Այսօր ավարտվեց Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուների գրանցման վերջնաժամկետը:
Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացրած նիստի ժամանակ մերժեց երեւանաբնակ, անկուսակցական Պավլիկ Սարգսյանի թեկնածությունը, որը մինչեւ սահմանված վերջնաժամեկտն այդպես էլ ընտրագրավը չի վճարել եւ գրանցեց մյուս երեք առաջադրվածների թեկնածությունը:
Այսպիսով, Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորի ազատ աթոռի համար կպայքարի 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ինքնաառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունից» առաջադրված Կապանի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը:
Նշենք, որ թեկնածուների քարոզարշավի մեկնարկը սկսվում է սեպտեմբերի 1-ից:
Կարդացեք նաև
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ի սկզբանե, թիվ 38 ընտրատարածքում առաջադրվել էր 5 թեկնածու, նրանցից մեկը՝ անկուսակցական Տիգրան Սարգսյանը, օգոստոսի 20-ին ինքնաբացարկ էր հայտնել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ