Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւան, թե Ստամբուլ. ոստիկանական բռնությունը նույնն է

Օգոստոս 26,2013 11:46

Ինչո՞ւ է իշխանությունը հարյուրավոր բնակիչների՝ նորմալ, մարդկային միջավայրում ապրելու շահը ստորադասում մեկ մասնավոր ներդրողի հարստանալու տենչին: Եվ մի՞թե դա հենց կոռուպցիայի դրսեւորում չէ:

Մեր պետության մեջ առկա ախտերից (կոռուպցիա, պաշտոնյաների շահամոլություն եւ այլն) կա մեկը, որ համեմատաբար նոր է, եւ որը ես ինձ թույլ տամ անվանել «հյուսիսպողոտային համախտանիշ»: Դրա հիմնական ախտանշանը կառուցապատման անվան տակ ինչ-որ մեկի կամ մի խմբի փողամոլական ամբիցիաները բավարարելն է՝ հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց ունեզրկելու, կամ նրանց գոյության միջավայրը խաթարելու հաշվին:
Եվ ամեն անգամ, երբ նման նախագծեր են առաջ քաշվում ու սկսում իրականացվել եւ դա բախվում է տվյալ տարածքում ապրող բնակիչների արդարացի բողոքին, պետությունն իր ողջ իրավապահ համակարգով կանգնում է ոչ թե բնակիչների իրավունքները պաշտպանողի կամ նրանց արդարացի պահանջները բավարարողի, այլ մասնավոր մեկ սեփականատիրոջ կամ ներդրողի հարստանալու տենչին սատարողի դիրքերում: Հիշենք թեկուզ տարիներ առաջ քաղաքի կենտրոնից մարդկանց բռնի, ծեծուջարդով վտարելու դեպքերը:

Komitas-5 Komitas2_08
Հիմա համանման մի բան կատարվում է Կոմիտաս 5 հասցեում իրականացվող՝ բնակիչների կարծիքով ապօրինի, իշխանությունների եւ կառուցողի կարծիքով միանգամայն օրինական շինարարության շուրջ: Ճիշտ է, այստեղ մարդկանց ունեզրկման հարց չի դրված, սակայն առկա է, ըստ բնակիչների, իրենց ապրելու տարիներով ձեւավորված միջավայրը փոխելու, իսկ ամենից առաջ՝ իրենց շենքին բաժին հասնող արեւը փակելու վտանգը: Միանգամայն բնական է, որ այդ եւ շրջակա այլ շենքերի բնակիչները պիտի բողոքեին եւ պայքարեին իրենց իրավունքների համար: Միանգամայն բնական է նաեւ այն, որ այդ պայքարին սատարում են հասարակական ուժերը: Բայց այս պայքարը բնական է մարդկա՛նց համար, իսկ իշխանությունների, ներդրողի եւ ոստիկանության համար նման բողոքը անհասկանալի է: Եվ ահա, այս դեպքում էլ պետությունն իր ոստիկանական ուժերով կանգնած է միայն ու միայն սեփականատիրոջ շահերը սպասարկողի դիրքերում: Ընդ որում, այդ սպասարկումը վերջին մի քանի օրերին ուղեկցվում է բողոքողների դեմ ակնհայտ անհամաչափ, ավելին՝ խիստ դաժան գործողություններով, ծեծուջարդով:
Երբ ամիսներ առաջ Ստամբուլում Գիզի պուրակի պաշտպանության համար պայքարի ելած թուրք ակտիվիստների դեմ ոստիկանական ուժեր էին կիրառվում եւ ցուցարարները դաժանորեն ծեծվում էին, հայաստանցիներիս մեծ մասը, բախումների մասին հեռուստառեպորտաժները նայելով, երեւի մտածում էր, թե էս ինչ այլանդակ ու վատն են թուրք ոստիկանները, որ չեն խնայում ոչ մեկին՝ տղա լինի, թե աղջիկ:
Հիմա նայեք Երեւանում բողոքի ելած բնակիչների եւ ոստիկանության բախումների կադրերը  եւ կտեսնեք համարյա նույն բանը: Տարբերությունն այն է, որ հայ ցուցարարները առավելապես խաղաղ եղանակներով են պայքարում իրենց իրավունքների համար, իսկ ոստիկանական գործողությունները էական տարբերություններ չունեն Ստամբուլում կատարվածից: Թերեւս՝ դեռ ջրցան մեքենաներ չեն կիրառվել: Ծեծուջարդը, բռնի ոստիկանական մեքենաներ նստեցնելն ու բերման ենթարկելը նույնն է: Ընդ որում, մասնակիցները պնդում են, որ ոստիկանները անհամաչափ ուժ կիրառելիս չեն էլ նայում՝ իրենց դիմաց կի՞ն է, թե՞ տղամարդ, հարվածում են : Նաեւ՝ ինչպես նշում է ծեծված Արգիշտի Կիվիրյանը, սեռական հայհոյանքներ տալիս: :
Եվ ինչքան էլ ոստիկանությունն իր ծեքծեքուն հայտարարությամբ  պնդի, թե բողոքողները հասարակական կարգ են խանգարում, Կոմիտասի պողոտան փակելը, ըստ իս, խնդրի վրա ուշադրություն հրավիրելու բողոքի ձեւ է: Բա ի՞նչ անեն մարդիկ, եթե իրենց հանգիստ բողոքը տեղ չի հասնում: Ո՞նց հետեւեն դատարան դիմելու ոստիկանի կոչին, եթե մինչեւ դատ տեղի ունենա, շենքն արդեն կառուցված կլինի, իսկ դատավարության ելքն էլ կանխորոշված է ի սկզբանե:
Արդ, ինչո՞ւ է իշխանությունը հարյուրավոր բնակիչների՝ նորմալ, մարդկային միջավայրում ապրելու շահը ստորադասում մեկ մասնավոր ներդրողի հարստանալու տենչին: Եվ՝ այս օրերին Կոմիտաս 5-ի շուրջ կատարվող եւ նախկին բոլոր համանման իրադարձությունները վերլուծելով, կարո՞ղ եմ ես կամ ցանկացած քաղաքացի ենթադրել, որ «հյուսիսպողոտային համախտանիշի» այս եւ մնացած բոլոր դրսեւորումների դեպքում պետական ռեկետ կա ու կոռուպցիա: Հիմա առանց հարցականի. կարող ենք եւ իրավունք ունենք ենթադրելու, որ ինչ-որ մարդիկ կաշառք են ստացել Կոմիտաս 5-ի բակում բազմահարկի կառուցման թույլտվությունը տալիս, երբ ակնհայտ է, որ այդ կառույցը բախվելու է (ոչինչ՝ թող կրկնություն հնչի) հարյուրավոր բնակիչների նորմալ բակում եւ նորմալ արեւի լույսով լուսավորվող բնակարաններում ապրելու շահին:
Եվ հիմա իրենց իսկ թույլտվությունն արդարացնելու եւ այն պաշտպանելու համար բողոքողների դեմ են հանել ոստիկանությանը նաեւ: Իսկ վերջիններս էլ կատարում են իրենց «ծառայողական պարտականությունները»:
Մնում է պարզել, թե հատկապես ո՞ւմ են «ծառայում» ոստիկանները այդ «պարտականություններով»:

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031