Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանին դատարան կանչելու միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ)

Օգոստոս 26,2013 17:15

850Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարությանը ներկա Սարգիս Գեւորգյանը ընթերցեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` դեպքից հետո տված ասուլիսի վերծանությունը, փոխանցեց այն դատարանին, փաստաբանն էլ միջնորդեց այն կցել քրեական գործին:

Դատավոր Եվա Դարբինյանի` ի՞նչ անենք այս փաստաթուղթը, հարցին, կցե՞նք այն քրեական գործին, Առաքելյանը պատասխանեց. «Ուզում եք կցել, ուզում եք վառեք, ուզում եք ծալեք, ինչ ուզում եք արեք, մենակ նենց արեք, որ Ալիկ Սարգսյանը գա դատարան»:

Դատարանը որոշեց ներկայացված փաստաթուղթը կցել գործին:

Դատավորներից մեկը նշեց, որ տվյալ փաստաթուղթը չվիճարկվող ապացույցի դեր է խաղալու, ինչից հետո Տիգրան Առաքելյանը հարցրեց՝ այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ Ալիկ Սարգսյանը չի վկայակոչվելու դատարան` դատավորը պատասխանեց`«Այդ հարցը դեռ քննարկվելու է»:

Սարգիս Գեւորգյանը նշեց, որ Ալիկ Սարգսյանին վկայակոչելն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ նա այդ ասուլիսով ապացուցել է, որ ազդեցություն ունի նախաքննական մարմնի վրա. «Ինձ թվում է՝ նա պետք է տա բոլոր հարցերի պատասխանները եւ ասի, թե ինչու է բոլոր ոստիկանների անունից խոսում, պատմում նրանց պատմածը, հայտարարում է, թե հանդիպել է նրանց հետ, այնինչ այդ ոստիկանները նաեւ այս դահլիճում հայտարարել են, որ երբեւէ չեն հանդիպել Ալիկ Սարգսյանին այդ դեպքի հետ կապված»:

Փաստաբանը եւս գտավ, որ Ալիկ Սարգսյանին վկայակոչելը անհրաժեշտություն է՝ հակառակ դեպքում ներկայացված փաստաթուղթն աննպատակ կլինի, առանց նրանում նշված ապացույցները հետազոտելու. «Ալիկ Սարգսյանն առավել կարեւոր է, քանի որ հենց նրա կողմից է նշվում, որ հանդիպել, զրուցել է ոստիկանության իր ենթակա աշխատակիցների հետ…»:

Բոլոր ամբաստանյալները պնդեցին, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներկայանա դատարան:

Դատախազն էլ վկայակոչելով օրենքը՝ ասաց, որ պաշտպանական կողմից այնպիսի հանգամանք չներկայացվեց, ըստ որի Ալիկ Սարգսյանը պետք է հրավիրվի դատարան, հետեւաբար միջնորդությունը պետք է մերժվի:

Դատարանը որոշեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հարցաքննելու մասին միջնորդությունը մերժել, պատճառաբանելով, որ նա դեպքի վայրում չի եղել եւ հետեւաբար դեպքի հետ կապված մանրամասների չի տիրապետում:

Նիստը հետաձգվեց, հաջորդը կկայանա սեպտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031