Եթե մասնակցում ես «Արեւելյան գործընկերության» ծրագրին եւ մասնակցում ես ոչ ձեւականորեն, ինչպես անում է Ադրբեջանը, ուրեմն քո վերջնական նպատակը Ասոցացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի պայմանագրի նախաստորագրումն է, «Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում նկատել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Նա նաեւ ասել է «Չեմ կարծում, թե ռուսները նոր են իմացել այդ մասին, որովհետեւ դա ուղղակի հնարավոր չէր չնկատել։ Ռուսաստանը երբեւիցե թաքցրե՞լ է, ասե՞լ է, որ Հարավային Կովկասում այլ գործընկեր չունի, բացի Հայաստանից։ Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Այստեղ կան որոշակի սահմանափակումներ, որովհետեւ Ադրբեջանը չի տեսնում Ռուսաստանի մեջ այն տնտեսական գործընկերոջը, որի հետ կարող է միասնական տնտեսական քաղաքականություն իրականացնել։ Նույնը Ռուսաստանի դեպքում է՝ Ադրբեջան-Իրան քաղաքական հակասությունների ֆոնին Իրանի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար կարող են ավելի կարեւոր լինել, քան Ադրբեջանի։ Կա նաեւ Թուրքիայի գործոնը։ Մինչդեռ Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակը կանխորոշված է տարիներ առաջ ստորագրված պայմանագրային բազայով, որտեղ առայժմ ոչինչ չի փոխվել։ Նայելով քարտեզին, նայելով մեր աշխարհաքաղաքական դիրքին, հասկանալով հարեւանների հետ, մեղմ ասած, խնդրահարույց հարաբերություններով պայմանավորված օբյեկտիվ սահմանափակումները, որոնց մեջ գտնվում է Հայաստանը, կարծում եմ, ե՛ւ Ռուսաստանն է ըմբռնումով մոտենում մեր կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը, ե՛ւ Եվրոպան, ե՛ւ Միացյալ Նահանգները»։
Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: