Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստը վրեժխնդիր է»

Օգոստոս 24,2013 13:28

AdamyanՌոբերտ Մաթոսյանը՝ «+Կինո» ամսագրի հոբելյանի եւ պարբերականի առաքելության մասին

Խորհրդային տարիներին հայաստանյան մշակութային պարբերականները շատ չէին, սակայն եղածներն ունեին հասարակական նշանակություն, բարձրացնում էին արվեստին ու մշակույթին առնչվող հանրային հնչեղության խնդիրներ, ծավալում էին մասնագիտական խոսակցություններ, բանավեճեր:  Անկախության շրջանում եղած բոլոր մշակութային պարբերականները փակվեցին: Բարեբախտաբար, վերջին շրջանում սկսել են լույս տեսնել մի քանի հանդեսներ, այդ թվում՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Գեղարվեստի պետական ակադեմիայի պարբերականները, «+Կինո»-ն:

Լրացավ «+Կինո» ամսագրի  5 տարին: Պարբերականը՝ ռուսական ու հայկական բաժիններով,  անդրադառնում է նաեւ թատերական արվեստին, երաժշտությանը, գեղանկարչությանը, ճարտարապետությանն ու գեղարվեստական լուսանկարչությանը: Հանդեսի  գլխավոր խմբագիրն է կինոլրագրող, Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանը (լուսանկարում), ով 45 տարի  իրեն նվիրել է  պարբերական մամուլին: Նա դեռեւս խորհրդային տարիներին խմբագրել է «Ֆիլմ», այնուհետեւ «Գեղարվեստ» թերթերը եւ այլն, որոնք շուրջ 40 հազար տպաքանակ են ունեցել:

«Առավոտի» հետ զրույցում Ռոբերտ Մաթոսյանն ասաց, որ «+Կինո»-ն մեր ժամանակներին հատուկ ֆինանսական սուղ պայմաններում եռամսյակը մեկ լույս է տեսնում առանց ընդհատումների՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ջանքերով եւ մշակույթի նախարարության օժանդակությամբ: Նա նշեց, որ «+Կինո»-ի նպատակներից մեկն էլ երիտասարդ սերնդին, որ ծնվել է «մութ ու ցուրտ»  տարիներին, ավագ սերնդի ստեղծած արվեստն ու մշակույթը ներկայացնելն է, հոգեւոր արժեքների կապ ու կամուրջ ստեղծելը ավագ ու ներկա  սերունդների միջեւ:

ՌԴ եւ ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամից կարծիք հարցրինք մեր ժամանակների հայկական կինոյի մասին: Պարոն Մաթոսյանը՝ ի պատասխան մեր հարցի, մի հատված մեջբերեց հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի նամակից՝  ուղղված ռեժիսոր Արշավիր Սամվելյանին. «Արվեստը վրեժխնդիր է… Պետք չէ, անպայման գլուխգործոց նկարելու  նպատակ հետապնդել եւ գերազանցել բոլոր ռեժիսորներին: Նորարարությունը լավ բան է, եթե մեծ փորձ ունենք: Եվ շատ մի հրապուրվեք կինոխցիկի շարժումներով: Շարժումը պետք է բխի կոմպոզիցիայի ներքին տրամաբանությունից…»:

Գլխավոր խմբագիրը նշելով, թե հոբելյանական համարը բացվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի «Կորցնելով ռուսական մշակութային դաշտը, մենք կորցնում ենք ամեն ինչ…» ծավալուն հոդվածով, ասաց. «Հայ արվեստի ու մշակույթի լեգենդը մեր երկխոսության ընթացքում 83-ամյա իմաստնության բարձունքից իր մտորումներն ու խոհերն է հայտնում: Այս հոդվածը ուղիղ կապ ունի մեր կինոյի հետ»:

Հետաքրքրվեցինք հոբելյանական համարում տպագրված մյուս հոդվածներով: «Պարբերականն անդրադարձել է «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնին, կինոդերասան Աշոտ Ադամյանի ծննդյան 60-ամյակին,  ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը պատմում է, թե ինքն ու Հենրիկ Մալյանը Դոնի Ռոստովում «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում նկարահանվելու առաջարկով ինչպես են հանդիպել  Լեոնիդ Ենգիբարյանին եւ համոզել, որ նկարահանվի իրեն նվիրված կինոնկարում: «Կարծիքներ եւ գրախոսականներ» խորագրի ներքո երիտասարդ կինոգետներն անդրադարձել են ռեժիսորներ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Գրիգոր Հարությունյանի «Կայացում», Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» ֆիլմերին, «Կինոգերդաստաններ» շարքի հյուրերն են ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բեմադրող նկարիչ Ռաֆայել Բաբայանի որդիները, որոնք ներկայացնում են արդի կինոյում բեմանկարչի խնդիրները: Հրապարակված է «Հանիրավի մոռացության տրված Հենրի Ալավերդյանը» հոդվածը, որը 27 տարվա վաղեմություն ունի եւ բացահայտում է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ, կինոդերասան Հենրի Ալավերդյանի հարուստ ու հումորով ներաշխարհը եւ այլն»,- ներկայացրեց պարոն Մաթոսյանը:  Նա նշեց, որ «+Կինո»-ն շուտով հասու կլինի նաեւ համացանցում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031