Լրահոս
Օրվա լրահոսը

«…Վազգենը նրա համար չի սպանվել՝ որ միմյանց հայացքներում դարձյալ հայրենիք կարդանք…»

Օգոստոս 26,2013 15:41

«Միմյանց դեմ տարած փայլուն հաղթանակներով ասպարեզում մի ծվատված երկիր ենք թողել՝ որ մեզ որպես խորթերի է նայում և մենք էլ իրեն՝ որպես օտարի: Որպեսզի այդպես չլիներ, որպեսզի մենք բոլորս գտնեինք միմյանց, միմյանց պատկանեինք… Բայց դա չի եղել ու չի լինի. Վազգենը նրա համար չի սպանվել՝ որ միմյանց հայացքներում դարձյալ հայրենիք կարդանք. Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը, Սիրադեղյանը ասպարեզից նրա համար չեն քշվել՝ որ ասպարեզում դարձյալ բոլորիս հայրենիքը լիներ և մենք բոլորս իր որդիները լինեինք»:

Հանճարեղ Հրանտ Մաթեւոսյանի այս մարգարեական մտածումը բազում առիթներով եմ վերհիշել: Բազմիցս եմ կրկնել. Հրանտ Մաթեւոսյանն աշխարհի բոլոր հարցերի պատասխաններն ունի ինձ համար, մանավանդ հայիս հետաքրքրող հարցերի պատասխանները: Հանճարեղ Հրանտ Մաթեւոսյանին վերհիշում եմ, որ գոնե Հրանտ Մաթեւոսյանով հասկանանք մեզ, հասկանանք մեր շուրջը կատարվածը, կատարվողը, հասկանանք մեր անցյալը, շոշափենք մեր ողնաշարը, մեր նյարդը զգանք, մեր ապագան տեսնենք, մտածենք, խորհենք, ի վերջո:

Այսօր նորից հիշեցի Վարպետին, երբ Վազգենի մասին կրկին ինչ որ անհեթեթ խոսակցություններ են հայտնվել ու, ցավալիորեն, կրկին հայտնվել են Արցախի հերոսի՝ Վազգենի սպայի՝ գեներալի, հարգարժան Արկադի Թադեւոսյանի՝ Կոմանդոսի ձեռամբ:

Ինչու՞ այսօր, ինչու՞ Վազգենի սպանության հերթական տարելիցից օրեր առաջ, ի՞ նչ են ուզում ասել, ովքե՞ր են ուզում ինչ-որ բան ասել, ինչու՞ ուղիղ չեն ասում, ինչու՞ կրկին դավադրաբար, ի՞նչ են փնտրում, ի՞նչ սխալներ են փնտրում Վազգենի անցած ճանապարհում: Չգիտեմ, ինձ դավադրությունների տեսությունները չեն հետաքրքրում: Այդ արվեստին Հայաստանում բազմաթիվ հրաշալիորեն տիրապետողներ կան: Ինձ հետաքրքում է Վարպետի ցավը՝ «…որ ասպարեզում դարձյալ բոլորիս հայրենիքը լիներ եւ մենք բոլորս իր որդիները լինեինք»:

Մեր պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք դեռ պատերազմում ենք: Բայց պատերազմող մեր երկրում ոչ թե մեր առաջիկա գործողություններն ենք ուրվագծում, ոչ թե մեր առաջիկա կռիվներին ենք գնում, ոչ թե մեր այսօրն ենք շտկում, ոչ թե մեր ազգակցին, մեր հային ենք մեր երկրում պահում, մեր հայրենակցին ենք հասնում, մեր համակարգերն ենք փոխում, այլ գնում ենք անցյալ ու այնքան մոտ անցյալ, որ գնալու իրավունքը չունենք, դեռ՝ չունենք, որովհետեւ այդ անցյալը դեռ մեզ հետ է:

Գնալու իրավունքն ունենալու ենք, անկասկած: Ունենալու ենք, երբ այդ անցյալը մեզանից հեռու կլինի: Երբ մարդկային ու մահկանացուական մեր բոլոր պահանջմունքները սպառած կլինենք: Երբ իմաստնացած կլինենք կյանքով, կենսակերպով: Անցյալ գնալու իրավունքն ունեն նրանք, ովքեր այդ անցյալը չեն ապրել: Անցյալ գնալու իրավունքն ապագա սերունդներինն է: Այդպես է եղել միշտ ու բոլոր ժամանակներում:

Մեր հավաքական տրամաբանության չափումները կարծես անդառնալիորեն ձեւախեղվել են: Մեր հավաքական միտքը ոչ մի կերպ չի ուզում մտնել սթափության տարածք: Մեր հավաքական գիտակցությունը ոչ մի կերպ չի ուզում սերտել մեր իսկ պատմության դասերը:

Մեր քսանամյա անկախ կենսակերպը ոչ մի կերպ չի մտնում հասունության փուլ, իմաստնանալու փուլ չի մտնում: Ու մենք շարունակում ենք գնալ ինքնաբզկտման, ինքնախարազանման, ինքնաոչնչացման ճանապարհով: Ազգ վերացնելու ամենակարճ ճանապարհով:

Այսպես ժամանակին վերացրեցինք Մյասնիկյանին, Մյասնիկյանին խարդավեցինք: Մյասնիկյանն ավերակներից երկիր էր ծնում, ազգ էր հավաքում, մենք կասկածում էինք թուրքին ծախվելու, երկիրը ծախելու մեջ: Վերացրեցինք Աղասի Խանջյանին: Խանջյանը թիզ առ թիզ երկիր էր հերկում, ուզում էր իր երկրի մի բուռ հողը հայի համար պահել, մենք Խանջյանին դավում էինք որպես նացիոնալիստի:

Չարենցին վերացրեցինք: Չարենցին էինք դավում ու դավեցինք մինչեւ նրա ստորացուցիչ մահը: Նժդեհին ֆաշիզմով պիտակեցինք, սպանեցինք, մատնեցինք անտերության, մոռացության, մինչդեռ մի սպարապետ ու մի զորավար ունեինք, որ հայի փրկության ուղիներն էր որոնում իր անդավաճան սիրով ու անմնացորդ նվիրվածությամբ:

Վերացրեցինք Անդրանիկ Զորավարին, Չաուշին, Դրոյին: Թողեցինք, որ Արամ Մանուկյանը տիֆից մահանա: Վարչապետ Քաջազնունուն չթողեցինք իր հայրենիքում նույնիսկ փողոց մաքրի: Դեմիրճյանին վռնդեցինք հրապարակի հարթակից ու նույնիսկ չհասկացանք այդ խորիմաստ մարդու մղձավանջային օրերի տառապանքները: Փառք Աստծո, որ Բաղրամյանի, Բաբաջանյանի ու շատ շատերի ճակատագիրը մեր հանճարեղներից մեր ձեռամբ չէր գրվում, այլապես խեղված կենսագրությունների մեր մատյանն ավելի հաստափոր կլիներ: Պատմության ավելի խորքեր գնալն ավելի ստորացուցիչ ու դաժան կարող է լինել ու շարքը շարունակել չեմ ուզում:

Նրանք բոլորը Մեծ մարդիկ էին, հանճարեղ մարդիկ էին, նվիրյալ էին, բացառիկ ծնունդներ էին ու…սխալական էին, ինչպես աշխարհի բոլոր մեծերը, բոլոր նվիրյալները, բայց նրանք ու նրանց նմաններն են մեզ ազգ դարձրել:

Հիմա ի՞նչ ենք փնտրում Վազգենի անցած տարիներում: Ի՞նչ է փնտրում հարգարժան գեներալը Վազգենի անցած ճանապարհում: Ի՞նչ սխալներ է փնտրում:

«Ես երջանիկ մարդ եմ: Որովհետեւ ինձ պատիվ ընձեռնվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց սա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը (ընդգծումը՝ իմն է ): Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա»:

«Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա». սա Վազգենն է ասել: Ասել է իր նման անկեղծ, առանց սեթեւեթելու, պարզ, մաքուր: Վազգենն է ասել, որ «սխալմունքներ կան»: Հիմա ի՞նչ սխալներ ենք փնտրում: Ի վերջո, Վազգենը հաղթել է, Վազգենը հաղթել է իրեն բաժին ընկած պատերազմում, իր ժամանակի պատերազմում, իր ղեկավարած պատերազմում: Հաղթանակի սխալս ո՞րն է, հաղթանակի ինչու՞մ էր սխալը, ինչու՞ մենք միշտ հաղթողին ենք դատում: Հայաստանը հանձնել է թուրքի՞ն, Ղարաբաղը հանձնել է թուրքի՞ն, ազգովի պարտության է տարե՞լ, որ սխալն ենք փնտրում: Ի՞նչ էինք ուզում: Գուցե ուզում էինք, որ իր բանակով մոտենար Վաշինգտոնի մատույցներին, գուցե ուզում էինք, որ ծովից ծով Հայաստանն ազատագրեր, որ Անկարայում քոչարի պարեր: Իսկ ինչու՞ ենք հազարամյակների չարածը Վազգենից ուզում:

Ի՞նչ սխալներ ենք քննարկում: Չէ որ այդ քննարկումները դուրս են առողջ բանականությունից, մարդկային տրամաբանությունից դուրս են: Գոնե այսօր` դուրս են:

Գերմանացիները հասան Մոսկվայի մատույցներին, բայց ոչ ոք սովետական հրամանատարության սխալները չէր քննարկում ու, առավել եւս, այսօր չեն քննարկում, թե ինչու գերմանացիները հասան Մոսկվայի մատույցներին, ո՞վ էր մեղավոր, ո՞ր մարշալը, ո՞ր գեներալը: Եթե քննարկում էլ են, շատ գիտականորեն, շատ փաստարկված, շատ մասնագիտորեն, ու քննարկում են ոչ թե անցյալի, այլ ապագայի համար ու ոչ թե ֆեյսբուքյան ստատուսների մակարդակով ու տասնյոթ տարեկան աղջնակներով:

Այսօր ու արդեն մի քանի տասնյակ տարի հաղթողները տոնում են հաղթանակը:
Ֆրանսիացիները չեն քննարկում Դը Գոլին, չեն քննարկում, թե արդյոք Դը Գոլը մի քանի օր շուտ չպիտի մտներ Ալժիր ու նման անհեթեթություններ: Առավել եւս չեն քննարկում Ֆրանսիայի գեներալները: Ֆրանսիացիները մեծարում են Դը Գոլին ու Շանզ էլիզեյում հպարտորեն տոնում են Ֆրանսիայի հաղթանակը:

Իսկ մենք քննարկում ենք, թե արդյոք Տեր-Պետրոսյանը տեղյակ էր Շուշիի գրավումից ու քննարկում ենք, ցավալիորեն, կրկին Արցախի հերոս գեներալի ձեռամբ, նույնիսկ շոուներ ենք կազմակերպում, ֆեյսբուքյան խրախճանքներ ենք անում ու ֆեյսբուքում նորից …գրավում ենք Շուշին՝ առանց Տեր-Պետրոսյանի…ու նույնիսկ չենք կարդում, որ Սամվել Բաբայանը, Արցախի մեկ այլ հերոսը, գրում է, որ «Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը, որի մասին տեղյակ էին Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամները, մշակվել է ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ, հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանի, Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանի, Լեոնիդ Մարտիրոսովի, հարձակման ուղղությունների հրամանատարներ Վալերի Չիթչյանի, Արկադի Կարապետյանի, Սեյրան Օհանյանի, ԼՂՀ պետական, քաղաքական մի խումբ գործիչների մասնակցությամբ:… Գլխավոր հրամանատարական կետում էին Գուրգեն Դալիբալթայանը, Զորի Բալայանը, Օլեգ Եսայանը, օպերատիվ իրավիճակի մասին զեկուցում էին Սերժ Սարգսյանին եւ Վազգեն Սարգսյանին…»:
Մենք սա չենք կարդում, սրանք չենք կարդում ու քննարկում ենք անգետի ամենայն մանրամասնությամբ, քննարկում են մարդիկ, ովքեր ընդամենը լուսանկարվել են Շուշիի եկեղեցու պատի մոտ, որ նկարները հայրենասիրորեն զետեղեն ֆեյսբուքյան իրենց պատերին:

Գուցե քննարկե՞նք, որ Արկադի Տեր-Թադեւոսյանն առարկում էր Լաչինի ուղղությամբ հարձակման գործողությանը, իսկ Շուշիի գրավման հաջողությունները պայմանավորված էին հենց Լաչինի ուղղությամբ իրականացված ռազմական գործողություններով:
Բայց, ոչ, երբեք: Աստծո սիրուն: Ախր սա շատ ծիծաղելի ու շատ անտրամաբանական կլինի, որովհետեւ մենք Շուշին գրավել ենք ու այսպիսի քննարկումները միայն ռազմական լուրջ փորձագետներին են հարիր, այն էլ պատմության մեջ, ժամանակի հեռավորությունից, այն էլ ոչ պարապ ժամանակ ու ոչ ջուր պղտորելու մղումով:

Ի՞նչ ենք ուզում: Պատերազմի բոլոր տարիներին Վազգենին բզկտեցինք, կասկածեցինք, խարդավեցինք: Շահումյանի անկման ամենածանր օրերին Վազգենին կանչել բերել էինք պառլամենտ, որ բզկտենք: Առուծախի բազում սիրահարներ Շահումյանն առնել-ծախելուց էին խոսում: Վազգենն ասում էր, «…եթե մեղավոր եք փնտրում, գործի պատասխանատուն պաշտպանության նախարարն է, ինքն ի վերջո պատասխան կտա այդ ամեն ինչ համար, սակայն հիմա չէ դրա ժամանակը, հիմա թողեք կամ իրավիճակից դուրս գանք, կամ…հետո արդեն գնդակահարելու ժամանակ միշտ կլինի»:

Ու գնդակահարեցին…Իսկ գնդակահարվելուց առաջ փոփոխվող երկրի վարչապետ Վազգենն ասում էր «…ինչ արել եմ, արել եմ զոռով: Զոռով բանակ եմ տարել, զոռով եռամսյա զորակոչ եմ արել…Պետք է լիներ մեկը, որ նաեւ դրսի խուժանի հետ կռվեր: …Հիմա այն, ինչ որ առաջ ուժով եմ արել, ուզում եմ անել սիրով, հասկացողությամբ, գաղափարով, այսինքն` ուզում եմ վերադառնալ իմ ճիշտ ոճին», բայց… գնդակահարեցին:

Ու հիմա ասում են՝ Վազգենն ուժային մեթոդներով էր առաջնորդվում: Իսկ ո՞ր պատերազմում են քնքշորեն պատերազմում: Պատերազմը դաժան դեմք ունի: Պատերազմը գեղեցիկ կին չէ, որ քնքշորեն վարվեն: Մենք չունենք մեր ժողովրդին հոշոտած հրամանատարներ, ինչպես ունեն մյուս պատերազմների հրամանատարները:

Իսկ նրանք, ովքեր ռազմաճակատից Երեւան էին կանչել անքուն գիշերներ անցկացրած ռազմական նախարարին, անճանաչելիորեն փոխված հրամանատարին ու բազկաթոռին թիկնած ժամանակ էին վատնում անպտուղ խոսք ու զրույցի մեջ, շատ հայրենասիրորեն խոսում էին Ղարաբաղից, մութն ընկնելուց հետո դուրս չէին գալիս տներից` մեդիտացիոն այդ հոգեվիճակում պատրաստվելու համար հաջորդ օրվա հայրենասիրական ջղաձգումներին:

Իսկ Վազգենը խնդրում, աղաչում էր՝ ասելով «Այս պատերազմը, եթե անգամ չենք սիրում, (չգիտեմ աշխարհում կա պատերազմ սիրող ժողովուրդ), բայց իրենց հարգող ժողովուրդները հարգում են իրենց պատերազմը»: Ասում էր «Կռվի մեջ նաեւ զոհեր են լինում: Էդ զոհված տղաներին, եթե դուք ճանաչում եք ընդամենը լուսանկարներով, նրանք բոլորն իմ ընկերներն են, ես բոլորին ձեռքով բարեւում՝ կռիվ էի ուղարկում»: Ասում էր` «Հաղթում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են պարտություններն այնքան բնական ընդունել, որքան հաղթանակները: Երբեք ոչ մի պատերազմող ժողովուրդ ապահովված չի եղել անհաջողություններից: Վերջնական հաղթանակներ են տանում այն ժողովուրդները, ովքեր կարողանում են ժամանակավոր անհաջողություններից դասեր առնել եւ համախմբված եւ հետեւողականորեն շարունակել պայքարը»:
«Ադրբեջանը կենտրոնացրեց իր ողջ ուժերը եւ հակահարված տվեց: Դա այն պահին, երբ մեր մամուլը, հատկապես կուսակցական մամուլը, թերթերում գծագրում էր ապագա ռազմական օպերացիաների սխեմաները: Եվ դա արվում էր օպերացիայից մի քանի օր առաջ, որպեսզի հետագայում այդ օպերացիայի հաջողությունը վերագրվի սեփական կուսակցությանը:…Ապշելու բան է, մետրոյի ներկայացուցիչները, Շուշի գրաված ազգի ներկայացուցիչները նույն օրը գործադուլ էին անում». Սա էլի Վազգենն էր ասում: Ասում էր այն ժամանակ, երբ գրավում էր Շուշին: Ու ասում էր. «Կան մարդիկ, որոնք գետնին ընկած քարը ցույց են տալիս, որ այ, էս քարը պետք է այն սարի գլխին լինի, եւ կան մարդիկ, որ այդ քարը գլորելով բարձրացնում են սարի գլուխը: Եթե ճիշտ եք ցույց տալիս, փառք ու պատիվ ձեզ, բայց գոնե բարձրացնելու պահին կողքից մի խանգարեք»:
Ու այսօր, քսան տարի անց, այսօրվա մամուլներում՝ կուսակցական, ոչ կուսակցական, անճանաչելիորեն այլափոխված, բազմատեր մամուլներում, բազմավեկտոր ծառայությամբ մամուլներում՝ գումարած մեզ աշխարհով մեկ անող համացանցում, Արցախի հերոս գեներալն ասում է «ինչի՞ չեն ուզում, որ Վազգեն Սարգսյանի մասին ասվի այն ամենը, ինչի պատճառով էլ իրեն վերացրեցին»:

Իսկ ովքե՞ր չեն ուզում, ի՞նչ է ուզում ասել հարգարժան գեներալը, նոր բացահայտումներ կա՞ն հոկտեմբերի 27-ի տարելիցից առաջ, նոր փաստեր կա՞ն Մեղրիի, Ղարաբաղի, Հայաստանի մասին: Գեներալն ուզում է բացահայտե՞լ հոկտեմբերի 27-ը: Բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգ են Հայաստանի ապագայով, գեներալի կողքին են լինելու, թող ասի ինչ-որ գիտի, թող բացահայտի հոկտեմբերի 27-ը: Երկրորդ մեծ հերոսությունը կլինի Շուշիից հետո, կամ հաջորդը՝ իր հերոսություններից հետո: Թող մեկ առ մեկ բոլոր իրեն խանգարողների անունները նշի: Չէ՞, որ գեներալը վախի սինդրոմ չունի, չպետք է ունենա: Մեր ողջ հասարակությունը կկանգնի գեներալի կողքին:

Կարող ենք ատել Վազգեն Սարգսյանին, ատել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ատել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին, Սեյրան Օհանյանին, Մանվել Գրիգորյանին, այլոց, չնայած, որ ատելությունը թույլերի զենքն է, կարող ենք ընդունել կամ չընդունել նրանց քաղաքականությունը, կարող ենք չկիսել նրանց հայացքները, տեսակետները: Կարող ենք չհամաձայնել նրանց մտքերի հետ, չընդունել նրանց այսօր, բայց չենք կարող ուրանալ նրանց կենսագրությունը, նրանց ճանապարհը, որ իրենք են ընտրել, նրանց ներդրումը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, հաղթանակում, Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման մեջ:

Ղարաբաղյան պատերազմն ու ղարաբաղյան շարժումը հերոսների մի ամբողջ փաղանգ է տվել՝ «Կռունկ» կոմիտեից, «Ղարաբաղ» կոմիտեից մինչեւ հրամանատարներ ու զինվորներ, գեներալներ ու շարքայիններ, ազատամարտիկներ ու ֆիդայիններ, ողջեր ու մեռածներ, որոնց անուններն ու գործը անքննելի պիտի լինեն, որովհետեւ նրանց անունների ու գործի արդյունքում ունենք հային վերադարձված Հայաստան, հային վերադարձված Արցախ, հային վերադարձված պատմական ու անպատմություն տարածքներ:

«Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի՝ ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար եւ իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգիստ եղեք». սա էլի Վազգեն Սարգսյանն էր ասում, ասում էր հպարտորեն, արցունքն աչքերին ու Վազգենը չգիտեր, որ լռեցնելու են, լռեցնելու են հավերժ, բայց չէ՞ որ միայն ապրող մարդը չի խոսում, խոսում են նաեւ բառերը, ապրած կյանքը, տարիները, կենսագրությունը, ճանապարհը, թողածը: Ի վերջո, ապրողներն են խոսում:

«Եթե մենք ազգովի հանկարծ ատենք մեր պատերազմը՝ պարտության վտանգն ավելի կմոտենա մեզ: Պատերազմի նկատմամբ ազգովի ատելությունը կհանգեցնի ազգի կործանման, բանակի քայքայման: Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի». Սա էլի Վազգեն Սարգսյանն էր ասում: Խաղաղությունն արդեն քսան տարի մերն է, մերն է նաեւ հաղթանակը, բայց մեր հաղթած պատերազմը հոշոտելով, մեր հաղթած պատերազմի տարիները բզկտելով մենք գնալու ենք դեպի…պարտություն:

Ինձ համար անընդունելի է նաեւ մեր մյուս հերոսի՝ Սասուն Միքայելյանի հարցադրումը. «Կոմանդոսը Ռոբերտ Քոչարյանին մեկ անգամ տեսե՞լ է մարտի դաշտում», մանավանդ, որ այս ամենն ասվում է, երբ ճամբարներն արդեն հակադիր են: Այս հարցադրումը նույն որակի է, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ է եղել Արցախում: Չեմ համեմատում, բայց Դը Գոլն էլ Ալժիրում չի կռվել զենքը ձեռքին: Ուրիշ խնդիր է, որ բազում արջի ծառայություն մատուցողներ կան, եղել են ու լինելու են, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյանի, մյուսների կողքին: Ուրիշ խնդիր է, որ անհատն է փորձում փոխել իր կենսագրությունը, բայց ամեն մարդ իր խղճի ու իր Աստծո առաջ պատասխանատու է: Ամեն մարդ մի առաքելություն ունի:

Իմ շատ լավ բարեկամ ու ընկեր Սամվել Շահմուրադյանը՝ գրչի, գրքի մարդ, ազնիվ, հուզական, մաքուր, սումգայիթյան ողբերգությունն էր ուսումնասիրում, անդառնալիորեն նվիրված էր այդ հանցագործության բացահայտմանը, բայց որոշեց, որ պիտի Արցախում կռվի ու շաբաթներ անց մենք Սամվելին հողին հանձնեցինք: Ինձ համար մարտի դաշտում եղել է մեր ողջ ժողովուրդը, կռվին մասնակցել է ամբողջ հայ ժողովուրդը: Ես իմ  նախորդ հրապարակումներից մեկում մեկում այդ մասին գրել եմ ու կրկնվել չեմ ուզում:
«…Այդպես շատերս կուզենայինք, բայց կաշկանդյալ մեր շարքերից ոտք առաջինը դու փոխեցիր, և առասպելի հերոսականության մշուշը նյութականացավ Վազգեն Սարգսյանիդ կերպարանքով։ Նախանձելի տարիք և նախանձելի կերպար, սիրելի Վազգեն։ Անխաթար արիությունդ տասնամյակներ հետո քեզ, անշուշտ, թույլ է տալու ժամանակի բարձունքից դիտել հերոսացումի ու անկման մեր այս օրերը և համայնապատկերի բերել չմեռնող, հառնող ժողովրդի ջանքը, քանզի կարող գրիչներից, ապրող հոգիներից ոչ ոք չունեցավ քո խիզախությունը՝ տեսնել ու իմանալ այնքան շատ, որքան դու, սիրելի գրող, ընկեր գեներալ, պարոն նախարար»։

Եթե սա Հրանտ Մաթեւոսյանն է ասել, մեր իրավունքը պապանձվելունն է: Պիտի պապանձվենք՝ գեներալ, թե շարքային, որովհետեւ դիմացներս Վազգենն է՝ «…սիրելի գրող, ընկեր գեներալ, պարոն նախարար» Վազգենը։

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արա says:

    Ուղիղ եմ ասում, քեզ ել քո Վազգենին ել: Հերիք չի անկապ-անկապ բարբաջե՞ք: Եթե եդքան շատ ես ուզում գլխիդ ստանաս, ել Վազգենն ինչիդ ա պետք, գնա մի երկու հատ ցույց – մույց արա, տղերքը կգան, հարցերդ կլուծեն, թե չե, Վազգե՛ն, Վանո՛… Առանց դրանց ել գլուխ ջարդողները լիքն են;

  2. Geheni Araqel says:

    ՀԱՏՈՒՑՈՒՄ

     
    Ամեն ինչ ողողվեց լույսով, Ճերմակ ամպերի մեջ երևաց երկինք տանող աստիճանները: Աստիճաններն ավարտվում էին ոսկեզօծ, բարձր դարպասների մոտ: Այդ ճերմակ լույսը կարծես այնտեղից էր շառագունում: Նա զարմացած նայում էր շուրջը, կարծես թե չէր պատկերացնում, թե ինչպես հայտնվեց այդ լույսի մեջ, նա դանդաղ քայլերով բարձրացավ աստիճաններով, դարպասներին դեռ չէր հասել, երբ հանկարծ իր առջև բացվեցին ոսկեզօծ դարպասները, ասես թե նրան ներս էին հրավիրում: Նա նկատեց լույսերի մեջ բազմած ճերմակահեր մի ծերունու, որի ոտքերի տակ ամպի ճերմակ քուլաններն կարծես խաղ էին բռնել: Ծերունու ձեռքի գավազանից էր ճառագում լույսը, ջերմացնելով շրջապատը
    — Վա՜յ, բարև ձեզ, — ողջունեց նա,
    — Բարև, — պատասխանեց ծերունին, նրա ձայնը արձագանքեց լուսավորության մեջ:
    — Ի՞նչ է, ես դրախտու՞մ եմ, — հարցրեց նա, ծերունին սկսեց բարձր ձայնով ծիծաղել, նրա ձայնը արձագանքում էր երկնքում:
    — Դու՛ք Աստվա՞ծն եք, — եղավ հաջորդ հարցը, ծերունին ավելի բարձր սկսեց ծիծաղել, կարծես թե նրան զվարճացնում էին այդ հարցերը:
    — Ո՛չ, ես Գաբրիել հրեշտակն եմ, — վերջապես խոսեց ծերունին,
    — Ուրեմն ես դրախտու՞մ եմ, հրեշտակների մո՞տ, — ուրախացավ նա,
    — Ո՛չ տղա ջան, դու հիմա երկնքի և երկրի արքայությունում ես, — այստեղից ուղևորվում են կամ դրախտ, կամ էլ դժողք, — ծերունին ձեռքով արեց, հանկարծ ցրվեցին ճերմակ ամպերը, և երևաց մեծ վերելակի դռները, — ահա այս վերելակն է, որը կարող է քեզ բարձրացնել երկրի արքյություն, կամ էլ իջեցնել դժոխք՝ հավերժական կրակների թագավորություն:
    — Բայց ինչու՞ եմ ես այստեղ, — միամիտ ասաց նա, — իսկ կարո՞ղ եմ վերելակով բարձրանալ դեպի հրեշտակների թագավորություն․․․
    — Ո՛չ, չես կարող, — խոսեց ծերունին, — քանի որ այստեղ պետք է կշռենք քո գործած մեղքերը և հանցանքները, ըստ գործածդ մեղքերի կգնաս այնտեղ, որտեղ պետք է․․․
    — Բայց ես կյանքում ոչ մի մեղք չեմ գործել, — ասաց նա,
    — Իսկ հիմա ասա քո անուն ազգանունը, որպեսզի տեսնենք, արդյոք ի՞նչ մեղքեր ունես գործած, — ասաց ծերունին, մեր համակարգչային արխիվում գրանցվում է ցանկացած մարդու մեղքերը, այդ թվում նաև բարի գործերը:
    — Վազգեն Զավենի Սարգսյան, — միամիտ, հեզ ձայնով ասաց նա, Գաբրիել հրեշտակապետը նշան արեց, որպեսզի ավագ հրեշտակը արձանագրի նրա խոսքերը: Գաբրիել հրեշտակապետի աջ կողմում բացվեցին ամպերը և երևաց ճերմակ զգեստով հրեշտակը, որը թուղթ ու փետուրը ձեռքին գրի էր առնում նրա խոսքերը:
    — Հրեշտակապետ, այսօրվա ամսաթվով գրանցեմ, թե՞ վաղվա, — ընդհատեց ավագ հրեշտակը,
    Գաբրիել հրեշտակը նայեց ձեռքի ժամացույցին ու ասաց,
    — Առաքել, կարող ես արձանագրել այսօրվա ամսաթիվը…
    — Այդպես ուրեմն, Հոկտեմբերի 27-ը 1999 թվական, — ասաց ավագ հրեշտակը, և սկսեց գրանցել թղթի վրա,
    — Ուրեմն Վազգեն, ասում ես, թե ինչ է եղել, և ինչու՞ այդպիսի վիճակում հայտնեցիր այստեղ, — հարցրեց Գաբրիել հրեշտակապետը,
    — Հրեշտակապետ, ճիշտն ասած նիստի էի, մի ժամ չէր անցել, հանկարծ լսեցի կրակոցներ, ու դահլիճ մտան մի քանի լակոտ, միայն հասցրեցի ասել ես ձեր մերը… Ու դրանից հետո աչքերիս դեմը սևացավ, հետո աչքերս բացեցի ու տեսա այստեղ եմ: Այնպես որ ոչինչ չեմ հիշում:
    — Ո՞նց թե տղա ջան ոչինչ չես հիշում…
    — Հա՛ հրեշտակապետ, հո՜րս արև ոչինչ չեմ հիշում,
    — Ա՛յ տղա սկի ոչինչ չես հիշու՞մ, — կրկնեց ծերունին,
    — Որտեղից հիշեմ, որ ոչինչ չեմ հիշում, — միամիտ դեմք ընդունեց նա:
    — Ա՛յ տղա, հապա մի գլխիդ նայի միգուցե հիշես, — ասաց ծերունին: Հանկարծ շուրջը դարձավ հայլեպատ և նա կարողացավ իրեն տեսնել բոլոր կողմերից, գլուխը կարծես դարձել էր ճզմված սպունգ, այնքան տրորված ու ճմրթված էր, որ անգամ ինքն իրեն չճանաչեց:
    — Վա՜յ մամա ջան, է՛ս ո՞վ ա, — սարսափեց նա,
    — Դա դու՛ ես… Չճանաչեցի՞ր, — եղավ հրեշտակապետի պատասխանը,
    — Բա ինչու՞ են է՛ս օրը գցել, — զարմացավ նա,
    — Այդ դու՛ ես ինձ հարցնու՞մ տղա ջան, — զարմացավ հրեշտակապետը, — փոխարենը դու՛ քեզ հարցնես թե ինչու՞, ո՞նց ե՞րբ, ինչի՞ համար… Ճզմված գլխով եկել ես, ու շտապում ես հրեշտակների արքայություն գնալ…
    Հրեշտակապետը նորից սկսեց ծիծաղել, ծիծաղի ձայնը թնդում և արձագանգում էր ճերմակ լուսավորության մեջ:
    — Բայց պարոն Գաբիրել հրեշտակապետ, ախր ես ոչ մի վատ բան չեմ արել… Կյանքումս անգամ մի մրջյուն սպանած չկամ, — ծիծաղի ձայնը ավելի թունդացավ: Հրեշտակապետը այնպես էր ծիծաղում, որ երկինքը դղրդում էր:
    — Առաքել, հիմա տես սա ճիշտ է ասում, — կարգադրեց հրեշտակապետը ավագ հրեշտակին,
    Ավագ հրեշտակը մի կողմ դրեց թուղթն ու գրիչը, և սկսեց տնտղել համակարգչում, փորձելով գտնել ինչ որ բան:
    — Հրեշտակապետ, բավականին շատ ինֆորմացիա կա սրա մասին, — ասաց ավագ հրեշտակը, — Սա՛ բարի պտուղներից չի…
    — Ա՛յ տղա, բա չես ամաչու՞մ, — նախատեց Գաբրիել հրեշտակապետը, — քեզ նայե՜մ, սուտ ասելդ նայե՜մ, չես հասկանում որ այն աշխարհում խաբեցիր, այս աշխարհում էլ հո քո սուտը չի անցնելու…
    — Վա՜յ ինչ եք ասում, մամայիս արև սուտ չեմ խոսում, — արդարացավ նա, — կյանքումս զենք չեմ վերցրել, անգամ բանակ չեմ ծառայել, հանկարծ չմտածեք, թե ծանր հանցանք եմ գործել…
    — Ա՛յ տղա էս միամիտ ես, թե՞ մեզ ես էշի տեղ դրել, — բարկացավ Առաքյալ հրեշտակը,
    — Ազնիվ խոսք, ու՞մ անունով եք ուզում երդվեմ, կարող եմ երդվել — հարցրեց նա,
    — Գիտե՞ս տղա ջան, կարևոր չի որ դու քո ձեռքերով սպանես, — խոսեց Գաբրիել հրեշտակապետը, — բավական է այն, որ քո հրամանով են սպանել ու խոշտանգել անմեղ մարդկանց: https://geheniaraqel.wordpress.com/հատուցում/

  3. Ռազմիկ Էվոյան says:

    Ես Վանաձորի քաղաքացի եմ, ունեմ հավաստի տեղեկություն, որ Հայաստանի համար այնքան կարևոր բնական կաշվի և մորթու մշակության, միության մեջ ձմեռային մուշտակների արտադրությամբ հռչակված Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկան 1994-96 թվականներին սնանկության մատնվեց բացառապես Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի անձնական որոշման արդյունքում: Պատվիրեց մեծ քանակությամբ դուբլյոնկաներ բանակի կարիքների համար, ստացավ լրիվ խմբաքանակը և, կոպտորեն անտեսելով օրենքը, չվճարեց: Հումք գնելու համար բանկից վերցրած վարկը անհնար դարձավ վճարել, բանկի դատական հայցով վճռվեց ծաղկող ձեռնարկությանը սնանկ ճանաչել, չվճարվեց բազմաթիվ աղետյալ բանվորների աշխատավարձը, պետական հարկերն ու սոց վճարները… Հեղինակ, դուք փորձում եք սրբացնել Վազգենին, բայց նա առնվազն այս դրվագում մեր ժամանակի հերոսություն չի արել: Սա անողոք պաստերից միայն մեկն է…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031