Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կորոշի վարչապետը արձակուրդից վերադառնալուց հետո

Օգոստոս 24,2013 13:46

Նրա որոշումից է կախված՝ կասեցնե՞լ ԱԺ նախագահին,  Գագիկ Ծառուկյանին եւ Երվանդ Զախարյանին պատկանող  գազալցկայանների աշխատանքները

Մոտ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը խոստացել էր հանրապետության բոլոր գազալցակայաններում ստուգումներ կատարել եւ այն ընկերություններին, որոնք տեղադրած չեն լինի բաշխիչ աշտարակները՝ պատժել:

Նախ նշենք, որ բաշխիչ աշտարակների տեղադրման մասին որոշումը կառավարությունը դեռեւս 2008 թվականին էր կայացրել. աշտարակների տեղադրումով պիտի բացառվեր լցակայաններում կեղծարարությունը, գազի բալոններում ավել ճնշմամբ գազ լիցքավորելն ու, որ ամենակարեւորն է, ապահովվեր մեքենաների անվտանգությունը, քանի որ բաշխիչ աշտարակ ունենալու դեպքում ավել ճնշմամբ գազ լցնելն ուղղակի անհնար է: Կառավարության որոշումից հետո մի քանի տարի գազալցակայանների սեփականատերերի մեծ մասը արտոնյալ պայամաններում էին աշխատում, քանի որ կառավարությունը որոշել էր հետաձգել իր պահանջը, մինչեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարվի, քանի որ այդ ժամանակ տնտեսվարողները չէին կարող մեծ ծախսեր անել: Ճգնաժամն էլ ավարտվելուց հետո, էլի շատ տնտեսվարողներ շարունակեցին աշխատել առանց բաշխիչ աշտարակների, եւ սպառողներից գանձել «լեւի» 500 դրամներ, ինչը աշտարակների առկայության դեպքում բացառվում է:

Տնտեսական ճգնաժամից հետո էլ «ճգնաժամ» սկսվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր եւ գազալցականների սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների միջեւ: Ու, «Առավոտի» տեղեկություններով, գազալցակայաններում խիստ ստուգումներն ու տուգանքները եւս մի որոշ ժամանակով հետաձգվել էին:

Մոտ 10 օր առաջ շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը ստուգումներ է իրականացրել եւ ավարտել ստուգումները գազալցակայաններում: «Առավոտը» էկոնոմիկայի նախարարությանը մի շարք ընկերությունների վերաբերյալ հարցում է ուղարկել՝ արդյոք դրանք տեղադրել են բաշխիչ աշտարակները, եւ որ ընկերություններն են, որոնք խուսափում են կատարել կառավարության որոշումը: Նախարարությունից խոստացան մեր հարցերին պատասխանել առաջիկայում:

«Առավոտի» տեղեկություններով, դեռւես մեկ տարի առաջ պարոն Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» ՍՊԸ-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն վերջերս այս ընկերությունում 4 լցակայաններից 3-ում արդեն տեղադրվել է: «Մուլտի լեոն» ընկերությունը, որը նույնպես Գագիկ Ծառուկյանին է պատկանում, այս ընկերության գազալցակայանի 3 կետերից 2-ում տեղադրված են աշտարակներ, մեկն էլ՝ տեղադրման փուլում է, իսկ նույն գործարարին պատկանող «Օլիվեստա» ընկերությունում առայժմ տեղադրված չէ աշտարակ:

Արտաշատում «Արգ-Լեւ-Գազ» ընկերությանը պատկանող գազալցակայանում, որն ըստ մեր տեղեկությունների՝ պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, բաշխիչ աշտարակ տեղադրված չէ: Հովիկ Աբրահամյանին է պատկանում նաեւ «Արշագ» ընկերությունն իր ԱԳԼՃԿ-ով, այստեղ, թեեւ ամիսներ առաջ չկար աշտարակ, հիմա արդեն տեղադրված է:

Մեր տեղեկություններով, Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երեւանդ Զախարյանին պատկանող եւ մայրաքաղաքում գործող «Օկտան» ընկերության գազալցակայանում բաշխիչ աշտարակ տեղադրված չէ:

Իսկ ահա նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պատկանող «Գազոսֆերա», «Կարեն եւ Ռաֆիկ» ընկերությունների՝ Արտաշատում գործող գազալցակայաններում բաշխիչ աշտարակներ տեղադրվել են, նախկին ոստիկանապետին է պատկանում նաեւ «Սարանդ» ընկերությունը, որի՝ Մասիս քաղաքում գործող գազալցակայանում եւս տեղադրվել է աշտարակ, իսկ մոտ  մեկ տարի առաջ այս լցակայաններում չկային աշտարակներ:

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող «Ավտոստոպ» ընկերությունը դեռեւս մեկ տարի առաջ իր գազալցակայանում չուներ բաշխիչ աշտարակ, բայց արդեն մի քանի ամիս է՝ այս ընկերությունը աշտարակ ունի: Մոտ 1 տարի առաջ աշտարակ չուներ նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին պատկանող «ԲԻԼԴՄԱԹ» ընկերության Երեւան-Սեւան մայրուղում գործող գազալցակայանը, բայց վերջերս այստեղ էլ է տեղադրվել աշտարակ:

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին է պատկանում Երեւան-Սեւան մայրուղու 43 կիլոմետրի վրա գործող «Կ.Հ.Ա.Ռ.» ընկերության գազալցակայանը. այստեղ էլ մոտ 1 տարի առաջ չկար աշտարակ, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն որոշ ժամանակ է՝ բաշխիչ աշարակը տեղադրվել է:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող ու Վանաձորում գործող «ԱՐԱՐԱՏ ՋԷԳ» ընկերության գազալցակայանում էլ 1 տարի առաջ բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, բայց հիմա արդեն դրանք տեղադրվել են:

Թե էլ ո՞ր ընկերություններում տեղադրված չեն բաշխիչ աշտարակներ, պարզ կլինի միայն էկոնոմիկայի նախարարության խոստացած առաջիկա պատասխանից: Նշենք, որ «Առավոտի» հուլիսի 17-ի «Գագիկ Ծառուկյանի գազալցակայանների աշխատանքները կկասեցվե՞ն» հոդվածում շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը վստահեցրել էր, որ մարզերում գործող ԱԳԼՃԿ-ները շատ պարտաճանաչ են, եւ գրեթե բոլորում առկա են բաշխիչ աշտարակներ: Նույն հոդվածում պարոն Խալիկյանը, հղում անելով օրենքին, վստահեցրել էր, որ առանց աշտարակների գազալցակայանների աշխատանքներն այս վերջին ստուգումներից հետո կասեցվելու են:

Հաշվի առնելով, որ նախկինում կառավարության որոշումը շրջանցող ԱԳԼՃԿ-ներին խախտումով աշխատել թույլ է տվել ՀՀ վարչապետը, ապա ամենայն հավանականությամբ, միայն նրա արձակուրդից վերադառնալուց հետո ու միայն վարչապետի հրամանով կորոշվի՝ կասեցնե՞լ առանց բաշխիչ աշտարակների գազալցակայանների աշխատանքները, թե՝ «շանս» տալ:

Հավելենք, որ, ըստ օրենքի, օրինախախտ ԱԳԼՃԿ-ների աշխատանքները կասեցվում են այնքան ժամանակ, մինչեւ տեղադրեն բաշխիչ աշտարակները:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարորդ says:

    Էդ սաղ լավ ա, բա ինչ կասեք 500 դրամ այսպես կոչված ՞չայեվոների՞ մասին, որը Երևան քաղաքում կրում է համատարած բնույթ, չնայած աշտարակների առկայությանը:

  2. Ettentcchi says:

    Բա հարցնող չկա այտ գազալցակայանները հենց միայն իրենք կարող են բացել, ուրիշ ոչ մմեկը իրավունք չունի, այտ ոնց է ստացվել միայն իրենք ու իրենց ուզածներն են կարողանում գազալցակայաններ բացեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031