Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 11 կրթական հաստատություն է վերանորոգվում

Օգոստոս 23,2013 15:56

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվում է 11 դպրոց:
Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Թալին, ծանոթացավ քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման ընթացքին: Ծրագրով հատկացված 120 մլն դրամով հիմնանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը: Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, պատասխանատուները վստահեցրեցին, որ առաջիկայում կավարտվի նաեւ բարեկարգումը:
Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Նոր Եդեսիայի եւ Ապարանի թիվ 1 դպրոցներ, որոնք եւս վերանորոգվում են նույն ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ծրագրով համապատասխանաբար հատկացվել է 52 եւ 70 մլն դրամ: Նորոգման աշխատանքները երկու հաստատություններում էլ մոտենում են ավարտին:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որ աշակերտները կարողանան ուսումնական տարին սկսել վերանորոգված ու բարեկարգ դպրոցներում: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ բոլոր 11 դպրոցներում աշխատանքները մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը կավարտվեն: Հնարավոր է, շարունակվեն դրսի բարեկարգման աշխատանքները, որոնք չեն խանգարի ուսումնական գործընթացին:
Ագարակավան համայնքում Ա. Գեւորգյանը ծանոթացավ մշակույթի տան վերանորոգման ընթացքին, որտեղ եւս աշխատանքներն առաջիկայում կավարտվեն:
Համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին ոռոգման եւ խմելու ջրի մատակարարմանը: Բնակիչները տեղեկացրեցին, որ ոռոգման շրջանում գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ ջրաքանակով ապահովվածության խնդիր են ունեցել, քանի որ համայնքները գտնվում են Արզնի- Շամիրամ ջրանցքի ծայրամասում: Բացի այդ, ըստ բնակիչների, ջրի ծավալների նվազմանը նպաստում են նաեւ մարզում գործող փոքր ՀԷԿ-երը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ոռոգման խնդիրը լուծելու համար կառավարությունում քննարկվում է Եղվարդի ջրամբարի կառուցման, ինչպես նաեւ նոր ջրաղբյուրներ գտնելու հնարավորությունը. այդ դեպքում հնարավոր կլինի Արզնի-Շամիրամ ջրանցքով անգամ ծայրամասային գյուղերին ապահովել ջրի անհրաժեշտ ծավալով:
Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի խնդրին, ապա փոխվարչապետը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության խմելու – կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Փոքր ՀԷԿ-երը կարող են օգտագործել միայն այն ջրաքանակը, որը ոռոգման նպատակով ջրառից հետո ազատ է մնում: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարեց մարզում գործող փոքր ՀԷԿ-երի ղեկավարներին նախազգուշացնել օրենսդրական այդ պահանջի մասին: Նա նաեւ խոստացավ, որ պետական լիազոր մարմինների ուշադրությունը կհրավիրի խնդրի վրա:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031