Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:00-ի սահմաններում Վայք քաղաքում գործող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում գազալիցքավորման պահին դեռեւս անհայտ պայմաններում պայթել է Opel Vectra մակնիշի 14 ՍՕ 051 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը:
Պայթյունի հետեւանքով գազալցակայանի աշխատակից 27-ամյա Արթուր Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորի առողջական վիճակը միջին ծանրության է եւ նրան տեղափոխում են Երեւան: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է 44-ամյա Ալիկ Գրիգորյանը: Պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ գազալցակայնի տանիքը: Այս պահին վթարի վայրում աշխատում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձոր մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները: Տեղում է նաեւ ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ-քննչական խումբը: