Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Գյումրու քաղաքապետարանում Հայաստանին ճանաչում բերած գյումրեցի չեմպիոններին`հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Կարապետ Չալյանին և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին մեծարելու ժամանակ, այդ ոլորտի պատասխանատուները քննդատել էին Հ1-ի սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին` եթերով Գյումրի քաղաքի անունը չհնչեցնելու համար:
«Կարեն Գիլոյանի բերանը չի բռնե մի հատ ըսե, թե հաղթող մարզիկը գյումրեցի է», -նեղսրտել էր հավաքվածներից մեկը: Այսօր գյումրեցիների քննդատությանը արձագանքեց հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը`Aravot.am-ի միջոցով փոխանցելով հետևյալը. «Պետք չէ մեր քաղաքները առանձնացնել, իմ համար բոլոր քաղաքները հավասար են, Երևանն առավել չէ, քան Գյումրին, կամ Գյումրին առավել չէ, քան Էջմիածինն ու Վանաձորը: Հաղթանակը մեր երկրինն է, Հայաստանի հանրապետությանն է, մեր ժողովրդինն է, մեր ազգինն է, մեր մարզիչներինն է: Երբ հայ ըմբիշը հաղթում է, այդ հաղթանակը Ոսկեվազինն է, Գյումրունն է, Լոռունն է, իսկ Կարեն Գիլոյանը առաջինն էր, ով հեռախոսով զանգահարեց ինձ` Բուլղարիա ու շնորհավորեց, մեր մարզիկը դեռ պատվանդանի վրա էր, հնչում էր մեր հիմնը, որ Կարենը զանգահարեց: Կամ ո՞վ չգիտի, որ Կարապետ Չալյանը գյումրեցի է: Իսկ Կարենը ըմբշամարտով ապրող մեկնաբան է, և այն երեկո, երբ Գյումրին դիմավորում էր Կարապետ Չալյանին հենց Կարեն Գիլոյանն էր նկարահանող խումբ ուղարկել Գյումրի` նրա մեծարման երեկոն նկարահանելու, որն անմիջապես ցուցադրեց հաջորդ առավոտյան: Այնպես որ պետք չէ չեմպիոններին տեղայնացնել»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ