Aravot.am-ի հետ զրույցում խոսելով բուհերի վարձավճարների բարձրացման մասին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանն ասաց, որ սպասում են կառավարության նախապատրաստած երկու օրենսդրական նախաձեռնություններին, եւ երբ դրանք ձեռքի տակ կլինեն, կքննարկվեն նաեւ ուսման վարձավճարների առավելագույն շեմի, զեղչերի տրամադրման մեխանիզմների հարցերը:
«Եվ երիտասարդներն էին դիմել, եւ գործընկերներս, որ ուսման վճարների բարձրացման հետ կապված հրավիրենք խորհրդարանական լսումներ: Բայց որպեսզի լսումներ անենք՝ նախեւառաջ պետք է հանձնաժողովի նիստ լինի: Իսկ հանձնաժողովի նիստ չենք կարող հրավիրել, քանի դեռ ձեռնունայն ենք: Քանի որ երկու օրենսդրական նախաձեռնություններն իրականում անմիջականորեն կապված են քննարկման ենթակա հարցի հետ, սպասում ենք, որ դրանք բերվեն, որպեսզի նիստին հրավիրենք նաեւ բուհերի ռեկտորներին ու միանգամից ոչ միայն քննարկենք հայտնի որոշումը, այլ այդ որոշումների կամ օրենքի համատեքստում քննարկենք հարցը: Առայժմ այդ փաստաթուղթը չունեմ, այն պետք է առաջիկա հինգշաբթի օրն անցնի կառավարության նիստով: ԿԳ նախարարը խոստացել է, որ դա շատ արագ ԱԺ կհասցնի»,-պարզաբանեց հանձնաժողովի նախագահը:
Մեր հարցին՝ մի՞թե նման որոշում կայացնելը նպատակահարմար էր, պարոն Դավթյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Երբ էլ որոշում կայացվի վերին շեմի սահմանման հետ կապված կամ օրենսդրորեն կարգավորվեն զեղչերի տրամադրման պայմանները, հարմար է եւ ժամանակ չի ճանաչում»:
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում ակտիվիստների դասադուլի եւ այլ քայլերի հետ կապված հայտարարություններին:
Կարդացեք նաև
«Դե հիմա հայտարարություն է, արվում է, չնայած, ցանկացած բան, որ ասվում է, ճիշտ կլինի, որ ծայրահեղականությունից զերծ մնալ, ինչը հաճախ չի հաջողվում: Ինչքան էլ փորձում ես, որ հավասարակշռված լինել, գործել տրամաբանված եւ սառը դատողությունների շրջանակներում, լինում են պահեր, որ չի ստացվում: Իհարկե, ուսանողների իրավունքն է դասադուլի կամ այլ քայլի միջոցով անհամաձայնություն հայտնելը: Կարծում եմ, որ ժամանակը ամեն ինչ դնելու է իր տեղը, եւ ընդհանրապես ճշմարտությունը ծայրակետերում չի լինում, ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է: Մենք կփորձենք այն վերհանել»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարցրեցինք, թե ինչպես է վերաբերվում որոշ կուսակցությունների կողմից հարցի քաղաքականացնելուն: «Կարծում եմ՝ տվյալ դեպքում քաղաքացու կրթության իրավունքը շատ ավելի բարձր է կուսակցական եւ մյուս շահերից»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ