Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն. Կոմիտաս 5-ում ակցիայի մասնակիցներն այսօր խախտել են թույլատրելիի բոլոր սահմանները

Օգոստոս 24,2013 20:55

Արդեն տևական ժամանակ է` ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ իրականացնողներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, պահպանել հանրային նորմերը, հարգել այլոց իրավունքները:

Այսօր ստիպված ենք փաստել, որ ոստիկանության հանդուրժողականության և օրինահարգության հորդորը ոմանց կողմից ընկալվում է որպես ամենաթողության հնարավորություն: Որոշ ակտիվիստ-ցուցարարների օրինազանց գործողությունները խոսում են այն մասին, որ վերոհիշյալ մեթոդները սպառել են իրենց:

Արդեն մի քանի օր մայրաքաղաքի Կոմիտաս 5 հասցեում անցկացվող ակցիայի մասնակիցներն այսօր խախտել են թույլատրելիի բոլոր սահմանները` փակել են Կոմիտասի պողոտան, չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին, դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչի հետևանքով կան վնասվածքներ ստացած ոստիկաններ:

Իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 26 անձինք:

Նրանց գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական:

Քաղաքացիական ակտիվիստների գործողությունները, մասնավորապես, խոչընդոտում են ճանապարհի երթևեկելի հատվածներում տրանսպորտի բնականոն երթևեկը, սահմանափակում մայթերից, պուրակներից, զբոսայգիներից և հանրային ժամանցի համար նախատեսված այլ վայրերից օգտվելու` քաղաքացիների իրավունքները, խաթարում են պետական հաստատությունների բնականոն աշխատանքը և այլն: Նմանատիպ գործողություններն իրենց ամբողջության մեջ խախտում են  հասարակական կարգը, ստորադասում հասարակական համակեցության կանոնները և սահմանափակում այլոց սահմանադրական իրավունքները:

ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է` զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց, կատարել հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված  ոստիկանության  ծառայողների օրինական պահանջները և տեղիք չտալ ավելորդ լարվածության:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ:

Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսևորել են հանդուրժողականություն և չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու և խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով  կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:

ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեսակները և դրանց գործադրման իրավաչափության պայմաններն ու մարտավարական կարգը սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանով:

Մասնավորապես` ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել`ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետ մեքենաներ և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ:

Հայտարարում ենք. հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ:

 

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031