ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր «Ազդակ» մամուլի ակումբում, ամփոփելով արտաքին քաղաքական ամառը, հայտարարեց, որ ենթադրվում են ռուս- ադրբեջանական հարաբերությունների նոր զարգացումներ:
Նրա կարծիքով, Պուտինի՝ դեպի Ադրբեջան այցի մեջ կար հակասական վերաբերմունք հայերի նկատմամբ: Պատահական չի համարում այն հանգամանքը, որ միամիտ հայհոյանք է հնչել Ռուսաստանի հայկական ծագում ունեցող արտաքին գործերի նախարարի նկատմամբ :
Մկրտիչ Մինասյանի կարծիքով, Ադրբեջանի կողմից հրապարակված թվերը եւս մի հնարավորություն էին Ադրբեջանի նախագահի համար՝ ցույց տալու իր ֆինանսական հզորությունը եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ծավալը:
Պարոն Մինասյանը բնական է համարում նաեւ զենքի վաճառման գործարքը, որը եղավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն վստահաբար հայտարարում է, որ Հայաստանը նույնպես ունի բավարար զենք եւ միջոցներ՝ պայքարելու համար:
Կարդացեք նաև
Նա նաեւ այդ հանդիպումից ակնկալիքներ ուներ, որ կլինեին ավելի լայն քննարկումներ՝ կապված Ղարաբաղյան հարցի հետ. «Սակայն Պուտինի այն կարճ ու հստակ պատասխանից, որ հարցը միայն քաղաքական ճանապարհով պետք է լուծել, պետք է հետեւեր, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում շատ կոշտ է եւ Ռուսաստանի շահերն այս տարածաշրջանում չեն փոխվել»:
Չնայած այս ամենին՝ Մկրտիչ Մինասյանը չի կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները սառել են կամ ռազմավարական գործընկերությունը վերացել է, նա պնդում է, որ այդ միտքը անհեթեթություն է: «Ռուս-հայկական հարաբերությունները չեն վատթարացել եւ չեն էլ վատանա: Դա մեր երկու պետություններից բխող շահերի համար է».-հայտարարեց նա:
Անդրադառնալով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի գերեվարության դեպքին, նա ասում է, որ զարմացած է միջազգային կառույցների անտարբեր վերաբերմունքից. «Որպես հայ մարդ շատ զարմացած եմ, որ միջազգային կառույցները, մարդու իրավունքները պաշտպանող կառույցները ամեն մի դատարկ բանի համար կարող են համաշխարհային աղմուկ բարձրացնել: Մինչդեռ նման վերաբերմունքը, զինվորի նկատմամբ օրենքով եւ Ժնեւյան միջազգային կոնվենցիայով արգելված լինելու հետ մեկտեղ, անտեսվում է: Միջազգային կառույցները, չգիտես ինչու, գործում են երկակի ստանդարտներով, եւ այս պարագայում ոչ ոքի մտքով չի անցնում դատապարտել ադրբեջանական սադրանքը»:
Խոսելով Վիլնյուսում նոյեմբերին սպասվող համաձայնագրի նախաստորագրման մասին, պարոն Մինասյանն ասաց, որ չի կարող կոնկրետ խոսել փաստաթղթի ստորագրման մասին, քանի որ դեռեւս ոչ ոք պայմաններին ծանոթ չէ, սակայն արտահայտեց իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ. «Եթե մենք պետք է սովորենք քաղաքակիրթ աշխարհի արժեքներ եւ տիրապետենք մարդու իրավունքներին, ապա դա կլինի Եվրոպայի միջոցով, մենք հարեւան երկրներից սովորելու բան չունենք»:
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ