«Ստացվում է՝ միայն հարուստների երեխաները կկարողանան սովորել», «Մարդիկ կան, ովքեր ուզում են սովորել, բայց չունեն բավարար ֆինանսներ». բողոքում են ուսանողները: «Առավոտ երիտասարդականի» տեսախցիկը շրջել է քաղաքում և պարզել, թե ուսանողներն ինչպես են վերաբերում հայաստանյան 11 պետական բուհերից 6-ում տեղի ունեցած ուսման վարձերի թանկացմանը, ինչ կարծիք ունեն Կրթության և գիտության նախարարի առաջարկած նոր օրինագծի մասին, որը վերաբերելու է բուհերում կատարվելիք ուսումնական բարեփոխումներին: Ոմանք թերահավատությամբ են վերաբերում այն հանգամանքին, որ ուսման վարձավճարների թանկացման դեպքում բարելավելու են ուսման որակը: «Մարդիկ թողնում են ու գնում երկրից՝ պատճառաբանելով այս թանկացումը»,-ասաց ուսանողներից մեկը: Ապագա առաջին կուրսեցիներից ոմանք էլ նշեցին, որ իրենք այլ ելք չունեն, ստիպված պետք է համակերպվեն: Հետաքրքիրն այն է, որ շատերը հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսելուց՝ ասելով, որ չեն ուզում խնդիրներ ունենալ, ոմանց հետ էլ հաջողվեց խոսել դեմքը չնկարահանելու պայմանով: Մի քանիսն էլ մխիթարվեցին այն հագամանքից, որ ըստ Արմեն Աշոտյանի, որոշակի արտոնություններ կընձեռնվեն լավ սովորող ուսանողներին:
Նազենի Բաղդասարյան