Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է էքստրեմալ ծանր վիճակում». Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 26,2013 11:32

«Ադրբեջանում գերեւարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցազրույցը Ադրբեջանը տարածել է «հայ-ադրբեջանական կոնֆլիկտ» ենթավերնագրի ներքո, ինչը արդեն խոսում է վերին աստիճանի անթույլատրելի, հումանիտար իրավունքների ներքո գտնվող խնդրի քաղաքականացման մասին»,- պնդում է մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա գնահատմամբ, հարցազրույցի հենց սկզբից երեւում է, որ հայ ռազմագերուն ուղղորդված հարցեր են տալիս, իսկ ռեպորտաժի եզրակացությունն էլ՝ վերաբերում էր զուտ հայ-ադրբեջանական հակամարտությանը. «Դա ապացուցում է, որ կոնկրետ մարդու ճակատագիրը կապում են ընդհանուր հայ-ադրբեջանական, այն էլ Ադրբեջանի կողմից մեկնաբանված հիմնահարցի հետ : Մարդու իրավունքների եւ Ժնեւյան կոնվենցիայի 13-րդ կետի երկրորդ մասով կոպիտ խախտում է ընդհանրապես ցուցադրել այդ զինվորական գերուն, ընդ որում տալ՝ հարցեր ավելին, քան անուն ազգանուն, ծննդյան վայր եւ ինչպես է այդտեղ հայտնվել: Մնացած հարցերը ոտնահարում են այդ կոնվենցիայով ամրագրված նորմերը: Եթե վերցնում ենք՝ ինչ թեմաներ են շոշափվում այդ ռեպորտաժում, ապա դա կեղծ քաղաքականացվածից բացի զուտ պրոպագանդիստական նպատակներ է հետապնդում: Այս բոլորը մենք նշել ենք մեր նամակի մեջ, որը ուղարկելու ենք միջազգային, միջպետական տարբեր կազմակերպությունների»:

Տիկին Ալավերդյանի խոսքերով, ռազմագերու պնդումները, թե ինքն իրեն լավ է զգում ադրբեջանական համազգեստով ու ցանկանում է մեկնել 3-րդ երկիր՝ վկայում է տարբեր տիպի ճնշումների մասին՝ հոգեբանական, ֆիզիկական եւ անգամ հնարավոր է խոստումների արդյունքում ստացված ցուցմունքներ են:

Նա դժգոհեց, որ դեռեւս ոչ մի միջազգային կազմակերպություն չի արձագանքել կատարվածին. «Գտնում ենք, որ ավելի քան տարօրինակ է լռությունն այն կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ՝ ամեն օր, հետեւում են մեր տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին: Այնինչ կոպիտ խախտում էր, ու դեռ չեմ տեսել, որ որեւէ կազմակերպություն արձագանքի: Եթե Կարմիր խաչի գործելաոճը մեզ համար հասկանալի է, որովհետև անգամ, եթե դիտողություն անեն կամ զեկույցի մեջ նշեն, ապա դա տեղի է ունենալու կոնֆիդենցիալ, ապա անհասկանալի է, այն կազմակերպությունների լռությունը, որոնք միշտ հրապարակային են խոսում: Փաստորեն, 10 օր պահանջվեց Ադրբեջանից մշակելու համար հոգեբանական, ուղեղի լվացում կոչվածը, եւ որից հետո այդ հարցազրույցը հնչեց: Իսկ այդ հարցազրույցի հայտնությունը Կարմիր խաչի Բաքվի պատվիրակության ոչ համաչափ վերաբերմունքի ու գործելակերպի արդյունք է »:

Տիկին Ալավերդյանի խոսքերով, Ադրբեջանի կողմից տարածված այդ տեսանյութը համայն աշխարհին եւ սեփական ժողովրդին ուղղված ուղերձ էր, որ. «Ադրբեջանի այսօրվա իշխանության դեմ խաղ չկա, ինչ կուզենք՝ կանենք , կուզենք՝ կխախտենք, կուզենք՝ կարհամարհենք, կուզենք՝ կոտնահարենք ցանկացած միջազգային նորմ ու պարտավորություն միջազգային հանրության առջեւ»:

Անդրադառնալով հայ զինծառայողին ուղղված Հայաստանում ծավալվող քննադատություններին, թե ինչու է նման հարցազրույց տվել, մարդու իրավունքների առաջին պաշտպանը կոչ արեց զուսպ արտահայտվել. «Ժամանակին, երբ նման դեպքեր էին կրկին տեղի ունեցել, Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետը մի անգամ զանգեց Արցախի ազգային անվտանգության ծառայության պետին, ասաց՝ շուտ միացրու հեռուստացույցը, կտեսնես ձեր տղաները ոնց են խոսում ձեր , ձեր բանակի ու երկրի մասին: Արցախի ԱԱԾ պետն ասաց՝ անազատության, գերության մեջ գտնվող անձին պարտադրել ասել որեւէ բան, պատիվ չի բերում , ոչ էլ այդքան դժվար է: Կոչ եմ անում՝ չտալ գնահատականներ այն անձին, որը գտնվում է էքստրեմալ ծանր վիճակում եւ չգիտենք՝ ինչպես են տեղի ունենում նման հարցազրույցները: Թույլ տանք՝ ավարտվի այս ամենը նրանով, որ այս զինվորը ողջ առողջ մնա, հասնի իր ծնողներին, հետագայում կպարզենք՝ ինչն ինչպես: Առանց որեւէ բացառության այդպիսի հարցազրույցները տեղի են ունենում մեզ համար անհասկանալի, բայց սարսափելի ճնշումների ներքո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031