Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային միջոցառում Իտալիայում

Օգոստոս 23,2013 15:29

Oգոստոսի 18-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում մեկնարկեց «Meeting di Rimin» ամենամյա ֆորումի 34-րդ հանդիպումը, որին մասնակցեցին Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան, Իտալիայի արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, ներքին գործերի եւ տնտեսական զարգացման նախարարները, Իտալիայի խորհրդարանի անդամներ, ԵՄ երկրների մի շարք նախարարներ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Իտալիայի ու մի շարք այլ երկրների քաղաքացիական հասարակության, մշակույթի ոլորտի եւ ակադեմիական շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: 
Ֆորումի 34-րդ հանդիպման ծրագրում ներառված են մի շարք պատմամշակութային, գիտական, ազգագրական ու երաժշտական միջոցառումներ, որոնց թվում էր նաեւ Հայաստանի պատմությանն ու Հայ ժողովրդի ինքնությանը նվիրված «Հայաստանը` քրիստոնեության օրրան» խորագիրը կրող համաժողովը, որի շրջանակներում տեղի ունեցավ անվանի ֆոտոլրագրող Գրացիելլա Վիգոյի «Armenia» ֆոտոգրքի ներկայացումը, ինչպես նաեւ բացվեց Հայաստանին, Արցախին եւ Վենետիկի Սուրբ Ղազար կղզուն նվիրված նույն հեղինակի լուսանկարների ցուցահանդեսը:
Համաժողովին ելույթով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ով անդրադարձավ Իտալիայում հայերի ներկայության գրեթե 1500-ամյա պատմությանը եւ Իտալիայի կայացման ու բարգավաճման գործում նրանց դերակատարությանը, հայ-իտալական ներկայիս բարեկամական հարաբերություններին եւ դրանց հետագա զարգացման հեռանկարներին, Հայաստանի պատմությանը, միջազգային հարթակում նրա ներկայիս դերին ու նշանակությանը:
Դեսպանը նաեւ անդրադարձավ ԵԽ-ում ՀՀ նախագահության շրջանակներում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի գործում Հայաստանի նախաձեռնություններին, ընդգծեց Հայաստանում ընթացող բարեփոխումների կարեւորությունը որպես ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված արդիական պետության գաղափարի իրականացում:
Համաժողովին խոսքով հանդես եկան նաեւ իտալացի անվանի գրող-հրապարակախոս հայազգի Անտոնիա Արսլանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Amber Capital Investment Management հաստատության խորհրդի ղեկավար Ժոզեֆ Ուղուրլյանը եւ «Armenia» ֆոտոգրքի հեղինակ Գրացիելլա Վիգոն:
Համաժողովն ունկնդրեցին ֆորումի շուրջ 5 000 մասնակիցներ:
Համաժողովի շրջանակներում դեսպան Ղազարյանը կարճատեւ զրույցներ է ունեցել Իտալիայի վարչապետ Է.Լետտայի, պաշտպանության նախարար Մ.Մաուրոյի եւ Իտալիայի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր բարձր գնահատականի արժանացրին երկու ժողովուրդների բազմադարյա պատմամշակութային կապերի եւ ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված ներկայիս երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով, որ Իտալիան ջանքեր չի խնայի` Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման գործընթացի եւ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031