Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանն ակնարկում է քննիչին. «Ո՞վ է տրամադրել տեսանյութը՝ կեղծելու համար»

Օգոստոս 26,2013 15:19

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իր նամակին: Նա հետաքրքրվել էր դատախազից՝ կայացվե՞լ են դատավարական որոշումներ՝ կապված ԶԼՄ-ների հրապարակումների հետ, որոնցում Սուրիկ Խաչատրյանի անունը կապվում էր հանցագործությունների հետ:

Հայկ Ալումյանի պատմելով՝ «Սկզբում դատախազությունը տարօրինակ պատասխան է ուղարկել՝ ի՞նչ հրապարակումների մասին է խոսքը: Ես ուղարկեցի մեծ կապոցով հրապարակումներ: Դատախազությունն ի պատասխան՝ դա վերահասցեագրեց ՀՔԾ-ին, որն էլ վերջերս պատասխանեց, որ հրապարակումներում նշված փաստերի վերաբերյալ նախկինում քրգործեր արդեն իսկ հարուցված եղել են: Չնշվեց, թե որ հրապարակումների վերաբերյալ եւ ինչ ընթացք է դա ստացել»:

Անդրադառնալով տեսանյութի մոնտաժված կամ չմոնտաժված լինելուն՝ նա ասաց, որ փորձաքննությունը ցույց տվեց, որ քննիչի մոտ եղած օրինակը կեղծված չէ. «Հիմա արդեն այդ տեսանյութը մեզ բավականին մեծ նյութ է տալիս որոշակի հետեւություններ անելու համար: Մենք նոր փաստեր կարողացանք դրանից քաղել: Կարող են օգտվել առիթից եւ փորձեն շահարկել, որ նախաքննական գաղտնիք ենք հրապարակում եւ փորձեն պաշտպանին հեռացնել, դրա համար ես մի քիչ ավելի զգույշ եմ»:

Հայկ Ալումյանի խոսքերով՝ սատանան մանրուքների մեջ է թաքնված. «Նույնիսկ եթե մոնտաժված տեսանյութը նայենք, կերեւա, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ, բայց ոչ իր տան մեջ, տան տարածքում՝ Դավիթ -Բեկ փողոցում, երբ Ավետիք Բուդաղյանի մեքենան կանգնում է, նա մեքենայից դուրս չի գալիս: Բայց մի խումբ մարդիկ մոտենում են, ավտոմեքենայի դուռը բացում են եւ սկսում են քաշքշել նրան: Չմոնտաժված տարբերակում երեւում են նաեւ նրանց զենքերը: Դեռ Արտակ Բուդաղյանը մեքենայից դուրս չեկած՝ արագ մոտենում են նրա մեքենային եւ ագրեսիվ ձեւով: Առաջին երեք կրակոցը հնչում է այն ժամանակ, երբ միջադեպն, ըստ էության, արդեն ավարտվել էր, արդեն եղբայրները հեռացել էին այդտեղից, արդեն չկար իրարանցում եւ չկային փոխադարձ գործողություններ»:

Նա վստահեցրեց, որ եթե հանրությունը չմոնտաժված տեսանյութը նայի, այլեւս հարցեր չեն առաջանա. «Այստեղ մի հարց է առաջանում՝ ո՞վ է կեղծել եւ ով է տրամադրել այդ տեսանյութը՝ կեղծելու համար, որովհետեւ այդ տեսանյութը առաջին հերթին առգրավված է եղել, չէ՞: Ո՞վ է դա պատվիրել, որտեղի՞ց են այդ տեսանյութը ձեռք բերել՝ հարց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031