Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրեցիներն ահազանգում են. «Տաշտունում «ԱՏ-Մետալս» ՍՊԸ շարունակում է ապօրինի շինարարություն անել»

Օգոստոս 23,2013 17:55

«Հանուն իմ Մեղրիի փրկության» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները երեկ եղել են Տաշտուն գյուղում եւ արձանագրել, որ «ԱՏ-Մետալս» ՍՊԸ շարունակում է առանց համապատասխան թույլտվության անօրինական շինարարություն իրականացնել: Խոսքը վերաբերում է կազմակերպության կողմից հանքաքարի վերամշակման փորձարարական ֆաբրիկայի կառուցման շինաշխատանքներին:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար է. Փիրումյանը քաղաքացիական նախաձեռնության խմբի  հուլիսի 24-ի գրության ի պատասխան տեղեկացրել էր, որ 2013թ.-ի հուլիսի 11-ին «ԱՏ-Մետալս» ՍՊԸ իրականացված  ուսումնասիրության արդյունքում, բնապահպանական պետական տեսչությունը կայացրել է ընկերության համապատասխան գործունեության դադարեցման որոշում:

eli-tashtun

«Պատասխանի մեջ գրված է, որ աշխատանքները դադարեցված են, քանի որ ապօրինի են: Գործունեության դադարեցման որոշումից հետո «ԱՏ-Մետալս»-ը հուլիսի 29-ին ներկայացրել  է փաստաթղթերը փորձաքննության համար: Մեզ այդ մասին պատասխանել է  բնապահպանության նախարարությունը: Իսկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում հուլիսի 27-ի համարում արդեն հողերի աճուրդի մասին հայտարարությունը կա: Ստացվում է այնպես, որ մինչեւ կազմակերպության կողմից  համապատասխան փաստաթղթերը ներկայացնելը եւ շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին դրական եզրակացության առկայությունը,  համայնքի ղեկավարն արդեն հայտարարությունը տվել է այդ հողամասի աճուրդի մասին: Այս ամենն անօրինական հիմքով է արված եւ խախտումներով», -ասաց «Հանուն իմ Մեղրիի փրկության» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Նվարդ Խաչատրյանն, որը երեկ խմբի մյուս անդամների հետ եղել է Տաշտունում եւ չդադարեցված աշխատանքների ականատես եղել:

Ստացվում է այնպես, որ Տաշտուն համայնքի տվյալ հողատարածքի աճուրդը նշանակված է օգոստոսի 26-ին, բայց նախքան աճուրդն այդ տարածքում շարունակվում են չթույլատրված շինաշխատանքներ: «Տաշտուն համայնքում 2013թ-ի օգոստոսի 26-ին ժամը 11-ին գյուղապետարանի շենքում կայանալու  է համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նշանակության հողերի աճուրդ-վաճառք: Աճուրդային կարգով է վաճառվում 2.155 հա հողամաս արդյունաբերության օբյեկտի՝ ֆաբրիկայի կառուցման համար, 1 ք.մ հողամասի համար մեկնարկային գինը սահմանել 96 ՀՀ դրամ», – մեջբերված է հուլիսի 27-ին հրապարակված համապատասխան հայտարարությունից:

Օգոստոսի 22-ին նախաձեռնող խումբը դիմել է Տաշտունի գյուղապետին՝ պահանջելով կասեցնել աճուրդը, քանի որ աճուրդի հայտարարությունը տալու օրվա դրությամբ նմանատիպ ֆաբրիկայի կառուցման համար ՀՀ օրենսդրությամբ պահանջվող դրական փորձաքննական եզրակացություն գոյություն չի ունեցել, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Վերջիններս գյուղապետից  առաջարկում են կասեցնել աճուրդը մինչեւ պետական լիազոր մարմնի կողմից տվյալ նախաձեռնության վերաբերյալ շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության անցկացման ավարտը: Իսկ կազմակերպությունն արդեն դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն համապատասխան փորձաքննության եզրակացությունը ստանալու համար, այն գտնվում է փորձաքննության փուլում:

Մեղրեցիները երեկ նամակով դիմել են նաեւ Սյունիքի մարզպետին՝ խնդրելով նրա միջամտությունը անօրինական աճուրդը կասեցնելու համար:

«Հանուն իմ Մեղրիի փրկության» քաղաքացիական նախաձեռնության խումբը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին դիմել էր նաեւ հուլիսի 24-ին՝ իր մտահոգությունն հայտնելով Տաշտունում շարունակվող շինաշխատանքների վերաբերյալ: Սյունիքի  մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը պատասխան գրությամբ տեղեկացրել էր, որ համայնքի ղեկավարին առաջարկվել է դադարեցնել համայնքի վարչական տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի ձեռքբերումը:

Մեղրեցիների պատմելով, «ԱՏ-Մետալս» ՍՊԸ այդ շինարարությունն իրականացնում էր նաեւ այն ժամանակ, երբ ՀՀ բնապահպանության նախարարություն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հայտ չէր ներկայացրել: Տեղեկացնենք նաեւ, որ ոստիկանության սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնում «ԱՏ-Մետալս» ՍՊԸ կողմից Տաշտուն համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի շինարարություն կատարելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել են եւ հուլիսի 29-ին ուղարկվել սյունիքի մարզի քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Տաշտունի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանի փորձեցինք պարզաբանում ստանալ խնդրի վերաբերյալ, սակայն վերջինս խուսափողական պատասխան տվեց, նշելով, որ ինքն արդեն մեկ շաբաթ է Երեւանում է եւ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Տաշտունում, եւ այդ թեմայով խոսել չի կարող, քանի որ ղեկին է՝  Երեւանից Մեղրի է վերադառնում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031