«Մեր հույսը, մեր հավատը և մեր ապագան մեր երիտասարդներն են, որոնց համար էլ կազմակերպում ենք տարբեր ծրագրեր: Մենք շեշտը դնում ենք երիտասարդների և նրանց կրթության վրա»,- այս մասին այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը:
Տիկին Վարդանյանը խոսեց ամառային երիտասարդական ծրագրի մասին. «Ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից երիտասարդները մեկ շաբաթով գալիս են Հայաստան և աշխատում որպես կամավոր: Նրանք ձեռք են բերում միջազգային փորձ, ծանոթանում Հայաստանի հետ»: Արփի Վարդանյանը նշեց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին կապ ստեղծել Հայաստանի հետ` այդպիսով հասկանալով` թե ովքեր են իրենք:
Անդրադառնալով ծրագրերի կազմակերպման ֆինանսական կողմին` տիկին Վարդանյանը ասաց, որ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը իր ազդեցությունն ունեցավ իրենց միության վրա: «Իհարկե, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ազդեց մեր կազմակերպության վրա, իսկ ո՞ւմ վրա չազդեց: Այժմ մենք փորձում ենք խնայել: Մենք բարեգործական ծրագրեր ենք կազմակերպում, սակայն պարզ է, որ չենք կարող ամեն ինչով օգնել: Օրինակ, երիտասարդները իրենց միջոցներով են գալիս Հայաստան»,- ասաց Արփի Վարդանյանը:
Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Նյու Յորքում գտնվող կատարողական արվեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը խոսեց «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասին, որը տևեց 3 շաբաթ. «Արդեն 2-րդ տարին է, որ Հայաստանում անցկացնում ենք «Երաժշտական Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում տարբեր երկրներից երաժիշտներ են գալիս: Նրանք ծանոթանում են հայկական արվեստին, մշակույթին, ուսումնասիրում դասական, հոգևոր, աշուղական երաժշտությունից մինչև ջազ և ժամանակակից արվեստ»:
Կարդացեք նաև
Պարոն Արսենյանը նշեց, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին իրենց ապագան հյուսել Հայաստանում: «Կան մասնակիցներ, որոնք այստեղ աշխատանքի հրավեր են ստանում և մնում են Հայաստանում: Օրինակ, անցած տարի 7 հոգի մնացին: Այս տարի մեր մասնակիցներից մեկին հրավիրեցին նվագելու Օպերայի և բալետի օրկեստրում: Սա էլ կարելի է համարել ներգաղթի մի հետաքրքիր միջոց»,- ասաց Հայկ Արսենյանը:
Պարոն Արսենյանը խոսեց նաև Սայաթ-Նովայի անվան կոմպոզիտորների միջազգային ծրագրի մասին, որը տեղի է ունենում Փարիզում. «Մասնակիցները ստեղծագործում են մի գործ, որը գրված է դասական գործիքների և հայկական գործիքների անսամբլի համար` օգտագործելով Սայաթ-Նովայի պոեզիայից հատվածներ: Այս տարվա հաղթողը մեքսիկացի երիտասարդ է, որը իր գործը կներկայացնի դեկտեմբերի 7-ին` երկրաշարժի 25-ամյակին նվիրված համերգի ժամանակ»:
ՀԲԸՄ Հայաստանում սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանը ներկայացրեց «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը. ««Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը ավարտվեց երեկ: Այս տարի մասնակիցներ ունեինք տարբեր երկրներից, այդ թվում նաև ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից և այլն: Նրանք երեք շաբաթ անցկացրին Հայաստանում: Այդ ժամանակահատվածում հասցրեցին կատարել տարբեր բարեգործական աշխատանքներ, շինարարական աշխատանքներ, այցելեցին Ղարաբաղ: Ունեցանք նաև հայկական պարի և երգի դասընթացներ և կարճ ժամանակում երիտասարդները կարողացան բեմ բարձրանալ և հայերեն երգել»:
Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ