Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանի վեպերի, մանավանդ՝ «Մենակի» մասին

Օգոստոս 24,2013 13:01

Փաստավավերագիր նյութեր քչերն են կարդում, հիմնականում մասնագետները, իսկ գեղարվեստական գրականություն՝ կարդում են մասսաները: Իհարկե, եթե այդ գրականության մեջ կա չարենցյան բանալին. «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր»:

Եվ որ գրականություն «նոր ոտք դրած» Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտ» եւ «Մենակը» վեպերը չարենցյան այդ բանալիով են գրված, այդ ակնհայտ երեւում է, որովհետեւ այսօրվա «գիրք չկարդացվող ժամանակներում», վաճառվող գրքերի մեջ՝ միշտ առաջին շարքերում են գտնվել ու գտնվում: Իսկ «Ռեզիդենտի» մասին մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը մասնավորապես գրել է. «Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտ» վեպն իր տեսակի մեջ մեր գրականության եզակի գրքերից է, եթե ո՛չ՝ ամենաեզակին…»:

Աղաբաբյանի երկու վեպն էլ առնչվում են պատմագիտությանն ու ԽՍՀՄ բռնատիրության բարքերին: Այսինքն, ունեն ճանաչողական նշանակություն, որ ԽՍՀՄ պատմությունը պետության կերպարի վերածած եղանակով՝ գեղարվեստորեն թերթելու, արժեքավորելու, խոշոր շտրիխներով վերհիշելու լավ հնարավորություն ու դաս են տալիս մեզ:

Մի նկատառում էլ, որ մեզ բանավոր դեղի նման են այս վեպերը. «արտագաղթի դեմ դեղ», «հուսալքության դեմ դեղ», «հայի խեղճ ճակատագրի դեմ դեղ»: Որովհետեւ վեպերից յուրաքանչյուրը նվիրված լինելով հայ խոշոր, հաղթանակած, հանճարեղ մի առանձին անհատի, ունի մարդ լինելու արժանապատվությունը պահել-պահպանելու հավատամք ու վստահություն, նաեւ՝ հայ լինել-մնալու խիզախում եւ քաջալերանք:

Իսկ միայն երկրորդ գրքի՝ «Մենակի» մասին կարելի է հավելել հետեւյալը:

Հեղինակն իր վեպը հիմնել է աշխարհահռչակ գիտնական Գրիգոր Գուրզադյանի կյանքի ու գործունեության վրա, եւ եթե վեպում գործածված որոշ տվյալներ, ըստ բողոքի ձայն բարձրացնողների, նժար նժարի չեն գալիս, այդժամ հարկ է հաշվի առնել, որ վեպը գրական ստեղծագործություն է, ուր հարկ չէ մեծ խտրությամբ կամ խստությամբ որոնել փաստավավերագրական նյութերի, թվերի, դեպքերի, անձերի մասին ճշգրիտ ստուգություն, որ մեկին-մեկ համախոսեր հերոսի կերպարի նախօրինակին: Այդ մասին հեղինակն ինքն էլ է նախապես զգուշացնում, որ հերոսը երկու տարբեր անհատների՝ գիտնականի եւ գրողի միացություն է, արդեն՝ Առնո Սարոյան իր նոր կերպարով ու անունով, որ մենք գեղարվեստական ստեղծագործություն ենք կարդում, եւ ո՛չ թե պարտադիր վավերականության փաստերի ժողովածու:

Եվ պատահական չէ, որ հեղինակը վեպում պահել է ԽՍՀՄ ժամանակների վերնախավերում գտնվող գործող անձանց անունները, ներկայացնելով նրանց խտացված շտրիխներով, որպեսզի նրանց միջոցով առավել տեսանելի լինեն ԽՍՀՄ բռնատիրությունը, ԽՍՀՄ խաբեական արքն ու բարքը, եւ այդ պետության անկման պատճառները: Սակայն ահա գլխավոր գործող անձի, հերոսի անունը ու նրան մերձակա մի քանի անուններ՝ գրողը հարկ է գտել փոխել, որպեսզի գեղարվեստական այդ հնարքով, ավելի ազատ լինի գրոտեսքային, խիստ վավերագիր պայմանականություններից, դրանցից վեր մնա եւ իր հերոսին առավել վառ հատկանիշներով ներկայացնի ընթերցողներիս: Այսինքն. թեպետ վեպի առանցքում հանճարեղ գիտնականի կենսագրականի մի շարք ամենակարեւոր դրվագներն են, սակայն վեպի հերոսը սոսկ պատճենը չէ գիտնականի, քանի որ գրական ստեղծագործության իրավունքի սահմաններում են, հանուն վեպի ասելիքի կամ առաքելության՝ ստեղծագործորեն մոտենալ խնդիրներին:

Մի բան հստակ է, որ ծնունդ է առել եւս մի արժեքավոր, հաղթանակած գիրք, որն անտարբեր չի թողնում ընթերցողների տարբեր, անգամ իրարամերժ խավերի: Եվ եթե Սիլվա Կապուտիկյանն այս աշխարհում լիներ եւ Աշոտ Աղաբաբյանի այս վեպն էլ կարդար, վստահ եմ, որ նախկին կարծիքի նման մի բան պիտի գրեր. «Սա եւս… իր տեսակի մեջ մեր գրականության եզակի գրքերից է…»:

Ինչպես Սուրբ Գիրքն է խրատել. «Լավ է փորձության մեջ չընկնենք, բայց եթե ընկել ենք, լինենք համբերատար, որովհետեւ փորձություններից հետո դառնում ենք փորձառու», ամպ ու անձրեւից հետո՝ ծագում է արեւ, իսկ փոթորիկներից հետո՝ խաղաղությունը ավելի զգալի է դառնում: Ուստի մաղթենք, որ բարի նպատակի համար ստեղծված այս գրքի շուրջ եղած փոթորիկները Աստծո առաջնորդությամբ, օր առաջ հանդարտվեն, եւ «Մենակը» իր օգտակար խորհուրդներով, քաջ ու խիզախ մարդ կերտելու իր առաքելությամբ՝ դառնա շատերին ընկերակից:

ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. anna hayastan says:

    Հայաստանը աշխարհի հոգևոր կենտրոններից է, և հայ մտավորականը պարտավոր է հետախուզել հոգու ոլորտներում և տիեզերքը նվաճել մտքով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031