Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների համար «Շենգավիթ-1» վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցներին առաջադրված մեղադրանքը և դատապարտել:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` «Շենգավիթ-1» տարածքային բաժանմունքի պատասխանատու Ա. Գրիգորյանը, օժտված լինելով բաժանմունքի տեսուչ-վճարողների միջոցով կենսաթոշակների վճարման գործընթացը կազմակերպելու եւ ղեկավարելու լիազորություններով, պետությունից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Մաճկալյանի, Ա. Եղիազարյանի, Ս. Հարությունյանի, Կ. Պողոսյանի, Կ. Պետրոսյանի եւ Ա. Նիկողոսյանի հետ եւ 2006-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:
Ըստ դատավճռի` Ա. Գրիգորյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչները պարզել են հանրապետությունից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները եւ 2006-2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակների գումարները` Ա. Գրիգորյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
Վերոհիշյալ 7 անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 11 466 701 դրամի վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4 153 740 դրամ, իսկ դատաքննության ընթացքում՝ 4.528.750 դրամ:
Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներ Ա.Գրիգորյանը, Է.Մաճկալյանը, Ա.Եղիազարյանը, Կ.Պողոսյանը, Ս.Հարությունյանը, Ա.Նիկողոսյանը և Կ.Պետրոսյանն իրենց մեղավոր են ճանաչել:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 06.08.2013թ. դատավճռով Ա. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատզրկման՝ 4 տարի 9 ամիս ժամկետով,
Ա. Եղիազարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով,
Ս. Հարությունյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով,
Կ.Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը և պատժաչափի չկրած մասը կրճատվել մեկ քառորդով։
Է. Մաճկալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: Բայցեւ նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը եւ ազատվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց:
Կ. Պողոսյանը , Ա.Նիկողոսյանը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով։
Ա.Եղիազարյանի, Ա.Նիկողոսյանի, Կ.Պողոսյանի և Ս.Հարությունյանի նկատմամբ դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը և նրանց ազատել ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։
ՀՀ դատախազություն