«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ասել է, թե բանակը պատրաստ է դիմել Սիրիայի դեմ գործողությունների, եթե նախագահ Բարաք Օբաման որոշի դիմել նման քայլի։ Մալազիա կատարած իր այցի ժամանակ նախարարն ասել է, թե Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները դեռեւս քննարկում են Սիրիայում քիմիական զենք հայտնաբերելու փաստից հետո հետագա գործողությունների հարցը։
Զինված ուժերի ու ազգային անվտանգության հարցերով խորհրդականները Օբամային են ներկայացրել Սիրիայի կառավարության դեմ համապատասխան գործողությունների դիմելու մի քանի տարբերակ։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Վաշինգտոնին են հանձնվել մեղադրանքներ, ըստ որոնց Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի միջոցով իրականացված հարձակման արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այս հարցով հանդիպում է ունեցել Սիրիայի իր պաշտոնակցի հետ։ Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ Մուալլեմին նա ասել է, որ եթե Դամասկոսը չունի թաքցնելու ոչինչ, ապա պիտի ոչ թե խոչընդոտի, այլ ՝՝անհապաղ թույլ տա, որ ՄԱԿ-ի փորձագետները մուտք գործեն այն հաստատություններ, որտեղ ըստ կասկածների, պահվում են քիմիական զենքեր՛՛։
Կարդացեք նաև
՝՝Բժիշկներ առանց սահմանների՛՛ միջազգային կազմակերպությունը տեղեկացնում է, որ Դամասկոսի երեք հիվանդանոցներում է տեղավորվել նյարդերի գործունեության վրա ազդող թույնից վարակվելու ախտանիշներով մոտ 36ՕՕ հիվանդ։
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին դատապարտել է քիմիական զենքի կիրառումը, սակայն միեւնույն ժամանակ տեղեկացրել, թե ունի վկայություններ այն մասին, որ քիմիական հարձակումն իրականացվել է Սիրիայի ապստամբ ուժերի կողմից։