Օրեր առաջ Ռուսաստանում մեծ շուքով պատվել են տաղանդավոր սիրիահայ ակնաբույժ Մինաս Ադամյանին:
Ականավոր ակնաբույժ, խոշորագույն գիտնական, ակադեմիկոս, ժամանակակից ակնաբուժության հիմնադիրներից Սվյատոսլավ Ֆեոդորովի անունը կրող «Առաջատար բժշկական տեխնոլոգիաների զարգացման աջակցության» հիմնադրամը եւ Ս. Ֆեոդորովի անվան «Աչքի մանրավիրաբուժություն» միջճյուղային գիտատեխնիկական համալիրը, որի կարգախոսն է՝ «Հրաշալի աչքեր յուրաքանչյուրին», ակնաբուժության բնագավառում ունեցած մեծ ներդրման եւ ոլորտին մատուցած ծառայությունների համար սիրիահայ ակնաբույժ Մինաս Ադամյանին պարգեւատրել են ակադեմիկոս Ս. Ֆեոդորովի անվան հուշամեդալով եւ պատվոգրով՝ «Ազնվագույն մղումների եւ արժանավայել ձեռնարկումների համար» մակագրությամբ:
Ի դեպ, Ս. Ֆեոդորովի ֆոնդի այդ արարողությունը միշտ տեղի է ունենում լեգենդար ակնաբույժի ծննդյան օրը, նրա հիմնադրած մերձմոսկովյան գյուղում, նրա այրու՝ Իռեն Ֆեոդորովայի նախագահությամբ եւ ներկայությամբ մեծ ակնաբույժի մերձավորների, մտերիմների՝ ռուսական հանրային կարծիքը ձեւավորող մարդկանց:
Այս անգամ էլ, չխախտելով ավանդույթը, պարգեւները նույն վայրում Մինաս Ադամյանին են հանձնել Ս. Ֆեոդորովի անվան հիմնադրամի նախագահը՝ Ս. Ֆեոդորովի այրին՝ տիկին Ի. Ֆեոդորովան եւ Ս. Ֆեոդորովի անվան «Աչքի մանրավիրաբուժություն» միջճյուղային գիտատեխնիկական համալիրի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Չուխրայովը: Ակնաբուժության եւ ընդհանրապես բժշկության բնագավառում սիրիահայ ակնաբույժ Մինաս Ադամյանն այն միակ եւ եզակի հայն է, ով արժանանում է այսպիսի գնահատականի: Անշուշտ, տարիներ առաջ, երբ Մինաս Ադամյանն ուսանում էր Երեւանի բժշկական ինստիտուտում եւ հետո, երբ երկար տարիներ աշխատում էր «Աչքի մանրավիրաբուժություն» մոսկովյան խոշորագույն եւ հզոր կլինիկայում, ականավոր ակնաբույժի՝ Ս. Ֆեոդորովի սանն էր ու օգնականը, երբ օրեր, ամիսներ ու տարիներ էր անցկացնում ակնաբուժության վարպետի կողքին ու յուրացնում էր աչքին լույս պարգեւելու արարչական արվեստը, երբեք չէր պատկերացնում, որ մի օր արժանանալու է այսպիսի մեծարանքի: «Հրավերը Մոսկվա ինձ համար թե անսպասելի էր, թե՝ անակնկալ: Նաեւ հուզիչ էր, քանի որ ես երկար տարիներ եղել եմ իմ մեծ ուսուցչի կողքին, ուսանել եմ թե ակնաբուժության գաղտնիքները, թե մարդկային փոխհարաբերությունների գաղտնիքները, թե այլ արժեքներ եւ խորապես հարգում եմ այդ մեծ մարդուն եւ խոնարհվում եմ նրա հիշատակի առաջ: Ես իմ մասնագիտության բերումով բազմաթիվ նշանավոր մարդկանց եմ հանդիպել, միշտ նայել եմ մարդկանց աչքերի մեջ, բայց Ֆեոդորովը թերեւս ամենամեծ մարդկանցից էր, որի հետ ես բախտ եմ ունեցել աշխատել, շփվել, անկեղծանալ: Ես նաեւ հպարտ եմ, որովհետեւ այս մեծարանքը գնահատական էր: Հպարտ եմ նաեւ, որ այդ պարգեւներն ինձ հանձնում էին շատ պատվելի մարդկանց՝ Սոլժենիցինի այրու՝ Նատալյա Սոլժենիցինայի, ակադեմիկոս Ս. Կոնովալովի, հանրահայտ գործիչներ Հենրիխ Բորովիկի, Էդուարդ Սագալաեւի եւ այլոց ներկայությամբ, եւ ես կարող էի եւս մեկ անգամ նրանց առիթ տալ, որ խոսեն Հայաստանի ու իմ հայրենիքի մասին»,- ասում է Մինաս Ադամյանը:
Կարդացեք նաև
Մեկ ուշագրավ փաստ՝ Ս. Ֆեոդորովի անչափ հետաքրքիր կենսագրությունից: Մինչեւ այն ողբերգական դեպքը, որից հետո հեռացրեցին երիտասարդ Ֆեոդորովի ոտքը, Ուկրաինայում, կարմիրբանակային հրամանատարի ընտանիքում ծնված տղան երազում էր օդաչու դառնալ եւ դպրոցն ավարտելուց հետո 1943 թվականին ընդունվում է Երեւանի նախապատրաստական արտիլերային ուսումնարան եւ միայն ոտքը կորցնելու ողբերգական պատահարից հետո է նվիրվում բժշկությանը եւ ակնաբուժությանը՝ մասնավորապես:
ՍՅՈՒԶԻ ԹՈՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ