3 օր առաջ Գյումրու բժշկական կենտրոնում նորից վիրահատել են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր`Սերոբի երեխաների քավորին` Հարություն Խաչատրյանին, որին հրազենային ծանր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում` իր տան դիմաց հնչած կրակոցների պատճառով:
Հիշեցնենք, որ այդ կրակոցների պատճառով մահացել էր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից մեկը` նուն հորեղբոր թիկնապահ Շեկոն, իսկ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահեին ու քավոր Հարութի անչափահաս որդուն ձերբակալել էին:
Այս անգամ ևս քավորի վիրահատությունը կատարել է Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանը:
Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դա ընթացիկ վիրահատություն էր, որը պլանավորված էր դեռևս 5 ամիս առաջ, նա նյարդի հետ կապված խնդիր ուներ, այժմ վիճակը բավարար է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ քավոր Հարութին հիվանդանոց էին տեղափոխել ծանր շոկային վիճակում, նրա մոտ , ըստ վիրահատող բժշկի՝ «կար բազուկի վնասվածք, հրազենային վիրավորում բազկի ամբողջ երկայնքով, մուտքը արմնկային, ելքը` ուսահոդ, գնդակը շարունակաբար ուսահոդից անցել էր դեպի ծնոտը` վնասելով բերանի խոռոչը և լեզուն: Ուներ բազկի հրազենային կոտրվածք միջին երրորդականի հատվածում` բազմաբեկորային ոսկրային դեֆեկտով և ուներ նյարդի վնասում, արյան կորուստ և ծանր տրավմատիկ շոկ»:
Քանի որ վնասվել էր նյարդը, հետագա բուժումներով պետք է վերականգնեն ձեռքի ֆունկցիան: Նշենք, որ քավոր Հարութի մտերիմների ասելով, նա շատ դանդաղ է ապաքինվում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ