Մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 25-30-ին տեղի կունենա ռուսաստանյան նոր սերնդի մի շարք հասարակական գործիչների և լրագրողների խմբի այց ՀՀ և ԼՂՀ (օգոստոսի 25-28` Ստեփանակերտ, օգոստոսի 29-30` Երևան):
Այցելության ընթացքում նախատեսվում են համապատասխան հանդիպումներ և միջոցառումներ Հայաստանի և Արցախի կյանքին, միջազգային ու տարածաշրջանային առաջնահերթությունների նկատմամբ հայկական դիրքորոշումներին անմիջականորեն ծանոթանալու և հետագայում Ռուսաստանի համապատասխան հարթակներում դրանք ներկայացնելու համար:
Այցելության ընթացքում Ստեփանակերտում և Երևանում Փոքր և միջին գործարարության «Օպորա Ռոսսիի» համառուսաստանյան կազմակերպության փոխնախագահ Պավել Սիգալը կներկայացնի դասախոսություն «Փոքր և մանր բիզնեսի աջակցությունն ու զարգացումը. Ռուսաստանի փորձը» թեմայով, իսկ լրագրող, «Լոբբինգ ռուսաստանյան ձևով: Բիզնեսի և իշխանության միջև» գրքի հեղինակ Իրինա Տոլմաչևան` «Լոբբինգը Ռուսաստանում» թեմայով»:
Խմբի կազմում են նաև ՌԵՆ-ՏՎ հեռուստաընկերության «Աշխարհի գողտնիքները» ծրագրի հեղինակ և վարող, հասարակական գործիչ Աննա Չապմանը, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը, հասարակական գործիչ, իրավաբան Սերգեյ Կառնաուխովը, «Ռուսսկի ռեպորտեր» ամսագրի թղթակից Եկատերինա Պանինան, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան և ուրիշներ:
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն է