Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԳՄ նախագահը դատի էր տվել գրող Վարդգես Օվյանին՝ Ֆեյսբուքում գրառման համար

Օգոստոս 26,2013 12:21

Այս տարվա մայիսի 31-ին ԼՂ հանրապետության ընդհանուր իրավասության դատարան էր դիմել քաղաքացի Սլավիկ Հակոբյանը (նույն ինքը՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը)՝ ընդդեմ հրապարակագիր Վարդգես Օվյանի (լուսանկարում)՝ «համացանցում իր պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորող տեղեկություններ» հրապարակելու համար:

Հայցադիմումին կցված որևէ իրեղեն ապացույց՝ ինտերնետային կայքէջի լուսանկար կամ որեւէ նյութ չէր կցվել գործին, ինչը ըստ պատասխանող՝ գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի կապացուցեր, որ «էլեկտրոնային որևէ լրատվամիջոցում հայցվորի անձն արատավորող ինչ-որ բան եմ տպել. «Փոխարենը Word ծրագրով տպած, անընթեռնելի ինչ-որ թղթի կտոր էր»:

Հայցվորը վիրավորանքի համար պահանջում էր 400 հազար դրամ, զրպարտության համար 800 հազար դրամ, իսկ փաստաբանական ծախսերը գնահատել էր մեկ միլիոն դրամ:

«Համացանցը, ինտերնետը լայն հասկացություն է։ Այսպես ասած՝ համաշխարհային հսկա մի գրադարան է։ Այնտեղ կան էլեկտրոնային կայքեր, բլոգներ, որոնք փոխարինում են որևէ լրատվամիջոցի կամ հենց իրենք են հանդիսանում էլեկտրոնային լրատվամիջոցներ։ Հայցվորը պետք է կոնկրետ ներկայացներ այդ էլեկտրոնային լրատվամիջոցի անունն ու հասցեն։ Որը սակայն չի արվել այն պարզ պատճառով, որ համացանցային որևէ ԶԼՄ-ում իր ներկայացրած «փաստերից» հետք անգամ չկա։ Իմ իրավասության տակ գտնվող ոչ մի համացանցային լրատվամիջոցում նույնպես այդպիսիք բացարձակապես չկան»,- ասում է Վ. Օվյանը:

Հայցվորը գրել էր, թե Օվյանը «տարիներ շարունակ իր անձն արատավորող տարբեր բնույթի հոդվածներ» է հրապարակել: «Գուցե «տարիներ շարունակ» ասելով հայցվոր Սլավիկ Հակոբյանը նկատի ունի «Չորրորդ իշխանություն» և իր ղեկավարած ԳՄ «Եղիցի լույս» ու «Պըլը Պուղի» թերթոններում 2008-2009 թթ. իմ և իմ հոր՝ հետմահու ԼՂՀ բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած, ճանաչված ու սիրված գրող Վազգեն Օվյանի անվան դեմ թխված շուրջ երկու տասնյակ զրպարտանք-հերյուրանքները, որոնք 3-4 հոդվածով փաստարկված պատասխան են ստացել իմ կողմից, և միայն ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց խնդրանք-հորդորով եմ ես դատախազությունից հետ վերցրել այդ զրպարտագրերի ու հերյուրանքների դեմ ուղղված իմ հայցադիմումը»,- հուլիսի 31-ին կայացած դատական նիստում ակնարկել էր Վ. Օվյանը:

Իր ֆեյսբուքյան էջից վերցված գրառման մի դրվագից է միայն Օվյանը հասկացել, որ հայցվորը մտել է իր էջը, իր ընկերների ու բարեկամների համար նախատեսված գրառումը կարդացել ու «պահանջել պարտավորեցնել պատասխանող Օվյանին հայցվորին զրպարտելու համար հրապարակայնորեն հերքել ասվածը նույն լրատվության միջոցով»:

«Զանգվածային լրատվության մասին« ԼՂՀ օրենքի հոդված 8-ի կետ 1-ի համաձայն՝ «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ»: Մինչդեռ, ֆեյսբուքյան օվյանական էջը լրատվամիջոց չէ: Ինչն էր հայցվորն համարել զրպարտություն, որը դատարանի կողմից մերժվեց ամբողջությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031