Այսօր Կոմիտասի 5-ի բնակիչները եւ նրանց աջակցող քաղաքացիական խմբերը եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ակտիվիստները շարունակեցին իրենց պայքարը Կոմիտասի 5 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության դեմ: Չհաշտվելով այն հանգամանքի հետ, որ շինհրապարակը պաշտպանող մի քանի տասնյակ ոստիկաններն ու կարմիր բերետավորները թույլ չեն տալիս նրանց խոչընդոտելու ապօրինի շինարարությանը, ի նշան բողոքի նրանք իրականացրեցին ինքնաբուխ խաղաղ բողոքի ակցիաներ փակելով նախ Վաղարշյան, ապա Կոմիտաս փողոցները տարբեր հատվածներում:
Սակայն ոստիկանությունը փոխանակ վերացնելու ժողովրդական դժգոհությն պատճառը՝ ապօրինի շինարարությունը, անհամարժեք եւ բռնի գործողությունների դիմեց քաղաքացիների հանդեպ, արդյունքում մարմնական վնասվածքներ պատճառելով բազմաթիվ երիտասարդների, այդ թվում՝ աղջիկների: Ապա ժ 16.00-ի կողմերը ավելի քան 30 երիտասարդ ապօրինաբար բերման ենթարկվեց Արաբկիրի ոստիկանություն: Ընթացքում՝ ոստիկանական մեքենաներում նրանցից շատերը ծեծի ենթարվեցին:
Այդ ընթացքում Կոմիտասի 5-ի բնակիչների ներկայացուցիչները՝ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում ներկայացրեցին հաղորդում հանցագործության մասին, ըստ որի կառուցապատողները կոպտորեն խախտել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կողմից Կոմիտասի 5 հասցեում ծառահատումներ իրականացնելու վրա դրված արգելանքը, ինչպես նաեւ իրականացրել է ապօրինի հողազավթումներ՝ իրեն պատկանող պարսպապատ տարածքից դուրս՝ քանդելով պարիսպը: Ակնհայտ է, որ այս հաղորդումը բավարար է իրավապահ մարմինների կողմից ապօրինի շինարարությունը անհապաղ կասեցնելու համար: Սակայն դրա փոխարեն իրավապահները բռնությունների են ենթարկում այդ ապօրինությունների դեմ պայքարող շրջակա շենքերի բնակիչներին եւ նրանց սատարող քաղաքացիական եւ քաղաքական ուժերի ակտիվիստներին:
Մենք խստորեն դատապարտում ենք իշխանությունների հերթական հակաժողովրդական կեցվածքը եւ ոստիկանության անհամարժեք գործողությունները: Պահանջում ենք այսուհետ զերծ մնալ քաղաքացիների հանդեպ հակաօրինական գործողություններից, պատասխանատվության կանչել ոչ իրավաչափ ուժ կիրառող ոստիկաններին, ինչպեսեւ կասեցնել երեւանցիների շահերը ոտնահարող եւ բացառապես մի քանի մեծահարուստի եւ ենթադրաբար՝ նաեւ պաշտոնյաների հարստացմանն ուղղված Կոմիտաս 5 հասցեում հակաօրինական շինարարությունը:
Կարդացեք նաև
“Ժառանգություն” կուսակցություն