Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականը դատապարտում է Կոմիտաս 5-ի բռնությունները

Օգոստոս 26,2013 17:22

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբան տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը իր ֆեյսբուքյան էջում  գրել է.

«Վերջերս, երբ մտերմիկ զրույցի ժամանակ մեր նախկին բարձրաստիճան ոստիկաններից մեկն իր մտահոգությունն արտահայտեց, թե՝ «Հա՛յր Սուրբ, պատկերացնո՞ւմ եք, ծեծող ոստիկան չի մնացել», իմ մեջ թաքուն ուրախություն առաջացավ, որ մեր ոստիկանական համակարգում բարեփոխումներն իրական են և ոչ թե ցուցադրական: Սակայն, Կոմիտաս 5-ի իրադարձութունները, հատկապես որոշ ոստիկանների կողմից կանանց նկատմամբ կիրառված բռնությունները, ևս մեկ անգամ փաստեցին, որ միայն վերևների խիստ կարգադրությամբ բռնությանը սովոր ոստիկանը չի վերափոխվում: Իրական վերափոխումը տեղի է ունենում հոգու և գիտակցության մեջ: Այո՛, ոստիկանը կոչված է հասարակական կարգը պահպանելու, բայց ոչ բռնությամբ, այլ միայն ու միայն մասնագիտական պրոֆեսիոնալիզմի, անաչառության և մարդասիրության հիմունքներով, մանավանդ՝ երբ դիմացդ հայրենակիցդ է կանգնած: Բռնությանը բռնությամբ չեն պատասխանում. սա ավելի քան վերաբերում է օրենքի պահապաններին, իսկ քրիստոնյաներիս Պողոս առաքյալը հորդորում է. “Որևէ մեկի չարիքին չարիքով մի՛ հատուցեք: Ջանացե՛ք անել այն, ինչ բարի է բոլոր մարդկանց աչքին… Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին” (Հռոմ. 12:17, 21): Առաքյալը պաշտոնյաների ու պետական ծառայողների համար բացառություն չի նշում»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, ինչո՞ւ որոշեց բարձրաձայնել այդ մասին:

«Սա վերջին կաթիլն էր, որ լցվեց: Ինձ հատկապես զայրացրեց կնոջ նկատմամբ կատարված բռնությունը, չի կարելի այդպես…»,-ասաց հայր Ռուբենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանուշ Խառատյան says:

    Աստված Ձեզ երկար կյանք տա, հայր սուրբ, մի փոքր մաքրեք մեր եկեղեցու գունատվող դեմքը: Ափսոս է, ախր, 1700 տարի տարի ողջ ժողովրդով հենարան ենք եղել եկեղեցուն /ցավոք՝ խոսվում է միայն եկեղեցու նվիրումի մասին/, զոհվել են մեր նախնիները հանուն եկեղեցու, ոչ միայն հանուն հավատի, այլ՝ հանուն եկեղեցու ինստիտուտի, որքա՜ն հոգևորականներ իրենց կյանքն ու միտքն են ներդրել՝ արարելու, ծաղկելու, շարադրելու, քննելու, հասկանալու, հավաքելու, արտագրելու, պահելու, փոխանցելու, սովորեցնելու…Որքան բանավիճելու, հռետորաբանելու արվեստ, որքան համառություն, որքա՜ն հույզեր, որքան ակնկալիքներ, որքան նվիրում, որքան սեր, որքան հավատ, որքան խռովք… այս ամենը մեզ են հասցրել… և այդ վաստակը գնահատվել է: Ափսոս է դրանց տեր չկանգնելը, ափսոս է դասեր չքաղելը, ափսոս է ներփակվելը, ափսոս է օտարանալը… Աստված Ձեզ երկար կյանք տա, հայր սուրբ, որ խախտեցիք մեր հոգևոր հայրերի քար լռությունն ու անտարբեր /առնվազն՝ անտարբեր թվացող/ դիտորդի կարգավիճակը

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031