Նշանադրության օրը դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը`Անահիտ Իսկանդարյանը, շարունակում է մնալ այն համոզմանը, որ իր որդուն սպանել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը, ով ևս ցանկացել է ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր`Մանյայի հետ:
Այսօր Aravot.am- հետ զրույցում Անահիտ Իսկանդարյանը անդրադարձավ ամբաստանյալի մոր այն հայտարարությանը, թե Կարեն Եսայանին սպանել է ոչ թե իր որդին, այլ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
– Ինչո՞ւ հրաժարվեցիք ներկայանալ դատական նիստերին, կա՞ որևէ պատճառ դատարան չգալու:
-Պատճառն այն է, որ առողջականս թույլ չի տալիս մասնակցեմ դատերին, դատարանի դահլիճը վերածվել է շոուների դահլիճի, դրա համար չկարողացա մասնակցել: Վերջին անգամ շատ վատ վիճակով տուն եկա, շտապօգնության մեքենայով ինձ բերեցին:
Կարդացեք նաև
– Փաստորեն Ձեզ չի գոհացնո՞ւմ դատական պրոցեսի ընթացքը:
– Ինձ ոչ մի բան էլ չի գոհացնում, կշարունակեի լռել ու չխոսել, եթե վերջին շրջանում մարդասպանի ծնողների ու հատկապես փաստաբան Լուսինե Սահակյանի անսանձ պահվածքը, լրագրողներին ստով կերակրելու չափն անցնող դրսևորումները միտված չլինեին ապակողմնորոշելու դատարանին ու հանրությանը: Դատը փորձում են խճճել` նոր քննություն ու փորձաքննություն պահանջելով: Հարց է առաջանում` ինչի՞ համար, նախկին փաստե՞րն են հերքվել, որ հիմա էլ նոր փորձաքննություն են պահանջում: Ամեն ինչ արվում է, որ դատը ձգձգվի, դիտավորյալ մոռացության են տրվում նախաքննական փաստերը`ավտոլվացման կետի տեսանկարահանումները, դրա զգեստի վրայի արյան հետքերի առկայությունը, Ցողամարգ գյուղում հայտնաբերված զենքը, փախուստը Բավրա: Ի դեպ, սրա օգնականը մայրն է եղել, փաստաբանը միտումնավոր շեղում է դատապրոցեսը` նշելով, որ դրա կոշիկների վրա պետք է լինի ոչ թե «Մայր Հայաստանի», այլ ավտոլվացման կետի տարածքի փոշին, հարց է առաջանում` իսկ ի՞նչ գործ ունի մարդասպանի կոշիկի վրա «Մայր Հայաստանի» տարածքի փոշին, այն վայրի, որտեղ գտել են Կարենիս: Սա նշանակում է, որ փաստաբան Լուսինեն մանիպուլյացիայի է ենթարկում փաստերը: Իսկ մարդասպանը սպառնում` դուրս կգամ, բոլորիդ կսպանեմ կամ մատները, ուղղելով հյուսիս ու հարավ, ասում է`չգիտեմ ինչի՞ համար եմ ստեղ, թողեք տուն գնամ, այսինքն` մարդ սպանելը նրա համար սովորական մի բան է: Վերջին դատը հեռուստացույցով նայեցի, սվիտերը, որ իր հագին է եղել , կրակոցի արգասիքները, որ կան, փորձաքննությունով հաստատվել է, որ էդ սվիտերը պատկանում է Հարություն Սարգսյանին: Եվ էդ փորձաքննությունը արվել է քրտինքի միջոցով, յուրաքանչյուր մարդ ունի իր քրտինքի յուրահատուկ հոտը, ոնց որ մատնահետքներն են տարբեր, էդպես էլ քրտինքի հոտը: Դա պատկանում է Հարություն Սարգսյանին, դա ապացուցված է, իսկ Լուսինե Սահակյանը շեղում է էդ ամեն ինչը: Ամեն անգամ, երբ ներս են բերում ոճրագործին, նա հիացած միայն նայում է Հարություն Սարգսյանին, նրան հետաքրքիր չէ դատը, ինչո՞վ է հիացած, դրա կատարած արարքո՞վ, ինչո՞վ բացատրեմ փաստաբանի հիացմունքը, չգիտեմ:
– Դատարանում սկսվել է ապացույցների հետազոտման փուլը, ըստ որի պարզ է դառնում, որ մեքենայի վրայի մատնահետքերը ոչ Կարենին են պատկանում, ոչ ավտոլվացման կետի աշխատակիցներից որևէ մեկին և ոչ էլ ամբաստանյալ Հարություն Սարգսյանին: Բացի այդ, Լուսինե Սահակյանը բարձրաձայնեց, որ 17.30-ին ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել Կարեն Եսայանի սպանված լինելու, դիակը գտնելու մասին, նա դեռ փնտրվել է որպես անհետ կորած, սակայն Հարություն Սարգսյանին հենց այդ ժամին ոստիկանություն բերման են ենթարկել սպանություն կատարելու կասկածանքով:
-Լուսինե Սահակյանը իրավաբան լինելուց առաջ, լավ կանի մի քիչ մարդ լինի, ինչի համար են ժամը 17-ին Հարությունին ոստիկանություն տարել, տղաները, երբ որ խառնվեցին, որ Կարենը չկա և այլն, սկսեցին փնտրել այնտեղ, որտեղ Կարենը հենց սկզբից եղել է ու դուրս է եկել: Ինքը ավտոլվացման կետում է եղել, տղաները գնացել են ավտոլվացման կետ ու վիդեոներն են նայել:Հստակ տեսել են Հարությունի կերպարը, Հարությունին մենք չենք ճանաչել, բայց նրանց մեջ տղաներ են եղել, ովքեր Հարությունին ճանաչել են: Դրա համար էլ փախած Հարությունին Բավրայից հետ են վերադարձրել, հայրն է հետ վերադարձրել ու տարել են միլիցիա: Ես նույնիսկ խոսակցություն եմ լսել, որ դեպքի օրը , երբ Գևորգ Ղուկասյանը գնացել է Հարությունենց տուն` ինչ-որ բան ճշտելու, , սրանք ասել են ` կարո՞ղ է Կարենը փոշմանել է Մանյայի հետ նշանվել, մենք որ կանք, գիտեցեք: Իրենք ամեն ինչ հերքեցին, չուզեցին նույնիսկ ճիշտն ասել, որ գնացել են Մանյային ուզելու: Ամոթ չէ աղջիկ ուզելու գնալը, բայց շանտաժի ենթարկեցին իբր իրենք չեն եղել աղջիկ ուզողը, հայրը 3-4 անգամ գնացել է Մանյայի ձեռքը խնդրելու Գևորգ Ղուկասյանից: Հարությունը Մանյային էլ է հետևել, Մանյան իր ցուցմունքում համարներով գրել է, թե որ մեքենայով է իրեն հետապնդել, երևի ուզել է նաև Մանյային վնասել, ուղղակի չի կարողացել: Չե՞ք տեսնում դատի ժամանակ իրեն ինչպես է պահում, իսկ Կարենը մենակ է եղել, ճիշտ է Կարենը շատ խելացի տղա էր, բայց տեսնես ի՞նչ ձևով է Կարենիս խաբել, որ Կարենը գնացել է, չի պատկերացրել, որ աշխարհում գոյություն ունի մեկը, որը կարող է նախանձից դրդված էդպես վարվել իր հետ: Չեմ պատկերացնում, էս ի՞նչ եղեռն էր: Իսկ ինչ վերաբերում է մատնահետքերին, էսպիսի գործողություն անողը շատ խելացի է անում ամեն ինչ, էդ գործողություն անողը ձեռնոցներով է արել, էդքան խելք ունեցել է, ինքը կատարելագործված քիլլեր է: Ձեռնոցներով է արել, մի հատ էլ սրբել է, էրեխիս էլ թողել է արնաքամ վիճակի մեջ, դուռն էլ փակել է, քրտինքի մեջ կորած իմ էրեխուս թողել է ու ռադը քաշել: Ինքը զարմացած է, որ մենակ իրեն են բռնել, հետիններին չեն բռնել:
– Դուք կարծո՞ւմ եք , որ ոստիկանությունն էլ նորմալ չի աշխատել հանցագործությունը բացահայտելու առումով:
– Ոստիկանությունը նորմալ չաշխատեց, ոստիկանությունը չկարողացավ գտնել, թե Հարություն Սարգսյանին ո՞վ է հետ բերել «Մայր Հայաստանից», այնինչ Վովա Գասպարյանը 2-րդ, թե 3-րդ օրը ելավ, հայտարարեց, թե բացահայտված հանցագործություն է սա , թերթի մեջ էլ գրվեց` եթե ցմահ տան Հարություն Սարգսյանին, ինքը անպայման կասի` ով է արել: Իսկ հայրը դատարանի միջանցքում ինձ ասում էր` թող 15 տարի տան, ես կազատեմ իմ տղուս, եթե քո տղեդ մեղավոր չէ, թեկուզ մի տարի, ինչո՞ւ պիտի տան: Հարությունը շատ արտոնյալ է, կարգավիճակով է ԱԱԾ-ում նստած, հեռախոսով, ամեն ինչով, նույն ձևի նստած էր Ախուրյանի ժամանակավոր պահպանման խցում, մեր դատախազը գնացել-տեսել էր, որ կերուխումի մեջ է , իր վանդակն էլ բաց էր, որից շատ հանգիստ կարող էր փախչել: Ինքը միշտ էլ շատ արտոնյալ կարգավիճակում է, երևի դրսից ուժեր կան, որոնք ասում են` դու էդտեղ մնա, ոչ մեկիս անունը մի տուր, մենք քեզ լավ կնայենք: Ինքը մենակ չէր կարող էս գործը անել: Իր սիրուհու ցուցմունքը անձամբ եմ կարդացել, գրել էր, թե Հարությունը սառնասիրտ, մեծամիտ տղա է, թե նստել են միասին դրա մեքենան, Հարությունը ձեռքերը տարել է հետև ու ասել` զենքս ստեղ է, եթե հանկարծ ինձ դավաճանեցիր, ես քեզ կխփեմ, ու տարել է էն ամայի տարածքը, որտեղ որ Կարենին է տարել, այսինքն` ինքը էդ տարածքներին սովոր մարդ է եղել, իր առաջին ձեռագիրը չէր:
– Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը դատարանում հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, դեմ է եղել, որ իր քույրը` Մանյան, ամուսնանա Կարենի հետ, և դրանից դրդված հենց ինքն է սպանել Կարենին, ինչպես կմեկնաբանե՞ք այս վարկածը:
– Դրա մայրը դատարանի դահլիճը վերածել է շոուի դահլիճի, ես էլի եմ ասում: Մի հատ էլ մայրը հայտարարեց` առանց անհարմար զգալու, թե թող մորը` այսինք ինձ տեսիլք, երազ գա տղաս ու ասի` իրեն ով է խփել: 3 անգամ երազիս եկել է Կարենս ու ասել է` Ջարդի ձորը, Հարութը…Թող ոճրագործի մայրը իմանա, որ ասել է ինձ Կարենը, իրա տղայի անունն է տվել ինձ: Դրա մայրը հայտարարում է, որ Սպարտակը, Տանկն են սպանել Կարենին, ամուսինն էլ ասում էր, թե էդ էրեխու սպանությունը ոստիկանների տակն է: Հիմա չեն կարող որոշեն` ի վերջո ո՞ւմ վրա բարդեն իրենց տղայի հանցանքը: Կամ դրա քույրն ասում էր, թե տունը զենք են պահել մկներին խփելու համար, դա դատաիրավական ոլորտին, պետությանը ծաղրել է նշանակում, կամ հայրը ցույց է տալիս ոտքը ու ոտքի վրա ջրաներկով արված կապտուկը, էդ նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդու պահվա՞ծք էր: «Armnews»-ի լուրերով ակնհայտ երևաց, որ նա հանգիստ քայլում էր դատարանում` առանց որևէ զայրույթի: Հորը խփելու պատմությունը ևս սարքած է, էդ մարդը ոստիկան է, և ինքն է սարքել էդ հարվածը: Ինքնավնասելու գնով մարդկանց վրա գործ է ուզում սարքել, էդ հեչ մարդ չտեսա՞վ հարվածողին, սկզբում ասում էին Վարդան Ղուկասյանն է հորը խփել, հետո ասում էին` թիմակիցներից մեկը, հետո էլ, թե 30 հոգով ծեծել են, էլի չեն կողմնորոշվում ինչ պտի ասեն: Բոլոր նորմալ մարդիկ հասկանում են, որ էս ամենը շինծու, գործ սարքելու իրեն բնորոշ մեթոդներով է: Էս մարդիկ ամեն ինչ անում են դատը հետաձգելու, խճճելու, սադրանքներ անելու համար` չպատկերացնելով իրենց կատարած հանցանքը, չպատկերացնելով, որ Կարենի թափած յուրաքանչյուր կաթիլի համար պատասխան են տալու հանցագործ Հարություն Սարգսյանը և հանցագործին թաքցնող, հանցագործով հիացող Լուսինե Սահակյանը: Ես չեմ վախենում էս բառն ասելուց, պիտի պատասխան տան Աստծո դեմ, իմ Կարենս անմեղ նահատակ է, իսկ նահատակների արյունը երբեք չի սրբվում: Էն վիժվածքը, ով ձեռք է բարձրացրել իմ անմեղիս վրա, 7 պորտով անիծված է լինելու, ես տեսնելու եմ Աստծո պատիժը, իրենց գլխին պիտի թափվի: Վճիռը պետք է լինի անաչառ, օրենքի ոգուն ու տառին համապատասխան, ամբողջ աշխարհը կքանդեմ, եթե կիսատ բան թողեցին: Ոչինչ չի մարսվելու, Աստված ամեն ինչ տեսել է, Աստծո աչքերը բաց են եղել, այդ սառնասիրտ հոշոտիչը պատասխան է տալու: Աստված պիտի տա պատիժը, մի դատին, որ Լուսինե Սահակյանն է նստած, էլ ի՞նչ հավատաս:
– Չասացիք` ինչպիսի՞ն էին Կարենի ու Սպարտակի հարաբերությունները
– Կարենն ու Սպարտակը իրար ճանաչել են մանկուց, նույն դպրոցում են եղել, Կարենը շատ հարգել է Սպարտակին, Սպարտակն էլ շատ հարգել է Կարենին: Եվ մենակ Սպարտակը չէ, իրենց բոլոր էրեխեքը, հորեղբոր էրեխեքը, բոլորը Կարենին դպրոցից են ճանաչել, նրան շատ են սիրել, վերջապես եթե չսիրեին, կարո՞ղ է ինձանից վախենային, ասեին` քեզանից վախեցանք, դրա համար ենք մեր աղջկան տալիս: Եթե չսիրեին, Մանյային չէին տա Կարենին: Իսկ էդ ասեկոսները, բամբասանքը ժողովրդի մեջ, էս հանրությանը արժանացրեց ոճրագործի մայրը, որը պատրաստ է ամեն ինչ անելու, որպեսզի տղայի վրայից քերի ու թափի, որովհետև ինքն էլ է հանցագործ, ինքն է տարել Ցողամարգի արտերը գցել զենքը: Կարենի ու Սպարտակի հարաբերությունները շատ լավ են եղել, չհավատաք դրանց: Կարենին սիրում էին ոչ միայն մեզ մոտ, այլ Սփյուռքում, գնացեք տեսեք`ինչպես են ողբում նրա մահը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Վերջապես ճշմարտությունը բոլորը իմացան, թե էդ ..ինչ ասեմ, բառեր էլ չեմ գտնում…. տղան ինչ է արել, հիմա այլևս կասկած չունեմ, որ մեղադրյալի աթոռին մարդասպանն է, մի իսկական քիլլեր:Միշտ էի մտածում դրա մասին այդպես, երբ, որ հեռուստատեսությամբ էի դիտում դրա դատերը:
Շատ հետաքրքիր , փաստերը ներկայացնող և ճշմարտությունը բացահայտող պատասխաններ էին: Տիկին Անահիտին, ում ի դեպ, չեմ ճանաչում, միայն համբերություն եմ ցանկaնում`դիմանալու այդ վշտին ու կորստի ցավին:Ցավոք,ոչնչով չեմ կարող օգնել,բացի բարոյապես աջակցելու որդեկորույս մորը: