ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հայտարարեց, որ իրավիճակի մեղմացման համար կառավարությունն արդեն մշակում է ծրագրեր: Նա հայտնեց, որ ծրագիրը կունենա ընդգրկուն ծավալ՝ միայն իշխանության կողմից այս իրավիճակը քննարկելուց, վերլուծելուց եւ գնահատականներ տալուց հետո:
Պարոն Մինասյանի կարծիքով Հայաստանում, քաղաքական իմաստով, աշունը լինելու է ակտիվ: Նա պնդեց, որ հիմա՝ հասարակական կարծիքի ակտիվացման հետ մեկտեղ, իշխանության վերաբերմունքն էլ պետք է լինի համալրված համարժեք եւ համապատասխան քայլերով:
Անդրադառնալով վերջին օրերին Կոմիտաս 5 հասցեում կատարվողին, Մկրտիչ Մինասյանն ասաց, որ եթե իսկապես սանիտարական եւ քաղաքաշինական նորմերով շենքի կառուցումը չի համապատասխանում չափանիշներին, ապա քաղաքացիները ընդամենը պետք է հասկանան, որ այստեղ որեւէ մեկի իրավունքները չեն ոտնահարվում: Իսկ ոստիկանների վերաբերմունքը պետք է լինի հարգալից քաղաքացու նկատմամբ, քաղաքացու վերաբերմունքն էլ՝ փոխադարձ:
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ