«Ոստիկանությունը մեծ առաջընթաց է ապրել: Շատ մեծ տարբերություն կա: Ավելի օրինապահ է դարձել: Մարտի 1 ենք տեսել»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով «Վճարում ենք 100 դրամ» եւ Կոմիտասի 5 հասցեում պայքարող քաղաքացիական շարժման մասին:
Ազատ Արշակյանը համաձայն է ընդդիմության այն տեսակետների հետ, որ իշխանությունը ուղղորդողի դեր է կատարում այդտեղ:
Նրա հետ չհամաձայնեց ՀԴԿ առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը. «Նրանք, ովքեր իշխանության ներկայացուցիչներին են տեսնում քաղաքացիական այս շարժման հետեւում, փորձում են վարկաբեկել: Ինչո՞ւ եք անպայման դավադրություններ այնտեղ փնտրում, միստիկա: Եթե այդպիսի քաղաքացիական ակտիվություն է, ուրեմն զարմանալի՞ է: Մարդիկ հասկացել են, որ իրենց տանը պետք է իրենց իրավունքները պաշտպանեն: Իրենք չեն ուզում հեռանան երկրից, եւ դա ամենաողջունելի քայլն է»:
Անդրադառնալով ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը՝ Արամ Սարգսյանն ասաց. «Շատ ճիշտ կլինի, որ գնան նախաստորագրեն, որ հետո չասեն՝ ինչ կատարվում է Հայաստանում, Ռուսաստանն է մեղավոր: Ծիծաղելի թվեր են հրապարակում, թե մենք 140 միլիոն կշահենք, շատ լավ, ուզում եք՝ արեք, մինչեւ վերջին կետն անցեք»:
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մտնելիս էլ ասում էին՝ հեսա մտնենք, տեսեք ինչ ենք դառնալու, դառնալու ենք դրախտ. «Այս ապաշնորհ իշխանության հետ ուր ուզում եք գնացեք՝ ոչ մի բան չի փոխվելու»:
Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ն էլ շատ կուզենար միանար եվրոպական կառույցներին, բայց ռուսական իմպերիալիզմը, նրանց ձգտումները հետգաղութային, կիսագաղութային կարգավիճակից չեն ուզում բաժանվել: ՌԴ-նն մեզ հարկադրում է, իսկ Եվրոպան մեզ տանում է՝ սա է տարբերությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ