Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերի միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչները Ռուսաստան աշխատանքի են մեկնել: Բաղանիսի դպրոցում հիմա պատմության ուսուցիչ չկա, եւ հավանաբար հարեւան համայնքների դպրոցներից մասնագետ կհրավիրեն:
Տավուշի սահմանագոտուց արտագաղթը շարունակվում է : Հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն անցյալ տարի ուներ 35 աշակերտ: «Նոր ուսումնական տարում կունենանք 30 կամ դրանից էլ պակաս թվով աշակերտ: Հենց նոր մի երեխայի փաստաթղթերը վերցրին դպրոցից»,- ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը:
1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ:
Տավուշի մարզպետարանի կայքի «Համայնքներ» բաժնում նշված է , որ սահմանամերձ Ջուջեւանի միջնակարգ դպրոցն ունի 105 աշակերտ: Ջուջեւանի դպրոցից տեղեկացանք, որ անցյալ ուսումնական տարում դպրոցն ունեցել է 75 աշակերտ, նոր ուսումնական տարում աշակերտների թիվը կլինի 72:
Կարդացեք նաև
Ջուջեւանի դպրոցն այս տարի ունեցել է 8 շրջանավարտ, աշնանն այս կրթօջախ կհաճախի 5 առաջին դասարանցի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ