Մի փոխնախարարի եմ ճանաչում, որն իր կուսակցական եռանդը երկար տարիներ ծախսում էր կոռուպցիան ու կաշառակերությունը քննադատելու համար, սակայն հիմա զբաղեցնում է ամենակոռումպացված ոլորտի փոխնախարարի պաշտոնը, ու ասում են` լավ էլ ուտում է, գրում է «Ազգը»:
Ըստ թերթի, նշված պաշտոնյան փողոցում ծանոթի տեսնելիս այն արագությամբ է ճանապարհ փոխում, որ մնում ես շշմած (նա ոտքով է գնում աշխատանքի ու տուն գալիս` Կենտրոնում է ապրում, էժան կոստյումներ է հագնում` սա նշանակում է, որ ամոթի զգացումը դեռ պահպանել է, եւ ամեն ինչ կորած չէ դեռ նրա համար, բայց շեղ փողեր աշխատելու գայթակղություններին չի դիմացել):
Նույն կերպ մի պատգամավորի գիտեմ, որ տարիներ կուրծք էր ծեծում հանուն ժողովրդի պատգամավոր դառնալու ու ժողովրդի հարցերով զբաղվելու համար, սակայն հիմա իր մեքենայի մուգ պատուհանից է նայում ու չի ուզում ոչ մեկի խնդրին մոտենալ:
Ու դրանք թվելով` վերջը չենք տեսնի: Երբ մի օր ուժ գտնենք ընդունելու սեփական սխալները, երբ պաշտոնյա դառնալուց հետո չփոխվենք ու մեկ-մեկ հիշենք մեր կարիքավոր հարեւանին, երբ մեր խանութի համար չզավթենք մայթը, եւ երբ ոտքերն իմանան իրենց տեղը, հարգեն գլխին ու խորհուրդներ չտան նրան (սա, իհարկե, մարդկության ծննդի հետ եկող ու արատների ընդհանուր կաթսայից հայերիս եւս բաժին հանած արատներից է, այլապես «գլխիվայր» բառի փոխաբերական իմաստը չէր լինի), երբ մեր ժողովրդի հոգսը հոգալու համար իբր «գցվողները» ոչ թե լավ տղերքը կլինեն, այլ գոնե մասամբ այդ արատներից ազատները, մի բան դուրս կգա այս երկրում: Այդ ժամանակ գուցե կկապենք ամրագոտիները ու կպատրաստվենք թռիչքի:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` «Ազգ» օրաթերթի այսօրվա համարում