Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա պայքարող սերունդը կկարողանա լիարժեք տնօրինել Հայաստանի Հանրապետությունը». Այսօր ՀՀ անկախության հռչակագրի օրն է

Օգոստոս 23,2013 17:36

 

23 տարի առաջ հենց այս օրը՝ օգոստոսի 23-ին,  Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց  Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

«Ես հիշում եմ, դա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ հայ ազգը համախմբվեց, քանզի բոլորը համակարծիք էին, որ մենք պետք է ունենանք անկախ պետականություն»,- ասում է 54-ամյա Վարշամ Սողոմոնյանը: Բոլորս էլ գիտենք, որ հռչակագրի ընդունման գործում մեծ դեր ունեին նաև քաղաքացիները, ովքեր ցույցեր էին կազմակերպում ու պայքարում իրենց անկախության համար: Նրանցից մեկն էլ հենց պարոն Սողոմոնյանը էր, ում խոսքով` մեզ՝ հայերիս համար ուրախացնում էր հատկապես այն փաստը, որ չենք լինելու որևէ գերտերության տիրապետության տակ: «Այդ շրջանում բազմամարդ էր ոչ միայն Ազատության հրապարակը, այլ նաև ամբողջ կենտրոնը, – ասում է նա, – փողոցները փակ էին մարդկանցով»:  Վարշամ Սողոմոնյանը խոսեց նաև այսօրվա սերնդի մասին, ուրախությամբ նշելով, որ երիտասարդները կարողանում են պայքարել ու հասնել ցանկալի արդյունքի. «Մինչև վերջերս կարծում էի, թե ամեն ինչ կորած է, երիտասարդներն էլ ձեռքները ծալած նստած են կամ էլ մտածում են երկիրը լքելու մասին, բայց վերջին դեպքերը՝ պայքարը Մաշտոցի պուրակի համար, տրանսպորտի թանկացման դեմ… ինձ համակառակն ապացուցեցին, – ասում է նա,- ես համոզված եմ, որ այսօրվա պայքարող սերունդը կկարողանա լիարժեք տնօրինել Հայաստանի Հանրապետությունը և վերականգնել ՀՀ անկախության հռչակագրի մեջ նախանշված կետերից մեկը, այն մասին, որ ՀՀ կառավարումը պատկանում է ժողովրդին»:

ՀՀ անկախության հռչակագիրը բաղկացած էր 12 կետից, որոնցից մեկը սահմանում էր, որ այն հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։

 

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031