Օգոստոսի 24-ին «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկներ Կարեն Մելիքբեկյանը եւ Հովիկ Բարդումյանը խոսեցին ազատամարտիկների սոցիալական պահանջների նոր փաթեթի մինչեւ այժմ կատարած ակցիաների հաշվետվության ու հետագա անելիքների մասին:
Կարեն Մելիքբեկյանը ներկայացրեց իրենց պահանջները, որոնք են՝ կարգավիճակ հաստատել ազատամարտիկների համար, կրկնապատկել կենսաթոշակը, ապահովել անվճար բուժօգնությամբ, տրամադրել կոմունալ զեղչեր. «Նաեւ պահանջ ենք դրել բոլորի համար՝ եւ՛ ոստիկանության համակարգից, եւ՛ ազգային անվտանգության համակարգից, եւ՛ պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայողներ, կապ չունի՝ սպա է, ենթասպա է, բոլորի իրավունքները մենք ներկայացրել ենք: Պահանջում ենք կառավարությունից դեմքով շրջվել դեպի էդ տղաներին, որ էդ տղաները մեծ հզոր աշխատանք են կատարել ու հիմա էդ աշխատանքը զինվորներն են շարունակում կատարել»:
Հովիկ Բարդումյանը ավելացրեց, որ ազատամարտիկները ստիպված են դուրս եկել պայքարի իրենց իրավունքները պաշտպանելու համար, որովհետեւ նրանցից շատերը շատ վատ պայմաններում են. «Հաշվի առնելով էդ հանգամանքները եւ բազմաթիվ դժգոհությունները` որոշեցինք անցնել պայքարի եւ ինքներս ստիպել իշխանություններին, որպեսզի մեր հարցերը լուծեն: Դրա համար ստեղծվեց նախաձեռնող խումբ, որին միացան բազմաթիվ ազատամարտիկներ: Բայց քանի որ շատ դժվար է հասնել նպատակին, նախաձեռնող խումբը որոշեց, ոչ միայն պայքար սկսել մայրաքաղաքում, այլեւ բոլոր մարզերում»:
Այդ նախաձեռնող խումբը շրջում է մարզերով, որտեղ եւս կազմակերպում է նստացույց: Ներկա պահին խումբը արդեն երրորդ օրն է Վանաձորում է եւ կազմակերպել է նստացույց: Պրն Բարդումյանի խոսքով, բազմաթիվ ազատամարտիկներ են միացել խմբին եւ նրանց տեսակցության է եկել Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը, թեմի առաջնորդը եւ ոստիկանապետը եւ առաջարկել իրենց աջակցությունը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ