Azatutyun.am Պատմաբան Ջամիլ Հասանլին առաջիկա օրերին պաշտոնապես կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, և եթե Ռուստամ Իբրահիմբեկովի առաջադրման հետ կապված իրավական խոչընդոտները չհաղթահարվեն, ապա հենց նա էլ հոկտեմբերի 9-ի ընտրություններին կդառնա Իլհամ Ալիևի հիմնական հակառակորդը:
Հասանլին 61 տարեկան է, աշխատում է Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում, դասավանդում է Բաքվի պետական համալսարանում: Խորհրդային տարիներին աշխատել է Լենինի թանգարանի Բաքվի մասնաճյուղում, 1984 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել խորհրդա-ամերիկյան հարաբերությունների թեմայով:
Ադրբեջանի անկախացումից հետո Հասանլին փոխել է նեղ մասնագիտացումը․ 1992-ին նրա պաշտպանած դոկտորական ատենախոսությունն արդեն նվիրված էր 1918-20 թվականների ադրբեջանական առաջին հանրապետության միջազգային հարաբերություններին:
Պատգամավորական գործունեության ավարտից հետո Հասանլին սկսեց հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, անդամակցեց Մտավորության ֆորում կազմակերպությանը: Անցած տարեվերջին Հասանլին աչքի ընկավ Ադրբեջանի իշխանական համակարգի «գորշ կարդինալը» համարվող նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հասցեին հնչեցված կոշտ հայտարարություններով:
Կարդացեք նաև
«Նախագահի աշխատակազմի ղեկավարը պետք է հստակ բացատրություններ տա` արդյոք ճի՞շտ են պնդումները, թե ինքն ամեն մի ընտրությունից առաջ զբաղված է պատգամավորական մանդատների վաճառքով», – 2012-ի դեկտեմբերին հայտարարում էր Հասանլին:
Այսօր ևս` իր թեկնածության հաստատումից հետո Ջամիլ Հասանլին հանդես եկավ մի շարք կտրուկ հայտարություններով` կոչ անելով ընդդիմության կողմնակիցներին պայքարել Իլհամ Ալիևի քրեածին-ավտորիտար վարչակազմի դեմ:
Հասանլին նաև մի հուշագիր ստորագրեց, որով պարտավորվեց առաջիկա ընտրություններում հաղթանակի դեպքում պաշտոնավարել ընդամենը 2 տարի, ձևավորել Ազգային միասնության կառավարություն և ազատականացնել լրատվական դաշտը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում