Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 20-ին ավարտվել է Իրանի Իսլամական հանրապետության երկու քաղաքացիների՝ Սարգեզ Նոյուկի Անդուանիանի, Վիգեն Շաշա Նովասարտիանսի եւ ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հրապարակել է դատավճիռը:
Հիշեցնենք, որ Սարգեզ Նոյուկի Անդոունիանը մեղադրվում էր նրանում, որ նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր երկրներ տեղափոխել և այնտեղ իրացնել թմրամիջոցներ, «համաձայնության էր եկել» վարորդ, Թավրիզ քաղաքի բնակիչ Վիգեն Շաշա Նովասարտիանսի հետ ,որոշել էր թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի ընտրել Հայաստանի Հանրապետությունը: Այնտեղից էլ թմրամիջոցները տեղափոխվելու էին այլ պետություններ:
Ըստ մեղադրանքը պաշտպանած, ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության դատախազ Արամ Ամիրզադյանի, թմրամիջոցներ տեղափոխելու հարցում նրանց օժանդակել էր օդանավակայանի աշխատակից Վարդան Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Գործով ձեռքբերված ապացույցների համաձայն, իրանցիները 90 կգ. թմրանյութը տեղավորել էին դաշնամուրի մեջ, Մեղրիի մաքսային կետից անարգել հասել օդանավակայան:
Ամբաստանյալ Վարդան Մարտիրոսյանն ասում է, որ ինքը զբաղվել է ապրանքի ձեւակերպմամբ, նա չի իմացել, եւ իր պարտավորությունն էլ չէր իմանալ, թե ինչ կա դաշնամուրի ներսում:Իսկ իրանցի վարորդն էլ լաց լինելով ասաց դատարանում, թե վարորդի պարտականությունների մեջ չի մտնում ուղևորի բեռը ստուգելը:
Դատավոր Կարեն Ֆարխոյանի հրապարակած դատավճռի համաձայն, 78-ամյա Սարգեզ Անդուանյանը դատապարտվել է 14 տարվա, Վիգեն Նովասարտիանսը՝ 11 , իսկ Վարդան Մարտիրոսյանն էլ 4,5 տարվա ազատազրկման:
Պաշտպանական կողմը դեռ դատական ակտը չի ստացել, սակայն մեր տեղեկություններով, նրանք մտադիր են բողոքարկել առաջին ատյանի դատավճիռը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ