Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Գեւորգյան. «Ոստիկանը, որը քթից արյունահոսություն ուներ, քիթը մաքրեց Տիգրան Առաքելյանի վերնաշապիկի վրա»

Օգոստոս 26,2013 15:57

2849

Այսօր Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարության ընթացքում հարցաքննվեց նաեւ ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը:

Նկարագրելով տեղի ունեցածը՝ Գեւորգյանը պատմեց, որ այդ օրը իրենք ՀԱԿ անդամներով` ընկերներով զբոսնում էին, ապա նկատել են ոստիկանների արագ տեղաշարժը դեպի Խնկո- Ապոր անվան գրադարանի կողմ: Իրենք այդ պահին սրճարանում են եղել ու վեր են կացել՝ շարժվել այդ կողմ. «Առաջինը ես եմ հասել, տեսա Տիգրան Առաքելյանին ընկած: Մոտ քսան ոստիկան բռնություն էր գործադրում նրա նկատմամբ: Կանխելու համար ոստիկանության անօրինական գործողություները, մոտեցել եմ, պահանջել դադարեցնել գործողությունները, փորձել եմ մեջքով կանգնել ու թույլ չտալ, որ երիտասարդներին հարվածներ հասցնեն: Հայհոյանքներ ու բռնություն է եղել բոլոր յոթ երիտասարդների նկատմամբ: Ոստիկանների թիվը գնալով մեծանում էր ու շարունակում էին իրենց ագրեսիվ գործողությունները: Պահանջել եմ իրենց հրամանատարներից մեկից, որ իր վերադասներին ասի դադարեցնեն, բայց չի արձագանքել: Բոլորիս ձեռքերին ձեռնաշղթա հագցրին ու կարծում եմ՝ ոչ թե բերման ենթարկելու համար, այլ`հարվածելու: Կոնկրետ ինձ այդպես տարել են Խնկո –Ապոր անվան գրադարանի կողքը, պառկեցրել գետնին: Հետո մեկն ասաց, թե դեմքին չխփեք, բայց խփեցին, բավականին շատ հարվածներ հասցրեցին: Ապա քարշ տալով տարան ոստիկանական մեքենա, Սարգիսին նստեցրին իմ կողքը: Մեզ հետ միասին ոստիկաններ էին, հարվածներ էին հասցնում մեքենայի մեջ, սեղմում ձեռնաշղթան, որ ցավ զգանք: Ավտոմեքենայից նորից ուժ կիրառելով, հանեցին: Այնուհետեւ

ես տեսա, թե ինչպես են Տիգրանին բերում ու մի ոստիկան, որ քթից արյունահոսություն ուներ, իր քիթը մաքրեց Տիգրան Առաքելյանի վերնաշապիկի վրա, որ հետո ցույց տա, թե Տիգրանն իրեն հարվածել է»:

Գեւորգյանը հավելեց, որ ոստիկանները պահանջում էին, որ իրենք առանց փաստաբանի ցուցմունք տան, բայց բնականաբար, հրաժարվել են, քանի որ իրենց իրավունքները խախտվել էին ու չէին կարող ռիսկի դիմել. «Երբ պահանջեցինք, որ շտապօգնություն գա՝ այն ուշացումով եկավ, առանց բուժօգնություն ցույց տալու հեռացավ, միայն արձանագրեց, որ յոթս էլ ուղեղի ցնցում ենք ստացել: Փաստաբանները մեկ ժամ հետո կարողացան մտնել ոստիկանության բաժին: Ապա եկել են ոստիկանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ`այն ժամանակվա քրեական հետախուզության պետը`Գրիգորը, Ռոբերտ Մելքոնյանը, Վալերի Օսիպյանը, քաղաքացիական հագուստով այլ ոստիկաններ:

Ապա իր անօրինական գործողություններով հայտնի Կարեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը առեւանգեց Արտակին, ծեծի ենթարկեց:

Անհայտ մի անձ ինձ տեղափոխեց մի սենյակ: Պահանջեցի ներկայանալ, բայց չներկայացավ, բայց ներկայացվեց իմ ձերբակալության մասին որոշում: Հետո եւս մեկ անձ մոտեցավ, հրահանգեց հատուկ ջոկատային երեք հոգու ինձ բաժնից դուրս հանել՝ առանց փաստաբանի: Իսկ թե ինչ էր իրականում տեղի ունեցել, ինձ հաջողվել է այդ մասին ճշտել, իմանալ՝ սկսած ոստիկանական բաժանմունքից, եղբորիցս եւ իմ ընկերներից»,-նշեց նա:

Տիգրան Առաքելյանը վկային հարցրեց` ի՞նչ չես արել դու, որ արել է Սարգիսը այդ միջադեպի օրը, քո եւ նրա գործողությունների տարբերությունը ո՞րն է եղել:

-Ապացույցների մասին խոսք չկա, կամայական որոշում է եղել իշխանությունների կողմից…

– Ո՞վ էր ինձ օգնում, որ լվացվեմ, եւ ում ձեռքին էր իմ վերնաշապիկը:

– Ես հիշում եմ, որ դու ոստիկաններին խնդրեցիր օգնել լվացվել եւ ենթադրաբար ինչ- որ մեկը նրանցից պետք է պահեր դա:

-Ո՞վ էր ամենից շատ փնտրում իմ վերնաշապիկը:

-Չեմ հիշում:

-Կենդանի տեսե՞լ ես դեպքի վայրում:

-Ոչ:

-Ամենաբարձրաստիճան ոստիկանին տեսե՞լ ես դեպքի վայրում:

-Ոչ:

Արտակ Կարապետյանն էլ հարցրեր ուղղեց վկային.

-Բարձրաստիճան ոստիկաններից ո՞ւմ ես տեսել բաժանմունքում:

-Արայիկ Պետրոսյանին, Գրիգոր Ամիրխանյանին, մեկի մականունն եմ հիշում`«Կռիս» են ասում, Վալերի Օսիպյանին, Ռոբերտ Մելքոնյանին:

Դատախազի հարցին էլ` միջադեպի ժամանակ տարեց մարդիկ եղե՞լ են, մոտեցե՞լ են:

-Նախ վիճաբանություն չի եղել, ես տարեց մարդկանց չեմ տեսել:

-Փողոցի երթեւեկությունը խախտվե՞լ է այդ միջադեպի պատճառով:

– Եթե նույնիսկ խախտվել է, ապա ոստիկանների կողմից, քանի որ նրանց ավտոմեքենաներն էին փողոցում կանգնած:

– Ոստիկանության բաժանմունքում հայհոյանքներ եղե՞լ են ձեր ընկերների հասցեին:

– Գուցե եղել են, չեմ հիշում:

Դատավորի հարցին ի պատասխան էլ՝ ինչու այդ ամենը տեղի ունեցավ, Գեւորգյանն ասաց, որ սա քաղաքական հաշվեհարդար էր` իշխանության կողմից:

Գեւորգյանը չբացառեց նաեւ այն, որ իրենց ընկերներից` աղջիկները նկարահանել են կատարվածը, ըստ նրա` համենայնդեպս Մարիամը փորձել է, բայց քանի որ մութ էր, որակը լավ չէր…

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031