Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում սթրայքբոլն արագ կերպով զարգանում է». Սքայթբոլի մասին

Օգոստոս 24,2013 14:35

Սթրայքբոլ. խա՞ղ, թե՞ սպորտաձև, դժվար է ասել: Սակայն այս խաղը հիմնականում հետաքրքրում է էքստրիմի սիրահարներին: Պարզվում է՝ Հայաստանում այն ևս հասցրել է սիրվել: Այս անգամ փորձեցինք զրուցել և տեղեկանալ խաղի և սթրայքբոլի գաղափարախոսության մասին Հայաստանի սթրայքբոլի խաղերի կազմակերպիչ Տիգրան Ավետիսյանի հետ:


Սթրայքբոլի ֆեդերացիան ստեղծվել է 2010 թին, հետաքրքիր է՝ ինչպե՞ս որոշեցիք հիմնել այն:
 Հայաստանում դեռ ֆեդերացիայի հիմնումից առաջ էլ կային որոշակի խմբեր, որոնք խաղում էին սթրայքբոլ: Բայց հստակ կազմավորված ու ձևավորված համակարգ չկար, որը այս ամենը կտարածեր հասարակության լայն շերտերի մեջ: Հաշվի առնելով մեր ազգի առանձնահատկությունները՝ մենք վստահորեն առաջ գնացինք ու հիմնադրեցինք Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան:
Արդյոք կարելի՞ է սթրայքբոլը համարել սպոտրաձև, ո՞րն է սթրայքբոլի գաղափարախոսությունը, շատերի մոտ այն ասոցացվում է «կռիվկռիվ» խաղի հետ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք այն:

Սթրայքբոլը սպորտային մարտական խաղ է, բայց այն չի կարելի համարել առանձին սպորտաձև: Այն իր բնույթով ավելի շատ խաղ է, բայց ինչքան հնարավոր է՝ մոտեցված է իրական ռազմական գործողություններին: Դիտարկել այն որպես «կռիվ-կռիվ», երևի կլինի ոչ ճիշտ, քանի որ խաղն ունի յուրահատուկ փիլիսոփայություն ու ինքնատիպ պատմություն:

Ինչպիսի՞  զենքեր են օգտագործվում խաղի ընթացքում և ապահովագրվա՞ծ է խաղընկերների «կյանքը»:

Խաղի ժամանակ օգտագործվում են իրական զենքերի էլեկտրո-պնեւմատիկ կրկնօրինակները, որոնք քաշով ու տեսքով նման են իրականին: Կրակում են պլաստմասե փոքր գնդակներ: Զենքերը օդամղիչ են` ոչ ավելի, քան 1.9 ջոուլ փողային էներգիայով:
Մասնակիցների «կյանքին» ոչ մի վտանգ չի սպառնում, գնդակները ամենամեծ վնասը կարող են հասցնել աչքերին, բայց դրանից խուսափեկու համար բոլոր մասնակիցները անխտիր ստանում են պաշտպանիչ ակնոցներ կամ հատուկ խաղի համար նախատեսված դիմակներ, որոնք աչքերը կպաշտպանեն բոլոր կողմերից: Նաև բոլոր մասնակիցներին տրվում է ժիլետ, ձեռնոց և կտորից դիմակ: Մեր հետ վերցնում ենք նաև առաջին բուժօգնություն ցույց տալու բոլոր անհրաժեշտ միջոցները:
Խաղից առաջ բոլոր մասնակիցներին անվտանգության կանոններին ծանոթացնում են մեր հմուտ հրահանգիչները, որոնք ամբողջ խաղի ընթացքում հետևում են խաղին ու անհրաժեշտության դեպքում օգնում խաղացողներին:
Բացի ֆիզիկական պատրաստվածությունից՝ ինչի՞ն է նպաստում այս խաղի կիառումը:
Գիտե՞ք, հիմա, երբ մենք պատրաստի ստանում ենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, ապրում ենք քաղաքային պայմաններում, վարում ենք նստակյաց կյանք, մեզ պետք է ժամանակ առ ժամանակ որևէ կերպ դուրս գալ այդ փակ շղթայից: Մասնակիցները իրենց տեսնում են մեկ այլ անկյունից, որը նախկինում իրենց ծանոթ չէր: Նրանք դառնում են ավելի զգոն, լուրջ, էֆեկտիվ, զարգանում է լակոնիկ մտածելակերպն ու թիմում աշխատելու հատկությունները: Միանգամից վերանում է հոլիվուդյան բլոկբաստերներից եկած սխալ պատկերացումները կռվի մասին: Եվ իհարկե, խաղացողները ստանում են լավ հիշողություններ ու նոր հետաքրքիր ծանոթություններ:
Կխոսե՞ք մի փոքր խաղի կանոնների մասին. ե՞րբ է սկսվում և ավարտվում խաղը, և ինչպե՞ս են որոշվում հաղթողներն ու պարտվողները:
Մասնակիցները խաղի անցկացման համար նախատեսված խաղադաշտերում (որոնք գտնվում են Երևանում, Էջմիածնում, Դիլիջանում, Սևանում և այլն) բաժանվում են թիմերի, բազմաթիվ սցենարներից ընտրում ենք մեկը ու պատրաստվում սկզբին: Խաղը սկսվում է հսկիչի հրահանգով, որը վերահսկում է խաղի ընթացքն ու մասնակցիներին տալիս է ցուցումներ: Մասնակիցը համարվում է մահացած, եթե մարմնի ցանկացած հատվածին կպել է գնդակ: Սցենարից ու թիմերին տրված առաջադրանքներից կախված որոշվում է հաղթող թիմը:
Արդյոք սթրայքբոլը միայն տղամարդկան՞ց խաղ է, Ձեր ֆեդերացիայում կա՞ն աղջիկ մասնակիցներ:
Սթրայքբոլ ավելի շատ տղաներն են խաղում, բայց իհարկե, ունենք նաև բազմաթիվ աղջիկ մասնակիցներ: Փոքրիկ գաղտնիք բացեմ. աղջիկները գրեթե միշտ ավելի լավ են խաղում տղաներից: Բացի դրանից՝ աղջիկների հետ խաղը միշտ էլ լինում է ավելի հետաքրքիր: Աղջիկերն ավելի կարգապահ են ու կատարում են բոլոր հրահանգները:


Հայաստանում որքանո՞վ են հետաքրքրված սթրայքբոլով և ո՞րն է այս խաղի գերագույն նպատակը:

Հայաստանում սթրայքբոլն արագ կերպով զարգանում է: Այս տարի սեպտեմբերի 21-ին կլրանա մեր 3 ամյակը: Այդ առիթով մենք ունենալու ենք հետաքրքիր միջոցառումների շարք: Արդեն այս պահին սթրայքբոլ խաղացել են մի քանի հազար մարդ, իսկ քիչ թե շատ մշտական անդամների քանակն անցնում է 100-ից:

Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի hայկական ֆեդերացիան անվանն ու ոգուն հարազատ իր առջև նպատակ է դնում սթրայքբոլ խաղի միջոցով բարձր պահել հայ երիտասարդների մարտական, ֆիզիկական և հոգևոր պատրաստվածությունը, որը և կարևորում ու նպաստում է նրանցում սերմանելու ոչ միայն հայրենասիրության, այլև հայրենիքի պաշտպանության մշտական պատրաստ լինելու նվիրական զգացումը, իսկ խաղաղ պայմաններում սթրայքբոլն ապահովում է երիտասարդության ժամանցն ակտիվ և առավել հետաքրքիր կազմակերպումն ու անցկացումը:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel says:

    Եթե ցանկանում եք մասնակցել սթրայքբոլի խաղերին զանգահարեք 091-61-21-11 կամ այցելեք Տերյան 59

    https://strikeball.am/contacts

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031