Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Օգոստոս 23,2013 15:20

Սարմեն Ղահրամանյան

Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։
Մ. Գալշոյան
«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։
Դյուամել
Ու Էդգարն ասաց, լրջացած-մտածկոտ ասաց՝ Լյովա՛, մի քիչ առաջ-«վերեւում»՝ Թումանյան-Թումանյան էիր անում ու գրքերից էիր խոսում… Ասեմ՝ ես էլ եմ կարդացել… «Գառնուկ ախպերը» կարդացի ու… մի լացել եմ-լացե՜լ, մի լացել եմ-լացե՜լ: Ու էդ է եղել իմ կարդացածը: Էդ է եղել իմ կարդացածը: Դրանից հետո բոլո՜ր գըրքերը փակել ու կողքի եմ դրել: Կողքի եմ դրել բոլո՜ր գրքերը: Ու Աշոտն ասաց՝ բա՝ խի՞ միլիոնատեր չես դարձել՝ գրքից էդքան՝ հեռո՜ւ-փախա՛ծ, բայց էդքան՝ աղքա՜տ-մեռնո՛ւմ ես՝ մի չոփ էլ չունես, որ հաց ուտելուց հետո՝ ատամներդ քչփորես: Ու Էդգարն-ինքն-իր մտմտուքով շարունակեց ու ասաց՝ «Գառնուկ ախպերը» կարդացել-մի լա՜վ լացել ու կողքի եմ դրել գիրքը, կողքի եմ դրել բոլոր գրքերը: Ու ասաց՝ չէ՛՝ սխալվեցի, սխալվեցի՝ մեկն էլ եմ կարդացել՝ «Եղջերուի մահը»… Ու Արտոն ասաց՝ հաաա՜, ափսոսանքով ասաց՜ հաաա՜՝ ես էլ եմ կարդացել՝ «Եղջերուն» էլ ու «Եղջերուի մահն» էլ… ու էդ օրվանից կողքի եմ շպրտել հրացանս, որսորդական հրացանս կողքի եմ շպրտել էդ օրվանից ու էլ որսի չեմ գնում, չեմ գնում էդ օրվանից որսի: Ու Էդգարն-ինքն-իր մտմտուքով ասաց՝ տխո՜ւր բաներ կան էդ գրքերում… Ու Զավոն ասաց՝ ես էլ եմ լացել՝ «Բոռը» կարդալուց… էդ… որ Արթուրը հորն ասում է… «պադրե՜»… լացել ե՜մ: Ու Ռոբիկն ասաց՝ ես էլ… բայց «Մխիթար Սպարապետը» կարդալուց: Էդ, որ մեր Սպարապետի գլուխը մեր գ…-ը կտրում ու թուրք-փաշայի ոտքի տակ են նետում՝ նե՜նց-մի լացե՜լ եմ-լացե՛լ: Ու Լյովան ասաց՝ ես էլ եմ «Մխիթար Սպարապետը» կարդալուց լացել, բայց էդ մասում չէ, էն, որ կռվի օրհասական պահին հեռվից… սանձը կրծող ձիերի քառատրոփ դոփյունից-փոշու մեջ կորած օգնական ուժ է գալիս կռվող ուժերին… ու երկու կողմն էլ չի իմանում՝ ո՞ւմ է օգնության գալիս… ու Դավիթ-Բեկն ինքն-իրեն ասում է՝ միայն Մխիթարն է այդպես-ձիու պարանոցին ձուլված-սուրում… ու էդ պահին հեռվի՜ց, օգնության եկող ուժերից Մխիթար Սպարապետը գոռում է՝ դիմացե՜՛ք՝ «Մխիթարն է»… Ու Լյովան ասաց՝ բայց լավ չեմ հիշում՝ էդ պատկերը «Մխիթար Սպարապե՞տ», թե՝ «Դավիթ Բեկ» գրքերում է նկարագրված, չնայած, ամեն-մի գիրքը երեք-չորս անգամ կարդացել եմ՝ չորրորդ դասարանից: Ու Էդգարը նորից խաղի մեջ մտավ ու ասաց՝ բա՝ մարդ չիմանա է՞լ՝ «Դավիթ Բեկ» կարդալուց է լացե՞լ, թե՞՝ «Մխիթար Սպարապետ», ու ինքն-իրեն-բարձրաձայն ասաց՝ հիմա ես՝ էս լացկանների հետ ե՞մ թուրքի հերն անիծելու: Ու Աշոտն ասաց՝ ա՜յ, էդպես գրքերը հերթով կարդում-հերթով լացում ենք, է՛, որ՝ մի ականջն ու քիթն ի՞նչ է՝ էդ էլ չենք կարում կտրենք: Բա՝ էդ թուրքը գիրք չի կարդո՞ւմ, որ դնում՝ իր նմանի քիթ-ականջն է կտրտում: Ու Էդգարն ասաց՝ դե՜, էդ, դրանց գիրք չկարդացած-անգրագետ-մասն է քիթ-ականջը կտրում, իսկ դրանց գիրք կարդացած-գրագետ մասը՝ միայն կոկորդն է կտրում, հը՞՝ Լյովա՛: Ու Լյովան, արդեն հրամանատար որպես, տղաներին մեկ առ մեկ նայեց ու ասաց, ասաց՝ վե՛րջ՝ ասեցինք-խոսեցինք-հանգստացանք… վե՛րջ… հիմա ամեն մեկդ-ձեր զենքերով՝ ձեր տեղերը… մի մարդու նման՝ իրար օգնելով, իրար պահելով… չորս տարի կռիվ ենք տվել ու չորս տարի ջարդել ենք թուրքին՝ սա էլ՝ հերթական մի բան է մեզ համար ու հերթական մի բան է լինելու մեզ համար ու… ամեն մեկդ՝ ձեր տեղերը:
Ու տղաները՝ մի մարդու նման՝ անցան իրենց տեղերը: Ու ճմլկոտեցին ու նինջ դրեցին, զգաստացան ու կատակեցին, մրսեցին ու կրակ վառեցին-տաքացան, գիշերով իրար ձայն տվեցին ու իրար ոգեւորեցին-ոգեւորվեցին, սառան ու տաքացան, տաքացան ու նորից նինջ դրեցին, մի կարճ պահի նինջ դրեցին ու… տեսա՜ն, տեսա՛ն, որ թուրքը կեսօրից հետո եկավ: Կեսօրից հետո եկավ թուրքը, ու՝ շա՜տ էր, շա՜տ էր՝ տանկերով ու հարձակումն ապահովող հեռահար-դիպուկ ռմբակոծությամբ, նռնականետերով ու ռմբահարությամբ, գնդացիրներով ու ինքնաձիգներով: Շա՜տ էր ու անհամա՜ր էր: Ու թուրքի ադրբեջանցի-ասկյարները՝ հետեւներից գցած թալանչիներով եկան՝ մի սուրո՜ւ, մի սուրո՜ւ, որ ոռնոցով ու հաղթանակած վայնասունով, տոպրակներով ու պարկերով եկան, թալանչու տոպրակներով ու պարկերով եկան, եւ՝ հափռում էին, ճանկռում էին, տղաների կրակահերթերի տակ մի պահ քարանում, գետնին ծեփվում ու նորից-իրենց ասկյարների պոչը բռնած, վայնասունով ու ճվճվոցներով առաջանում էին, քամում էին, գրավված տուն-տան վրա՝ վրա տալիս, ու ոգեւորված ոռնում ու տանում էին: Տանում էին: Թալանում էին: Հայի դարերով չարչարանքը, ապրուստ դառած ինչքն ու կացը՝ տանում էին, սեփականում էին, թալանում էին, վառում էին: Ու ներքնահարկերում-թաքստոցներում անպաշտպան մնացած, շարժվելու անընդունակ-հաշմված-տեղաշորերին գամված հիվանդներին ու ծերունիներին, ու կանանց ու երեխաներին՝ ծաղրում էին, տանջում էին, ծանակում էին, բռնաբարում էին, դանակը կոխում էին փորը եւ փորոտիքը հանում-խանձողներին էին թափում, սյունին կապում ու կենդանի-կենդանի վառում էին, ականջները կտրում ու ճակատին դիմահար կրակում էին, ոգեւորված ոռնում ու կտրված կոկորդից հայի արյունը խմում էին։ Խմում էին հայի արյունը կտրված կոկորդից:
Ու տղաները մի պահ նինջ դրեցին ու նինջի մեջ տեսան, տեսա՜ն նինջի մեջ, որ թուրքը կեսօրից հետո եկավ, կեսօրից հետո եկավ, ու իրենք պատրաստ էին, պատրաստ էին իրենք ու անակնկալի չեկան, եւ ամեն մեկը՝ մի-մի՝ Նժդեհ, Արամ, Անդրանիկ, Մոնթե փաշա դառած՝ անհավասար-բազմաքանակ-վայրենի ուժի դեմ կռիվ տալիս ու կռիվ էր անում: Կռիվ տալիս ու կռիվ էր անում՝ իր սահմանի, իր տեղի, իր տան, իր մոր, իր հարազատների, իր երեխաների, իր Հայրենիքի եւ իր Հողի համար։ Իր Հայրենիքի եւ իր Հողի համար: Փաշավարի կռիվ տալիս ու հերթով նահատակվում էին, հերթով նահատակվում էին փաշավարի: Եւ ոչ մի կռվից առաջ այդ բանաստեղծությունն իրենք Բորիկից չէին խնդրել արտասանել իրենց համար, չէին խնդրել, ու հիմա՝ իրենք ուզեցին, իրենք ուզեցին այդ տողերը լսել, ու Բորիկը լավ էր արտասանում, ու իրենց սրտով էր արտասանում երեկ՝ կռվից առաջ.

Լեցո՛ւր բաժակը՝ խմե՛մ
Գինին հարո՜ւստ հեշտանքին.
Գինով ըլլամ ու կյանքին
Անմտությունը երգեմ…
Լեցո՛ւր, լեցո՜ւր, որ խըմեմ
ՄԱ՛ՀՆ է՝ ահա աչքիս դեմ…

Ու տեսա՜ն, տղաները տեսան, թե ինչպես Բորիկը անհավասար կռվի մեջ գնդացիրը գրկած՝ ճակատը հողին խոնարհած-զարկված-խաղաղվեց։ Տեսա՜ն՝ ինչպես Դավիթն անզորությունից նռնականետը որպես մահակ բռնած՝ տանկի վրա էր գնում, թուրքի տանկի վրա էր գնում նռնականետը որպես մահակ բռնած: Տեսա՜ն՝ ինչպես Բաբկենը անելանելիությունից ու կտաղությունից՝ բաց-բացահար, մարտահրավերի նման, հաղթանդամ-բոյով մեկ-բլրին կանգնել, ոռնալով-գնդացրի կրակահերթ էր դրել թուրքերին, եւ թուրքի տանկի ուղիղ-նշանառու-կրակոցից՝ գնդացրի հետ ցրիվ եկավ-անկտորտանք մնաց: Տեսա՜ն՝ ռմբահարությունից կիսատված Ալյոյին, որ մի ծխախոտ խնդրել, դանդա՜ղ, որպես վերջին հաճույք, ծխում էր, ու ծուխը բաց փորից էր ելնում, եւ նստած, ծխախոտը բերանին, հանգեց-գնաց ծխի նման: Տեսա՜ն՝ Քերծի գլխին խռնված-շփոթահար, մազերը փետող ու իրենց առյուծ-որդիների կռվին մտիկ անող իրենց մայրերին։ Դաստիարակված-նվիրված՝ իրենց առյուծ զավակների կռվին մտիկ անող իրենց մայրերին տեսա՜ն, որ մազերը փետում ու խելագար ողբում էին, ողբում էին իրենց Լեռան-որդիների մահը՝ վա՜յ՝ Դավիթս ընկա՜վ, Ալյոս ընկա՜վ, Լյովաս ընկա՜վ, Վաղոս ընկա՜վ, Գառնիկս ընկա՜վ, Հովսեփս ընկա՝վ, Մանվելս ընկա՜վ, էդգարս ընկա՜վ…
Եւ թուրքը կեսօրից հետո եկավ… Ու տղաները տեսա՛ն, նրանք տեսա՜ն, նինջի մեջ տեսա՜ն, որ տարիներո՜վ սերունդ դաստիարակած, հայի իր՝ սովորույթներին, ավանդույթներին, խնջույքներին, գինարբուքներին հավատարիմ գյուղը՝ դեռ տարիներո՜վ ամայանալու-անարմատ-որբի է նմանվելու, օձերի ու կարիճների է տաքացնելու քարուքանդ տների սեւացած քարերին, դեռ տարիներո՜վ հայի արդար թոնրի ծուխն ու արդար թաժա հացի համն ու հոտն առ երկինք չի բարձրանալու, եւ թաղամասից-թաղամաս թուրքի նման վրա տվող-վայրենացած շների արբեցած ոհմակն է տիրություն անելու պապենական իրենց գյուղում։
Ու տղաները տեսա՜ն, նի՜նջ դրին ու տեսա՛ն, տեսա՜ն, որ իրենք կռվում ու լավ էին կռվում, անհավասար ուժի դեմ իրենք լավ էին կռվում, ու հիմա՝ չկա՛ն՝ նահատակված են: Չկա՛ն՝ նահատակված են: Եւ գալու է, Աչքը Կուշտ Ժամանակը գալու է: Նավթի՜ց, գազի՜ց… գեշ-ամեն-ինչից զերծ-Աչքը Կուշտ Ժամանակը գալու է, ու ամեն-ինչ իր տե՛ղն է դնելու ու ամեն-ինչ իր տե՛ղն է ընկնելու: Եւ ամե՜ն-ինչ իր տե՛ղն է դնելու ու ամե՜ն-ինչ իր տե՛ղն է ընկնելու: Ու տարինե՜ր դառա՛ծ երազանքը՝ իրական է դառնալու: Իրականանալու ու իրական է դառնալու տարինե՜ր դառա՛ծ երազանքը: Իսկ երեկ, կռվից առաջ, Բորիկը մեր բանաստեղծին էր արտասանում, Զարիֆյան էր արտասանում, եւ՝ ի՛նչ լա՜վ էր արտասանում, ու ի՛նչ լա՜վ, ու սրտանց, ու իրենց սրտով էր արտասանում.

Լեցո՛ւր բաժակը՝ խմեմ
Գինին անո՜ւյշ հեշտանքին.
Ալ կծաղրե՛մ այս կյանքին
Սրբությունները դժխեմ;
Լեցուր բաժակը` խմե՛մ
Գինին հարո՜ւստ հեշտանքին.
Գինով ըլլամ ու կյանքին
Անմըտությունը երգեմ…
Լեցո՛ւր, լեցո՜ւր, որ խըմեմ,
ՄԱՀՆ է ահա աչքիս դեմ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031