Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրների պահանջած ծրագրի մասին. «100 էջանոց ծրագիր կա» (Տեսանյութ)

Օգոստոս 23,2013 21:54

Այսօր հանրահավաքից հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Նախ, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքին հրավիրել էր այլ քաղաքական ուժերի եւ գործիչների: Հարցին, թե ինչո՞ւ ոչ ոք չի եկել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ ոք առանձին հրավեր չէր ստացել, բայց ներկա էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ. «Ես չեմ ուզում կանխատեսումներ անել: Իմ տպավորությունն այն է, որ առաջիկա մի քանի շաբաթները, ամիսները եթե ոչ միաձուլման, համատեղման գործընթաց կլինի: Գիտեմ, որ դժվար է, ամեն մեկն ունի իր տեսակետը, բայց ես կարծում եմ, որ գլոբալ իմաստով բոլորը գիտակցում են, որ փոփոխության կարոտ է Հայաստանը, դրա համար այս հրապարակը եւ տարբեր վայրերը պիտի դառնան այն տեղերը, որ ամենատարբեր հոսանքները պիտի միանան»:

Լրագրողների դիտարկմանը, որ ընդդիմադիրներն ասում են՝ Ձեր առաջարկ-հրավերի մեջ անհստակություն կա, մասնավորապես, ՀՅԴ-ն է նման կարծիք հայտնել, ՀԱԿ-ի Լեւոն Զուրաբյանն ասել է, որ միասնություն ասելով անհասկանալի է, թե ինչ նկատի ունեք՝ միավորվել դաշինքո՞վ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ բոլոր տեսակետները հարգելի են. «Ես քիչ թե շատ փորձառություն ունեմ Հայաստանի քաղաքական կյանքում: Ես ամեն մեկին չեմ պատասխանելու, բայց ասելու եմ հետեւյալը՝ եթե քաղաքական ոչ իշխանական հիմնական ուժերը, ոչ իշխանական քաղաքացիական նախաձեռնությունները կանգնեն այս հարթակում՝ ազատամարտիկների, երիտասարդ ակտիվիստների, շարքային քաղաքացիների հետ, այդ համակարգափոխությունը, իշխանության փոփոխությունը տեղի կունենա: Եթե մենք շատ ուզենք, ոչ թե  պետք է պատրվակ փնտրենք, գաղափարի, գործի շուրջ չմիանանք, այլ պետք է գնանք եւ գործենք»:

Նա ասաց, որ կարող է իր ակցենտն ու առոգանությունը ոմանց ռոմանտիկայի գիրկը հրավիրի, բայց ինքը շատ հստակ է ասել. «80-ը 20-ի դիմաց մենք հաղթել ենք նախագահական ընտրություններում, բոլորը գիտեն՝ պաշտոնյան, հրամանատարը, շարքայինները, նրանք, ովքեր արտագաղթում են: Մենք չկարողացանք տեխնիկապես ապահովել այդ հաղթանակը, բայց ես կարծում եմ, որ եթե մենք միասին լինենք, ամեն մեկն իր հստակ ասելիքը ասի, մենք կունենանք նոր Հայաստանը , որը ենթադրում է նոր ընտրություններ, չենք ունենա այս իշխանությունները»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ ասում են՝ ծրագիր է պետք, առանց ծրագրի ինչի՞ շուրջ համախմբվենք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես 6 ամսվա քարոզարշավից դուրս եմ եկել: Այնտեղ 100 էջանոց ծրագիր կա: Յուրաքանչյուրն ունի իր 100 էջանոց ծրագիրը: Հիմա ունենք մեր երկիրը, պետականությունը փրկելու խնդիր եւ այստեղ քաղաքացիները, ազատամարտիկները, կուսակցությունները եւ նախաձեռնությունները միեւնույն կարեւորությունն ունեն: Ոչ մեկը մյուսից բարձր չի: Դրա համար առանձին-առանձին կարող ենք տոնախմբել այս կամ այն տեղային հաղթանակը, բայց եթե մենք ուզում են ժողովրդավարական պետություն, դա պիտի անենք արտահերթ, 5 տարի չենք սպասելու: Դա մենք կարող ենք անել: Դրա համար, եթե հիմնական ուժերը քաղաքական եւ քաղաքացիական այդ վիհը հաղթահարեն եւ կանգնեն այստեղ իրենց հստակ օրակարգով՝ պետականությունը փրկելու, այդ գործը կկատարվի: Իսկ եթե չեղավ՝ մեղավորը ես եմ եւ ձեր ասած հարգարժան պարոնայք, որոնք պատրվակ փնտրելու փոխարեն հիմա պետք է արագությունը փոխեն եւ գան հրապարակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031