2013-2014 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ ձևով դիմավորելու նպատակով տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է զեկուցել հանրակրթության վարչության պետը:
«Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և այդ օրերին երեխաների անվտանգությունն ապահովելու համար պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը: Այդ նպատակով մայրաքաղաքի փողոցներում, մասնավորապես՝ կրթօջախներին հարակից տարածքներում, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-ից 30-ը պետք է հատուկ հսկողություն սահմանենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է մինչև օգոստոսի 30-ն ապահովել տարրական դասարանների աշակերտների անվճար դասագրքերի բաշխումը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հանրակրթական դպրոցների բուժկետերը համալրել առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ կձեռնարկվեն քայլեր նաև դպրոցներում անխափան ջրամատակարարում և էլեկտրամատակարարում ապահովելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին անդրադառնալով` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում համապատասխանաբար ստացվել են 206 և 108 հեռախոսազանգ: Դրանց զգալի մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ, 83 հարցի պատասխանն էլ ընթացքի մեջ է: Քաղաքացիների կողմից մայրաքաղաքի 2 դպրոցների և 1 մանկապարտեզի վերաբերյալ թեժ գծերով բարձրացված բողոքների հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու անձանց օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության:
Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի, ինչպես նաև Նալբանդյան և Հանրապետություն փողոցների միջև ընկած հատվածների վերակառուցման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների 2014 թվականի ծրագրերում ներառելու նպատակով ընթացքի մեջ է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախագծում ներառել նաև քաղաքացիների առաջարկները:
Մայրաքաղաքում կառուցապատողների կողմից անձրևատար խողովակներին հասցրած վնասները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ կառուցապատողներին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ` սահմանված ժամկետում վնասները վերացնելու համար:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող գյուղմթերքների շուկաների սանիտարական վիճակի վերահսկման նպատակով 30 շուկաներում պարբերաբար կազմակերպվել են ստուգայցեր: Հայտնաբերված թերությունները տեղում շտկվել են:
2013 թվականին նախատեսվող 7 վերգետնյա հետիոտնային անցումների կառուցման աշխատանքների հետ կապված արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացող աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում: Զեկուցվել է նաև, որ անցումները կառուցվելու են նոր մոտեցմամբ:
Անդրադառնալով կենտրոնական ու երկրորդական, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցի այրված լամպերը նորերով փոխարինելու աշխատանքներին, «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ գույքագրումից հետո 604 լամպ արդեն փոխվել է:
«Երևանյան ամառ» ծրագրով շարունակվող անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում օգոստոսի 1-ից 23-ը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 2293 քաղաքացի, որոնցից 802-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության, 35-ը վիրահատվել է:
«Բոլոր այն քաղաքացիները, որոնք մինչև ակցիայի ավարտը կդիմեն և կհերթագրվեն, պետք է սպասարկվեն և համապատասխան բուժօգնություն ստանան` անկախ ակցիայի ժամկետի ավարտից»,- մեկ անգամ ևս ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Երևանյան ամառ» նախաձեռնության շրջանակում անցկացվող մշակութային ծրագրի հետ կապված` հանձնարարվել է օգոստոսի 31-ին կազմակերպել առավել ընդգրկուն ամփոփիչ միջոցառում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն