1. Եգիպտոսը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելյան մասում, սակայն ներառելով նաև Սինայի թերակղզին՝ համարվում է ասիական պետություն: Տարածքն է 1.001.450 քառակուսի կիլոմետր: Երկրով մեկ` հարավից հյուսիս, կտրում-անցնում է երկրագնդի մենաերկար գետը` Նեղոսը (6500 կմ.):
2. Եգիպտոսում ամբողջ տարվա ընթացքում տեղումներ գրեթե չեն լինում: Նեղոսը ջրի միակ աղբյուրն է: Ամռան կեսերից սկսած Նեղոսը վարարում էր և դուրս գալով ափերից, ողողում առափնյա հողերը` այն պարարտացնելով իր հետ բերած տիղմով: Եգիպտացիների կյանքը հնարավոր չեր պատկերացնել առանց Նեղոսի: Հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսը նույնիսկ անվանել է «Նեղոսի պարգև»:
3. Մ.թ.ա IV հազարամյակի կեսերին Եգիպտոսի տարածքում ձևավորվեցին 40-ից ավելի քաղաք-պետություններ` նոմեր: Նոմը փոքր իշխանություն էր, բաղկացած մի քանի միմյանց մոտ գտնվող բնակավայրերից: Ժամանակի ընթացքում քաղաք-պետությունները միավորվեցին` կազմելով երկու թագավորություն` Հյուսիսային և Հարավային։ Միավորման համար պայքարն ավարտվեց միայն Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջին: Ք.ա 3100 թ.-ին հարավի տիրակալ Մենեսը գրավեց Հյուսիսային թագավորությունը` սկիզբ դնելով Եգիպտոսի միասնական թագավորությանը:
4. Եգիպտացիները թագավորին անվանում էին փարավոն: Փարավոնների անձն աստվածացվում էր: Փարավոնը համարվում էր աստծո որդի` կենդանի աստված, որը կառավարում էր երկրի վրա: Փարավոների կենդանության օրոք կառուցում էին նրա վիթխարի դամբարանը: Այդ դամբարանները նման էին երկրաչափական բուրգերի, այդ պատճառով էլ ստացել են բուրգեր անվանումը:
5. Փարավոնների բուրգերը վիթխարի չափեր ունեին: Դրանցից ամենախոշորը Քեոփսի բուրգն է, որի կառուցումն ավարտվել է Ք.ա. մոտ 2600 թվականին: Կառուցմանը մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Կառուցվել է շուրջ 20 տարում: Բուրգի բարձրությունը 147 մետր է, յուրաքանչյուր կողմի երկարությունը` 233 մետր: Կառուցման ժամանակ օգտագործվել է 2մլն. 300 հազար քարե սալ, յուրաքանչյուրը մինչև 2 տոննա քաշով: Այն համարվում է Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:
6. Փարավոնները կազմակերպում էին նաև մեծ շինարարական աշխատանքներ` կառուցում էին շքեղ պալատներ, տաճարներ, հսկայական դամբարաններ: Այս շրջանում է կերտվել նշանավոր սֆինքսը, որը մարդու գլխով և առյուծի մարմնոց մեծ հուշարձան է: Եգիպտական մեծ սֆինքսը քանդակված է մի ամբողջական ժայռից և ունի ավելի քան 20 մետր բարձրություն: Կառուցված է Քեոփսի բուրգի հարևանությամբ:
7. Միջին թագավորության ժամանակներից Եգիպտոսի գլխավոր աստված համարվում էր Ամոն-Ռա աստվածը: Եգիպտացիների կարծիքով` Ամոնն էր սկզբնական ջրային քաոսից ստեղծել երկիրը, մարդկանց և այն ամենն, ինչ կա բնության մեջ: Օսիրիսը մեռնող և հարություն առնող աստվածն էր: Նա մարմնավորում էր բնությունը: Ըստ առասպելի` Օսիրիսը սպանվում է իր եղբոր` Սեթի կողմից: Սակայն աստվածները կենդանացնում են նրան: Օսիրիսի կինը` Իսիդան, ծնում է Հորին, որը սպանում է Սեթին և դառնում արքա: Եգիպտական փարավոնները համարվում էին Հոր աստծու մարմնավորումը երկրի վրա: