Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, այսօր բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին:
«Մեծարգո Նախագահ.
Համոզված եմ` Ձեզ հայտնի է մեր ընտանիքը` Գորիս քաղաքում, Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում քչերն են, որ տեղյակ չեն մեր ընտանիքի մասին: Չեմ ցանկանում թվարկել բոլոր այն գործերը, որոնց հաշվին մենք ճանաչվել ենք: 01.06.2013 թվականին զոհված իմ որդին` Ավետիքը ամենուրեք հարգանք էր վայելում, մյուս որդիս` Արտակը աչքի է ընկել դեռևս ղարաբաղյան պատերազմի ժամանակներից և ներկայումս հանդիսանում է ամենաօրինակելի և խոշոր զորամասերից մեկի հրամանատար: Իմ մասին Դուք` լինելով սյունեցի և պատերազմի մասնակից, հավանաբար, նույնպես գիտեք` պատերազմական տարիներին ես հանդիսացել Գորիսի պաշտպանական խորհրդի անդամ, որն անձամբ եմ ստեղծել:
Հանրահայտ է նաև Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը` ոչ միայն Գորիսում, Սյունիքում ու Ղարաբաղում, այլ` ողջ Հայաստանով մեկ: Սակայն, ի տարբերություն մեզ, այդ ընտանիքը հայտնի է հիմնականում թմրամոլությամբ զբաղվող, բազմաթիվ անառակաբարո արարքներ, վայրագություններ կատարած մի շարք անդամների շնորհիվ: Նաև` հենց Սուրիկ Խաչատրյանի (ով ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Լիցկյա» մականունով) բազմաթիվ «քաջագործությունների» շնորհիվ, որոնց զգալի մասը նա կատարել է` լինելով Սյունիքի մարզպետ, դրանով իսկ վարկաբեկելով ինչպես իր զբաղեցրած պաշտոնը, այնպես էլ` իր հայրենիքը: Այդ «քաջագործություններից» բավարար է հիշատակել թեկուզ միայն բազմության ներկայությամբ մի կնոջ վրա հարձակվելն ու ոտքով հարվածելը` «քացի տալը», որի համար նա, ինչպես և իր մյուս բոլոր չարագործությունների համար, պատասխանատվություն չկրեց:
Տարիներ շարունակ մենք, բնակվելով Գորիս քաղաքում, ձգտել ենք նվազագույնի հասցնել այդ ընտանիքի ամդամների հետ մեր շփումները: Դժբախտաբար, հնարավոր չեղավ լիովին խուսափել նրանցից և 01.06.2013 թվականին Սուրիկ Խաչատրյանը, ոգելից խմիչքներ օգտագործած լինելով, նենգաբար համոզել է որդուս` Ավետիքին նստել իր ավտոմեքենան ու հենց ավտոմեքենայի մեջ Ս.Խաչատրյանն ու նրա թիկնապահը կոպտորեն վիրավորել, հարվածել են Ավետիքին, իսկ այնուհետև` իջեցրել ճանապարհին:
Նույն օրը երեկոյան Ս.Խաչատրյանը, իր որդիներն ու թիկնապահները սպանել են Ավետիքին և ծանր վիրավորել մյուս որդուս` Արտակին:
Այս ոճրագործությունը ցնցեց ողջ հանրությանը, բոլորը համոզված էին, որ այս անգամ «Լիցկյան» անպատիժ չի մնա: Այդ համոզմունքը փոխանցվեց նաև ինձ և ես ապավինեցի արդարադատությանը, կարծելով, որ նույնիսկ «Լիցկյան» իր հովանավորների հետ միասին չի կարող կոծկել այս ոճրագործությունն ու անպատիժ մնալ:
Սակայն դեպքից մի քանի օր անց ՀՀ զինվորական դատախազը և Սյունիքի մարզպետարանը (համզոված եմ` փոխհամաձայնեցված կերպով) հրապարակային հայտարարություններով հանդես եկան, որոնցում դեպքը ներկայացրեցին գլխիվայր շուռ տված: Ու նրանց հայտարարությունների հետ զուգահեռաբար (համոզված եմ` նույն անձանց կողմից ուղղորդված) համացանցում հայտվեց մոնտաժված և կեղծված մի տեսանյութ, որը այնպես հմուտ էր կեղծված, որ տպավորություն էր ստեղծում, թե գալով դեպքի վայր, հարձակվել են իր տղաները, թե իբր` առաջինը կրակել է Արտակը (այն դեպքում, երբ գործով հիմնավորվել է, որ նա առհասարակ չի կրակել), իսկ Տիգրան Խաչատրյանի (ով իրականում առաջինն էր կրակել) կրակոցները առհասարակ չեն երևում: Զուգահեռաբար լուրեր էին տարածվում (հնարավոր է` այդ լուրերը հասած լինեն նաև Ձեզ), թե իբր Արտակը եղել է ոգելից խմիչքների ազդեցության տակ:
Այս ամենը կատարվում է մի պարզ նպատակով` հասարակության և իշխանությունների մոտ դեպքի հանգամանքնեը կեղծված ձևով ներկայացնելով հող նախապատրաստել` ՙԼիցկյայականներին՚ օգնելու համար:
Արդյունքում, Սուրիկ Խաչատրյանը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել, այլ դրա փոխարեն այսօր հող է նախապատրաստվում նրա որդուն` Տիգրան Խաչատրյանին, ով բազմաթիվ կրակոցներ է արձակել որդիներիս վրա, օգնելու համար:
Այստեղ-այնտեղ, բազմաթիվ պաշտոնյաների (հնարավոր է նաև` Ձեր) մոտ լուրեր են տարածում, թե իբր Արտակի արյան մեջ ալկոհոլի բարձր պարունակություն է հայտնաբերված եղել, խոսվում է 4 մգր/լ պարունակության մասին, այն դեպքում, երբ հայտնաբերվել է 1 մգր/լ պարունակություն, ընդ որում` այդ պարունակությունը ոչ մի կապ չունի դեպքի հետ, քանի որ արյան նմուշը վերցվել է դեպքից 6 օր անց: Զուգահեռաբար լռում են Տիգրան Խաչատրյանի մազերի և մեզի մեջ թմրամիջոցների առկայության մասին, ինչը միանշանակ վկայում է, որ նա դեպքի ժամանակ եղել է թմրամիջոցների ազդեցության տակ:
Վերջին օրերին տեղեկություններ են գցել շրջանառության մեջ, թե իբր` Արտակը հրաժարվում է ցուցմունք տալուց, առերեսումների մասնակցելուց, այնինչ իրականությունը տրամագծորեն հակառակն է: Նույնիսկ այն հանգանանքը, որ Արտակը` դեռևս չապաքինված, իր զորամասի հրամանատարությունն է իրականացնում, օգտագործում են նրա դեմ, ասելով, թե իբր եթե իրականում առողջական խնդիրներ ունենար` չեր գնա զորամաս ու չէր իրականացնի իր պարտականությունները: Արի ու բացատրի այս` բանակից անտեղյակ «զինվորականներին», թե ինչպես է իսկական հրամանատարը մի կողմ թողնում իր առողջական ու մնացած խնդիրները, եթե ծառայողական անհրաժեշտություն է առաջանում:
Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ առաջադրելու փոխարեն մեղադրանք են առաջադրել որդուս` Արտակին, ընդ որում, այդ մեղադրանքը հորինված է զուտ այն բանի համար, որպեսզի ինչ-որ հավասարակշռության պատրանք ստեղծվի «Լիցկյայականների» ու իմ որդիների գործողությունների միջև:
Տեսնելով, որ գոյություն ունեցող մեղադրանքը անհեթեթություն է, այժմ նոր, ավելի ծանր մեղադրանք են մոգոնում, որպեսզի մեզ ստիպեն հաշտվել այն մտքի հետ, որ պետք է օգնեն Սուրիկ Խաչատրյանի կողմին: Այդ կեղտոտ սցենարի մասին վաղուց արդեն մեզ զգուշացրել էին, քանի որ պարզվում է` այդպիսի «հնարքներ»զինդատախազությունը բազմիցս է կիրառել, երբ ցանկացել է հովանավորել կողմերից մեկին: Ինձ դա թվում էր անհավանական, մինչև որ ինքս չբախվեցի այդ կեղտոտ իրականության հետ»:
Այժմ էլ քննչական մարմնի ու դատախազության բոլոր հաղորդագրությունները վերաբերվում են Արտակ Բուդաղյանին, կարծես թե այս գործով ամենագլխավոր դերակատարը նա լինի: Միաժամանակ ամեն ինչ անում են` իրական մեղավորներին մոռացության ենթարկելու, Լիցկյային տեսադաշտից հանելու համար:
Մինչդեռ ես միշտ հիմնավոր կերպով պնդել եմ, որ Լիցկյան պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Ձեզ երևի զեկուցած լինել, թե Սուրիկ Խաչատրյանը չի կրակել իմ որդիների վրա: Ես կապացուցեմ հակառակը, եթե քննությունը օբյեկտիվ ընթանա:
Սակայն, այս պահին մի կողմ թողնելով այն հարցը, թե կրակել է արդյոք Սուրիկ Խաչատրյանը կամ ոչ, նշեմ, որ քրեական գործում հենց այս պահին առկա են բավարար ապացույցներ, որոնցով անմիջապես Սուրիկ Խաչատրյանին պետք է մեղադրանք առաջադրվեր քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով: Այսպես. քրեական գործով հաստատվել է, որ Տիգրան Խաչատրյանը իմ որդիներին կրակել է Սուրիկ Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից: Այդ դեպքում, ինչու՞ Սուրի Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով,քրեական գործով հաստատվել է, որ Սուրիկ Խաչատրյանի տանից առգրավվել է «PIETRO BERETTA» դրոշմվածքով ինքնաշեն ատրճանակ: Այդ դեպքում, ինչու՞ Սուրիկ Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով:
Իմ ամբողջ կյանքում ոչ ես և ոչ էլ որդիներս չէինք առնչվել քննչական մարմինների և դատախազության հետ և հիմա ինձ համար կրկնակի ցնցում է տեսնել, թե ի՞նչ անընդունելի մեթոդներով են այդ մարմիններն աշխատում: Իմ որդիների արյունը նրանք դարձրել են սակարկության առարկա, փորձելով մեզ ճնշելու, իմ տղային վարկաբեկելու և կեղծ մեղադրանքներ ներկայացնելու միջոցով պահանջատիրոջից ինձ դարձնել պաշտպանվող: Որքանով ես կարողացա համոզվել այս գրեթե երեք ամիսների ընթացքում, իրավապահ մարմիններում ոչինչի հնարավոր չէ հասնել, եթե դիմացինդ ազդեցիկ շրջապատ և ընկերներ ունի: Ես չեմ մոռացել, թե ինչպես էր Սուրիկ Խաչատրյանը դեպքից մոտ մեկ ամիս անց հրապարակայնորեն գովում իր ընկերներին, ովքեր այդ դեպքի հետ կապված հովանավորել էին իրեն:
Ես կորցրել եմ իմ որդուն և նրան այլևս հնարավոր չէ վերադարձնել: Սակայն ես դեռ լրիվ չեմ կորցրել իմ հավատն առ այն, որ օրինական ճանապարհով կարող եմ հասնել արդարությանը: Այդ պատճառով դիմում եմ Ձեզ, խնդրելով այս գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության ներքո: Խնդրում եմ` թույլ մի տվեք, որ վերջնականապես կորի արդար ճանապարհով այս գործի լուծման վերաբերյալ իմ հավատը»: