Այսօր Գյումրու թիվ 21 -րդ դպրոցում տեղի ունեցավ դպրոցի տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին տեղի պաշտոնյաներից բացի մասնակցում էին նաև Կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն ու Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Նախքան Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի ելույթը, մեր ձեռքի տակ հայտնվեց հետևյալ վիճակագրությամբ մի փաստաթուղթ, որտեղ նշված է. «2012-2013 ուստարում մարզի դպրոցականների թիվը 31 934 է, որից մարզային ենթակայության դպրոցների դպրոցականների թիվը` 25 967 է: 2012-2013 ուստարում 1-ին դասարանցիների թիվը` 2849 է, իսկ այժմ առաջին դասարանցիների նախնական թիվը` 3019 է»:
Քանի որ Շիրակի մարզի բնակիչները, հատկապես գյումրեցիները գրեթե ամեն օր ականատես են լինում, թե ինչպես են համաքաղաքացիները գերբեռնված ավտոբուսներով դեպի Ռուսաստան կամ Թուրքիա մեկնում, այս թիվը կասկածելի է թվում:
Նշենք, որ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանն էլ իր ելույթում առաջին դասարանցիների թվի կապակցությամբ կասկածանքով ասաց. «Չեմ կարծում, թե կունենանք շուրջ 150 երեխաների աճ, սակայն Աստված տա՝ վիճակագրությունը ճիշտ դուրս գա»:
Կարդացեք նաև
Այս պաշտոնյան, որը նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, մի զարմանալի հայտարարություն ևս արեց` ասելով, որ վերջին 4 տարիների ընթացքում աշակերտների թվի տարբերություն չկա, արտագաղթին զուգահեռ ունենք նաև վերադարձ դեպի հայրենիք: Սա իսկապես զարմացրեց տեղում նստած լրագրողներին: Մինչդեռ մեզ հետ զրույցում դպրոցի տնօրենները դժգոհում էին, որ աշակերտների դեֆիցիտ կա դպրոցներում, արտագաղթը կործանման է տանում հայրենիքը:
Օրինակ` Գյումրու կենտրոնում գտնվող թիվ 30 դպրոցի տնօրեն Կարեն Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին դասարանցիների քանակը քիչ է, քանի որ բնակչության թիվն է պակասում, արտագաղթն է մեծ: Իրենց դպրոցի դասվարները փորձել են աշակերտներ հավաքագրել շուրջբոլորից, գնացել են դռները թակել, գիտենալով, որ տվյալ հասցեում առաջին դասարան գալու ենթակա աշակերտ կա, սակայն մեծ մասը փակ են եղել: «Բոլոր դռները փակ են, էլ որտեղի՞ց լինեն աշակերտներ, և հետո հարակից դպրոցներն են շատ», -ասաց նորընտիր տնօրենը`նշելով, որ ամեն ինչ անելու է իր դպրոցը աշակերտներին հրապուրիչ դարձնելու ու ծայրամասերից անգամ աշակերտ բերելու համար:
Այս դպրոցը նախորդ տարի ունեցել է 16, իսկ այժմ 12 առաջին դասարանցիներ: Իսկ աշակերտների ընդհանուր քանակը, ըստ տնօրենի, 105 է , մինչդեռ դպրոցի շենքը նախատեսված է 250 աշակերտի համար:
Անիի տարածաշրջանի Բարձրաշեն բնակավայրի դպրոցը ընդհանրապես առաջին դասարան չունի, թեև նշենք, որ այստեղ բնակիչները ևս սակավաթիվ են , 3 ընտանիք են ապրում, ընդ որում սարի գլխին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ