Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Economist. «Թուրքիայի հայերը սկսում են հիշատակել ու մեծարել իրենց անցյալը»

Օգոստոս 26,2013 11:25

«Ազատություն» ռադիոկայանԱյսօր գնալով ավելի ու ավելի է մեծանում այն թրքահայերի թիվը, որոնք վերադառնում են իրենց արմատներին, ընդգծում է բրիտանական հեղինակավոր պարբերականը:

Բրիտանական Economist պարբերականը հոդված է հրապարակել Դիարբեքիրում՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Տիգրանակերտում բացվող հայկական թանգարանի մասին, ընդգծելով, որ Թուրքիայի հայերը սկսում են հիշատակել ու մեծարել իրենց անցյալը:

Բավական գունեղ նկարագրված հոդվածում արևմտյան պարբերականը փաստում է, որ սա իր տեսակի մեջ առաջին թանգարանն է լինելու Անատոլիայում, որը կսկսի գործել մի քանի ամսից՝ վերջերս նորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մի հատվածում:

«Թանգարանի նպատակն է ներկայացնել՝ ինչպես են հայերն ապրել, ինչ պատմություն, կենցաղ ու մշակույթ են ունեցել այստեղ մինչև 1915 թվականը, երբ օսմանյան զորքերը՝ քրդերի մեղսակցությամբ, սկսեցին ավելի քան մեկ միլիոն հայերի կոտորածը», – գրում է հեղինակավոր Economist-ն ու փաստում, որ բազմաթիվ պատմաբաններ դա որակում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

«Թուրքիան ժխտում է, որ սպանությունները զանգվածային են եղել, և պնդում է, որ հայերը զոհվել են սովից ու հիվանդություններից՝ դեպի Սիրիա իրենց հարկադրված քայլերթի ճանապարհին», – գրում է լրագրողն ու ընդգծում, որ տեղական դասագրքերը այժմ հենց այս առասպելն են հավերժացնում:

Economist-ն այնուհետ ներկայացնում է այս վիճահարույց թեմային վերաբերող մի շարք փաստեր, օրինակ, որ ըստ որոշ աղբյուրների՝ մինչև ցեղասպանությունը Թուրքիայում ապրել է երկու միլիոն հայ, մինչդեռ այսօր մնացել է ընդամենը 70 հազարը:

Թուրք պատմաբան Օսման Քոքերն իր հերթին նշել է՝ Դիարբերքիրի բնակչության ավելի քան կեսը ժամանակին քրիստոնյաներ էին, հիմնականում՝ հայեր, մինչդեռ այսօր, ըստ էության, մեկն անգամ չի մնացել:

«Ցեղասպանությունը վերապրածները ցրվել են աշխարհով մեկ, շատերը մահմեդականություն են ընդունել, սակայն թե քանիսը կոնկրետ՝ հայտնի չէ», – փաստում է բրիտանական պարբերականն ու միաժամանակ ընդգծում, որ այսօր գնալով ավելի ու ավելի է մեծանում այն թրքահայերի թիվը, որոնք վերադառնում են իրենց արմատներին:

Արդեն մեկ տարի է՝ Դիարբեքիրի պատմական թաղամասերից մեկում հայերենի ուսուցման դասեր են կազմակերպվում, որոնց մասնակցող «ծպտյալ» հայերի թիվը հետզհետե աճում է: Բազմամարդ է նաև Դիարբեքիրի՝ մեկ տարի առաջ նորոգված Սուրբ Կիրակոս եկեղեցին, այստեղ ամեն օր հարյուրավոր մարդիկ են լինում:

«Նրանց մեծ մասը մահմեդական դարձած հայեր են՝ ինձ նման», – թերթի հետ զրույցում խոստովանել է «Սուրբ Կիրակոս» հիմնադրամի ներկայացուցիչներից մեկը՝ Գաֆուր Թուրքայը:

Վերջինիս դուստրը՝ Պելինն իր հերթին ընդգծել է․ – «Անհնար է թաքցնել 1915 թվականի մասին ճշմարտությունը, բայց որպես երիտասարդ հայ՝ ես չեմ ուզում, որ ինձ խղճահարությամբ վերաբերվեն՝ զոհի նման»:

«Ես հպարտ եմ լինել ջահակիրը մի հարուստ քաղաքակրթության, որը ոչ միայն դիմացել է ժամանակի փորձություններին, այլև շարունակում է զարգանալ», – բրիտանական Economist-ի հետ զրույցում ասել է Թուրքիայում ապրող արմատներով հայ երիտասարդը:

Հեղինե Բունիաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031