Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի վճռով մահացած մարդը դիմել է դատարան

Օգոստոս 23,2013 16:23

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գագիկ Արզումանյանը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու հետեւանքով վճիռը վերացնելու պահանջով:

Գ. Արզումանյանը դատարանին հայտնել է,որ ինքը նախկին կնոջ՝ Զինա Բաբաջանյանի դիմումի համաձայն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. դեկտեմբերի 22-ի վճռով ճանաչվել է մահացած: Դրանից 5 տարի առաջ Արզումանյանը մեկնել է Ռուսաստան, խզել կապերն ընտանիքի հետ, կորցրել անձնագիրը:

2013թ. մայիսի 23-ին նա ՌԴ-ում Հայաստանի դեսպանության Կրասնոդարի մարզի հյուպատոսությունից ստացել է ՀՀ վերադարձի վկայական եւ վերադարձել հայրենիք: Գ. Արզումանյանը նոր անձնագիր տրամադրելու խնդրանքով դիմել է ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Դիլիջանի անձնագրային խումբ: Նրան պատասխանել են, որ նոր անձնագիր չեն կարող տրամադրել, քանի որ ինքը դատարանի վճռով ճանաչվել է մահացած: Գ. Արզումանյանը դատարան է ներկայացրել զինվորական գրքույկը եւ վերադարձի վկայականը:

Գ. Արզումանյանը եւ դատարանում նրա ներկայացուցիչը դատարանին խնդրել են արագացված դատաքննությամբ բավարարել հայցը: Օգոստոսի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը վճռել է Գ. Արզումանյանի դիմումը բավարարել եւ նրան մահացած ճանաչելու մասին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. դեկտեմբերի 22-ի վճիռը վերացնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031