Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ընդդիմությունը` պառակտման եզրին

Օգոստոս 23,2013 16:15

«Ազատություն» ռադիոկայան. Այսօր, թերևս, ադրբեջանցի ընդդիմադիրները ամենադրամատիկ հավաքն են անցկացնում վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Բաքվում մեկնարկում է ադրբեջանական ընդդիմությանը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի արտակարգ նիստը:

Սա, թերևս, ադրբեջանցի ընդդիմադիրների ամենադրամատիկ հավաքն է վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Բանն այն է, որ նախնական ծրագրերի համաձայն` ադրբեջանական ընդդիմության առաջնորդները իրենց հերթական հավաքը պետք է հրավիրեին օգոստոսի 26-ին՝ վերջնականապես հստակեցնելով առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման հարցը: Ազգային խորհրդի անդամները հույս ունեին, որ մինչ այդ հնարավոր կլիներ հաղթահարել Ռուստամ Իբրահիմբեկովի առաջադրման հետ կապված իրավական խոչընդոտները:

Ազգային խորհրդի անդամներից 17-ը, սակայն, երեկ երեկոյան՝ չսպասելով սահմանված վերջնաժամկետին, հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորաբար նշում էին․ – «Նման կարևորագույն որոշման ձգձգումը խիստ վտանգավոր է և լուրջ ռիսկեր է պարունակում: Նիստի անցկացումը օգոստոսի 26-ին, այն էլ՝ առանց վերջնական որոշում կայացնելու հստակ հեռանկարների, խիստ ուշացած կլինի: Մենք կրկին հայտարարում ենք, որ հարկավոր է շուտափույթ կերպով ընդդիմության պահեստային միասնական թեկնածու առաջադրել, ով ինքնաբացարկ կհայտարարի, երբ լուծվեն Իբրահիմբեկովի քաղաքացիության հետ կապված բոլոր խնդիրները: Արհեստական ցայտնոտի ստեղծումը սխալ է»:

Այսօրվա նիստի շեմին ադրբեջանական ընդդիմությունը հայտնվել է երկփեղկված վիճակում:

Քաղաքագետ Էլդար Նամազովի ղեկավարած EL շարժումը, Միացյալ Նահանգներում բնակվող նախկին վարչապետ Ռասուլ Գուլիևի կողմնակիցներին միավորող Բաց հասարակության կուսակցությունը, Դասական ժողճակատն ու լիբերալները դեմ են շտապողականությանը և պնդում են, որ միևնույն է` միասնական ամենահարմար թեկնածուն Ռուստամ Իբրահիմբեկովն է:

Ավանդական ընդդիմության հիմնական կուսակցությունները` «Մուսավաթ»-ն ու Ժողճակատը, սակայն, համոզված են` կորսված ամեն մի օրը նվազեցնում է ոչ միայն ընտրություններում հաջողության հասնելու, այլև ընդհանրապես դրանց մասնակցելու շանսերը:

Ի դեպ, այսօր առավոտից ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն՝ որպես ընդդիմության պահեստային թեկնածու կարող է առաջադրվել նախկին պատգամավոր, պատմաբան Ջամիլ Հասանլին: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, սակայն, ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում արդեն իսկ հայտարարել է․ – «Հայտնի այս գիտնականի հանդեպ իմ ողջ հարգանքով հանդերձ վստահ եմ` նա հաղթելու որևէ շանս չունի»:
Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031