Երեւանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին աջակցելու նպատակով կամավորության սկզբունքով հավաքագրել է 194 ընտանիք, որտեղ, մինչեւ ծրագրի վերջին փուլը, հայրենիքում անցկացրած օրերին բնակվել է 211 սփյուռքահայ երեխա։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած 243 ընտանիքից որպես հյուրընկալ ընտանիք ընտրվել են միայն առաջադրված բոլոր չափորոշիչներին համապատասխանողները։
Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող Ալոյանների ընտանիք, որը միաժամանակ 5 երեխա է ընդունել՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընտանիքից։ Սիրանուշ Ալոյանի խոսքով՝ իրենց ընտանիքը հնարավորինն արել է, որպեսզի ամառային արձակուրդի օրերը հայրենիքում անցկացնող քույրերի, նրանց եղբոր ու եւս մեկի՝ նրանց ընկեր երեխայի համար առավելագույն հարմարավետ պայմաններ ապահովի։ ի դեպ, այս տարի բազմաթիվ են հյուրընկալ ընտանիքները, որտեղ միաժամանակ բնակվում է երկու եւ ավելի սփյուռքահայ երեխա։
Ռուզաննա Զաքարյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալ ընտանիքին եւ Երեւանի քաղաքապետի անունից հյուրընկալված երեխաներին է հանձնել քաղաքապետարանի կողմից հրատարակվող Երեւանի մասին գրքեր։
Կարդացեք նաև
«Արի տուն» ծրագրի նախավերջին օրը՝ օգոստոսի 30-ին, ըստ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ սփյուռքի նախարարության գնահատականների, հայտնի կդառնան ծրագրի մասնակից լավագույն հյուրընկալ ընտանիքներն ու վարչական շրջանները՝ համապատասխան անվանակարգերում։