րն էր առաջին ստեղծագործությունդ:
Հիմա միայն հիշում եմ, որ ինձ անհրաժեշտ էր ինչ-որ բանով տարվել: Ինձ ընդամենը ինքնարտահայտվելու հնարավորոթյուն էր պետք, որը ինձ տվեց պոեզիան: Առաջին գործս չեմ հիշում, ու հենց նոր հասկացա, որ դրա գոյության մասին ոչ մի հստակ ինֆորմացիա չկա, ինչպես Բալզակն է ասում՝ ես բանաստեղծություններ չեմ գրում, նրանք իմ գործերի, իմ զգացմունքների մեջ են: Երևի իմ առաջին գործն էլ ինչ-որ ապրված զգացմունքի մեջ է, որը ես երբեք չեմ գրի:
Քո ստեղծագործությունների մեջ ինչ–որ ներքին բողոք կա, որտե՞ղից են դրանք բխում:
Երևի ինչ-որ ներքին ագրեսիա կա, որն էլ վերածվում է բողոքի: Ես ինքս էլ չգիտեմ, թե որն է դրա սկզբնաղբյուրը:
Իսկ կա՞ հիմնական ժանր, որից փորձում ես չշեղվել: Քեզ համար սահմաններ կա՞ն:
Հիմա երկու ձեռքով պինդ գրկել եմ պոեզիան ու դեռևս այն չեմ ուզում բաց թողնել: Ես կարծում եմ, որ գրողի ծոցը պետք է ուղարկել բոլոր սահմաները, տաբուները, ձևերն ու չափանիշները: Կարևորը հաղթած բանաստեղծություն է, որը կարող է հանգիստ ճանապարհորդել այս էլիպսաձև մոլորակում:
Ո՞վ կամ ովքե՞ր են ստեղծագործություններիդ հերոսները, որտե՞ղից ես նրանց ընտրում:
Ինձ համար կարևոր է բանաստեղծությունը որպես հանգստացնող հաբ օգտագործել, որը խմելուց հետո մի քիչ կթուլանան վախերս ու կկարողանամ չնկատել ինձ վրա թափվող ստվերները, այդ իսկ պատճառով ես հիմնականում գրում եմ իմ մասին՝ երբեք աչք չփակելով այն ամենի վրա, ինչ կատարվում է շուրջս:
Իսկ հե՞շտ ես ընտելանում հերոսներիդ հետ, քո և «նրա» միջև տարաձայնություններ լինո՞ւմ են:
Նա ուզում է շուրթերից կարդալ բոլորի մտքերը, զգացմուներն ու կարոտները, նա վտանգավոր գիժ է, հաստատ ծալը պակաս է, չունի մեղքի զգացում (Լորենս Ֆերլինգետտի). իսկը իմ հերոսի մասին է ասված: Հիմա ինձ համար կարևոր է նրա առողջությունը. նրա ոչ նորմալ վիճակը մեզ ավելի է մերձեցրել (ասածս կարող եք լիակատար ցնդաբանություն ընկալել):
Արդի հայ գրողներից ո՞ւմ աշխատանքներին ես հետևում: Ստացվո՞ւմ է նրանցից ոգևշնչվել կամ «սովորել»:
Մեկ տարի է, ինչ փորձում եմ հետևել ժամանակակից գրականությանը, հիմա հիմանականում ազդվում եմ հենց ժամանակակից գրողներից
Քո կարծիքով՝ ինչպիսի՞ն պետք է լինի մերօրյա գրականության «ներկայացուցիչը» և ինչպիսի՞ն պետք է լինի նրա պոեզիան, որպեսզի կարդացվի:
Կարևորը սեփական ժամանակը զգալն ու գնահատելն է, լավ ընթերցող լինելն ու սեփական ձեռագիրը գտնելը:
Նույն «Չընդունվածը» բանաստեղծության մեջ քե՞զ ես պատկերել, կցանկանայի խոսեիր սև վարդի մասին:
Սև վարդը իրականում գոյություն է ունեցել, որը չի վաճառվել անգամ տոն օրերին: Երբեմն մարդիկ իրենց հիմար պատկերացմուների պատճառով ոչնչացնում են առանձին տեսակներ ու ամենասարսափելին՝ դրա մահվանը ականատես լինել է:
Նրանք ամեն ինչ գիտեն. քո ընդգծված մերկությունը մի օր պատճառ կդառնա, որ բոլորը խղճան քեզ, ներսումդ արմատավորված մոխրաման կա, որտեղ ցավը շերտ–շերտ պահպանում է իր գոյությունը ու մի օր էլ անձրևանոց կպահանջվի աչքերիդ համար…
Մի՞շտ ես մուգ գույների մեջ ստեղծագործում:
Երևի բանաստեղծությունը ցավի ամենալավ բնութագրիչ մեծությունն է: Ես ստեղծագործում եմ, որովհետև ուզում եմ ձերբազատվել այն ներքին ողբերգությունից, որը կա իմ ու երևի բոլորի ներսում, հիմա ես դրանք չեմ կարողանում լուսավոր կետերով ներկայացնել, հուսամ մի օր կստացվի:
Իսկ ինչո՞վ է տարբերվում քո պոեզիան, ի՞նչ ես կարծում՝ հասցրե՞լ ես սեփական ձեռագիր ձեռք բերել:
Ես իմ պոեզիայից այդքան էլ լավ տեղյակ չեմ, բայց մտածում եմ, որ քայլում եմ սեփական ձեռագիրը գտնելու ճանապարհով:
Օվսաննա Սիմոնյան